Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր բանակն օր-օրի ուժեղանում է նաեւ ձեր աջակցության շնորհիվ. Արա Բաբլոյանը՝ սփյուռքահայերին

Սեպտեմբեր 20,2017 14:05

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում

Հարգարժան փոխվարչապետ, հարգարժան նախարարներ, համաժողովի հարգելի մասնակիցներ եւ հյուրեր, սիրելի բարեկամներ,

նախ ցանկանում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի անկախության գալիք տոնի առթիվ: Խորհրդանշական է, որ այս համաժողովն անցկացվեց Հայաստանի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի նախօրյակին:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորիդ ակտիվ մասնակցության համար: Վստահ եմ, որ այս համաժողովը մեզ ավելի համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող, համահայկական գործակցությունը խթանող համազգային ձեռնարկ է:

Ընդհանրապես, Հայաստան-Սփյուռք համաժողովները կարեւորագույն իրադարձություն են թե՛ Հայաստանում եւ թե՛ նրա սահմաններից դուրս գտնվող մեր հայրենակիցների համար: Այդ է վկայում նաեւ տարեցտարի ընդլայնվող մասնակցության աշխարհագրությունը:

Այս համաժողովն ընդգրկուն օրակարգ ուներ, որը ներառում էր մի շարք ուղղություններ` տնտեսականից մինչեւ արտաքին քաղաքականություն, հայապահպանություն եւ ազգային անվտանգություն:

6-րդ համաժողովի կարեւոր քննարկումներից մեկն, անշուշտ, վերաբերում էր Համահայկական խորհրդի ստեղծման գաղափարին: Համոզված եմ, որ այդ ապագա կառույցն իր ձեւով ու բովանդակությամբ կարող է լիարժեքորեն մասնակից լինել համահայկական, միասնական օրակարգի ձեւավորման աշխատանքներին:

Հարգելի՛ բարեկամներ,

հայրենիքը սփյուռքի հոգեւոր անվտանգության գլխավոր երաշխավորն է, սփյուռքը` հայրենիքի տարածքային ու տնտեսական անվտանգության ապահովման կարեւորագույն աջակիցը եւ շահառուն:

Այս համատեքստում ցանկանում եմ անդրադառնալ սիրիահայ մեր հայրենակիցներին, որոնց մի զգալի հատված ապաստանել է հայրենիքում: Հայաստան ներգաղթած սիրիահայերը հարստացնում են մեր երկիրը: Մյուս կողմից, անկախ իր գտնվելու վայրից, սիրիահայությունն այսօր հայրենիքի ու Սփյուռքի համատեղ աջակցության կարիքն ունի: Հայաստանի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում օգնում եւ օգնելու է սիրիահայ մեր հայրենակիցներին Սիրիայում, թե այլուր: Պատահական չէ, որ այս համաժողովը՝ որպես համահայկական կարեւորագույն միջոցառում, առանձին անդրադարձավ նաեւ սիրիահայության խնդիրներին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն:

Մենք կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարով ու նոր հնարավորություններով:

Մենք որդեգրել ենք ժողովրդավարության ու կայուն զարգացման ճանապարհը, որից չենք կարող հրաժարվել` անկախ որեւէ իրավիճակից:

Ակնհայտ է, որ աշխարհում ստեղծված ներկայիս տնտեսական եւ քաղաքական վիճակը, սրընթաց ծավալվող իրադարձությունները պարտադրում են ավելի ճկուն եւ արագաշարժ լինել, կատարելագործել քաղաքական ու տնտեսական դիվանագիտության գործիքները:

Ձեզնից շատերը, ապրելով տարբեր երկրներում, մասնագիտորեն ներգրավված լինելով տարբեր ոլորտներում, համոզված եմ, շատ լավ գիտեն այդ ամենի արժեքը: Ձեր անձնական մասնակցությունը, նորագույն գիտելիքների, փորձի եւ հմտությունների կիրառումն օգտակար կարող են լինել ոչ միայն ձեր բնակության երկրներում, որտեղ դուք բավականին մեծ հաջողությունների եք հասել, այլեւ հենց Հայաստանում:

Մեզ համար կարեւոր են ձեր ներուժն ու մասնակցությունը: Միասին պետք է համբերատարությամբ ներդնենք բոլոր ջանքերը, քայլ առ քայլ շարժվենք առաջ եւ ավելի համախմբենք հայկական ուժերը` լուծելու հայկական աշխարհի խնդիրները եւ նոր հնարավորություններ ստեղծենք ավելի լավ ապագայի համար:

Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Սփյուռքի այն կառույցների ջանքերը, որոնք աջակցություն են ցուցաբերում հատկապես սփյուռքի երիտասարդությանը` Հայաստանում որպես կամավորներ աշխատելու, լիարժեք աշխատանք գտնելու կամ որեւէ այլ ձեւով իրենց փորձը եւ գիտելիքներն ի նպաստ հայրենիքի ծառայեցնելու գործում: Շնորհակալ ենք այդ կազմակերպություններին եւ անհատներին, ինչպես նաեւ մեր միջազգային գործընկերներին` իրենց հայանպաստ նվիրումի համար:

Համոզված եմ, որ այստեղ ներկաներից շատերն ունեն գաղափարներ ու առաջարկություններ: Հնարավոր է, որ իրականություն դարձնելու համար անհրաժեշտություն կա դրանք ներկայացնել նաեւ խորհրդարանական ձեւաչափում: Ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դռները բաց են այն բոլոր կառուցողական եւ ողջամիտ առաջարկների համար, որոնք կարող են օգտակար լինել մեր երկրին ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին:

Ինչպես գիտեք, սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային ժողովի դերն առավել քան առանցքային է դարձել: Խորհրդարանական կառավարման համակարգը լիարժեք իրողություն կդառնա գալիք տարի, երբ ուժի մեջ կմտնեն Սահմանադրության բոլոր համապատասխան դրույթները: Ազգային ժողովը երկրի զարգացմանն ու առաջընթացին միտված իր գործունեությունն իրականացնելու է նոր եռանդով եւ ավելի նպատակաուղղված:

Օրենսդիրներիս ջանքերը պետք է միտված լինեն մարդու իրավունքների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը, օրենքի եւ իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը:

Հարգելի բարեկամներ,

առաջընթացի ու զարգացման տարաբնույթ ծրագրերը չեն կարող իրականություն դառնալ խաղաղության ու անվտանգության բացակայության պայմաններում: Դրանք անսակարկելի արժեքներ են, որոնց ցանկացած զիջում կարող է հանգեցնել անուղղելի ճակատագրական հետեւանքների:

Հայաստանի սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից: Ի դեմս ազատ Արցախի Հանրապետության` ավելի քան քառորդ դար անհերքելի իրողություն է հայկական երկրորդ պետության գոյությունը: Աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում մենք ունենք շատ բարեկամներ, ովքեր կիսում են Արցախի ժողովրդի երազանքները եւ սատարում դրանց: Արցախը նաեւ համահայկական երազանքի մարմնավորումն է:

Բոլորդ էլ վստահ եք հայկական զինուժի հուսալիության եւ մարտական բարձր պատրաստականության, մեր զինվորի ու սպայի ոգու վրա: Մեր բանակն օր-օրի ուժեղանում է նաեւ ձեր աջակցության շնորհիվ, որովհետեւ հայրենիքում անվտանգության խնդիր լինելու պարագայում աշխարհի անգամ ամենահեռու անկյունում գտնվող հայը չի կարող հանգիստ լինել:

Սա է ազգ-բանակ գաղափարի ակնառու դրսեւորումը:

Հետեւաբար, որեւէ բանակցություն, քննարկում կամ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքին, Արցախի անկախության եւ անվտանգության գաղափարին, խաղաղության գաղափարին: Սա մեր ներքին ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները միավորող ելակետ է: Այդ մասին երեկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից աշխարհի ողջ հայության անունից հստակ բարձրաձայնեց նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում:

Հարգելի բարեկամներ,

մենք լավ գիտակցում ենք, թե ինչ մարտահրավերներ կան մեր պետության առջեւ` հատկապես հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները եւ տարածաշրջանում առկա խնդիրները: Մենք ելնում ենք առաջին հերթին մեր շահերից եւ նպատակներից` դիվանագիտական միջոցներն ու հնարքներն օգտագործելով դրանք պաշտպանելու եւ առաջ մղելու համար: Որովհետեւ ոչ ոք մեզնից ավելի լավ չգիտի մեր կարիքները, երբեէ մեզնից ավելի շատ չի մտածել ու չի էլ մտածելու մեր այսօրվա ու վաղվա մասին: Մյուս կողմից, մենք չենք փորձում որեւէ երկրի կամ կազմակերպության հետ մեր հարաբերությունները կառուցել ի վնաս այլ երկրների կամ կազմակերպությունների: Մենք վստահելիության եւ հուսալիության բավականին բարձր վարկանիշ ունենք Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ամերիկյան եւ ընդհանրապես մեր բոլոր գործընկերների, այդ թվում` Իրանի եւ Չինաստանի հետ հարաբերություններում` ձգտելով ոչ միայն օգուտ ստանալ այդ համագործակցությունից, այլեւ օգտակար լինել:

Խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը զուգընթաց` ավելի ենք զարգացնելու խորհրդարանական դիվանագիտության ջանքերը եւ ակտիվությունը: Եւ այդ ճանապարհին մենք Սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի, ամբողջ աշխարհում սփռված մեր բարեկամների աջակցության կարիքն ունենք:

Հարգելի՛ բարեկամներ,

եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ: Վստահ եմ, որ այս համաժողովը եւս կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի եւ հարաբերություների զարգացմանը:

Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, հաջողություն եւ առաջընթաց` ի շահ մեր ժողովրդի, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի բոլոր համայնքների:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930