Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյանն ասում էր. «Ձեր կեղտոտ ոտքերով մի մտեք Հայոց լեզվի սրբայագույն տաճար»

Սեպտեմբեր 20,2017 14:53
vano

«Իմ ժողովուրդ, ես հպարտ եմ քեզնով: Հանրաքվեի ժամանակ առաջ եկավ քո ներքին, իմ համար մի նոր որակ, որի մասին երեւակայել չէի կարող: Նման ազատատենչ ոգի: Ազատությունն ու անկախությունը պետք է հպարտ լինեն, որ ունեն քեզ նման տեր»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում իր հիշողություններով կիսվեց Արամ Մանուկյանը: Նրան բախտ վիճակվեց 26 տարի առաջ ընթերցել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը: Արամ Մանուկյանը կարծում է, որ «դա հայ ժողովրդի ամբարված երազանքի իրացումն էր ու այդ ժամանակ մարդիկ ինտուիտիվ քվեարկում էին միայն իրենց անկախության ու ազատության համար»: Նա անկախության հանրաքվեն համարում է մեր պատմության ամենաերջանիկ ու աստեղային օրը եւ կարծում է, որ օգոստոսի 23-ն իր մեջ ավելի մեծ պատասխանատվություն է պարունակում:

Հայ ժողովրդի անկախացման գործընթացը նա համեմատում է ր Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններից մեկի հետ, որում ուժասպառ առյուծը հավաքում է իր ամբողջ ներուժը եւ հարձակվում գոմեշի վրա, որպեսզի ուտի, բայց նիրհում է: Ասում է`հայ ժողովուրդն անկախություն ձեռք բերեց իր նախնիների եւ հաջորդ սերունդների ամբարված էներգիան դուրս բերելով: «Սա միֆական է, աստվածային ու սա դժվար է բացատրել: Այս իշխանությունների մեծագույն վատությունն այն է, որ մեր ժողովրդին զրկեցին պատմություն կերտելուց, որը խաղաղության հիմքն է: Ազգը, ժողովուրդը պետք է պատմություն կերտի: Սա է սուվերենությունը»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նախկին պատգամավորը նկատում է`անցնող տարիների ընթացքում լեզվի, կրթության, ընտրական գործընթացներում Հայաստանը հետընթացներ է գրանցել եւ դրանք մեր անկախության սպառնալիքներն են այժմ. «Լեզուն մշտապես չերեւացող է, բայց երկրի անկախության, սուվերենության, արժանապատվության կարեւորագույն սյուներից մեկն է: Վանո Սիրադեղյանը մի բան էր ասում՝ «Ձեր կեղտոտ ոտքերով մի մտեք Հայոց լեզվի սրբայագույն տաճար»: Հիմա այս իշխանությունը մտնում է: Մի քանի օր առաջ նվեր արեցին`ռուսաց լեզվի հայեցակարգը հաստատելով: Այսօր գաղտնի ռուսական դասարաններ էլ կան: Ինձ զանգում են մարդիկ, ասում՝ հնարավորություն ունե՞ս միջնորդել, որ երեխաս այդ դասարանում սովորի: Սա անարժանապատության շքերթ է»:

Արամ Մանուկյանը հիշեցնում է`պետությունների զարգացման հիմքը կրթությունն է: «ՀՀ-ում 10 տարի առաջ ավարտում էր 49 հազար դպրոցական, 2012-ին՝ 36 հազար, 2015-ին՝ 25 հազար, 2016 -ին՝ 22 հազար, իսկ երկու տարի հետո կավարտի 11 հազար աշակերտ: Անկախության տարիներին 60 հազար էր: Սա դեմոգրաֆիկ աղետ է, քանի որ վերջ է դրվում նոր ծնելիությանն ու բանակի արտադրությանը: Վերջին տարիներին 13.500 երեխա արտագաղթել է դպրոցից, ԲՈՒՀ-երի վիճակը խայտառակ է: ԲՈՒՀ-երը բարդակության եւ միջակ բիզնեսի մակարդակում են կառավարվում: Ով մի կերպ դպրոցն ավարտում է, բուհ է ընդունվում: ԲՈՒՀ-երն 80 տոկոսով պահում են չարքաշ ծնողները, սակայն պետությունը, 15 տոկոս տրամադրելով՝ ղեկավարում է ԲՈՒՀ-ը, ռեկտորները, ղեկավարները, բոլորը հանրապետական են»:

Իսկ համայնքների միավորումով, ըստ Արամ Մանուկյանի, ամբողջությամբ վերացվում է ՏԻՄ համակարգը: Հիշեցնենք, նոյեմբերին կայանալիք ընտրություններով 30 համայնք միավորվելու է: Բանախոսի կարծիքով, ՏԻՄ համակարգը ոչնչացնելով, ոչնչացնում են նաեւ կրթական համակարգը. «Այն համայնքում, որտեղ դպրոց չկա, համայնքը համայնք չի լինում: Դե, այսօր չեմ խոսում 6 մլրդ պարտքի մասին, ինչն արդեն այլանդակության սահմանն անցավ: Այսօր միայն 60 մլն դոլար ներդրում է եղել, ինչը քսանապատիկ անգամ քիչ է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930