Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարեկամ-եղբայրական հարաբերությունների նրբությունները

Սեպտեմբեր 20,2017 16:00

«Երկու երկրների միջեւ անլուծելի խնդիրներ չկան». սա են տարիներ շարունակ վստահեցնում հայ եւ վրացի պաշտոնյաները

Սեպտեմբերի 11-ին աշխատանքային այցով Երեւան էր ժամանել Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Այս այցը ուշագրավ էր այն առումով, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-11-ը Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցության շուրջ բարձրացած աղմուկից, ինչպես նաեւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո:

Հայաստանի նախագահն ու Վրաստանի փոխվարչապետը անդրադարձել էին տարբեր ոլորտներում հայ-վրացական փոխգործակցությանը եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերին՝ այդ համատեքստում քննարկելով բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: «Սերժ Սարգսյանը եւ Միխեիլ Ջանելիձեն երկկողմ հարաբերություններից բացի` քննարկել են միջազգային կառույցների շրջանակներում հայ-վրացական փոխգործակցությանը, ինչպես նաեւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին»,- ասվում էր նախագահականի տարածած հայտարարության մեջ: Ջանելիձեին ընդունել էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ «նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին երկու հարեւան ու բարեկամ երկրների հարաբերությունները զգալի զարգացում են ապրում»:

Ջանելիձեի երեւանյան այցից օրեր առաջ Բաքվում տեղի ունեցավ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Երեք երկրների արտգործնախարարները պայմանավորվել էին ավելի խորացնել եռակողմ համագործակցությունը տնտեսության, մասնավորապես՝ էներգետիկ, նաեւ քաղաքական ոլորտներում: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի գնահատմամբ՝ «օրինակելի ձեւաչափով բանակցությունների շրջանակներում» կողմերը քննարկել են տարածաշրջանային համատեղ ծրագրերը, այդ թվում` «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարությունը: Այս ծրագրի իրականացումը, հիշեցնենք, շարունակվում է արդեն շուրջ 10 տարի։ Ի սկզբանե ծրագրվել էր երկաթուղին շահագործման հանձնել 2011-ին, սակայն ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են: Նախատեսվում է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին տարածաշրջանում կխթանի տնտեսական զարգացումը, կնպաստի խաղաղությանն ու կայունության ամրապնդմանը։

Վրաստանը հարեւաններից երկուսի հետ իրականացվող ծրագրի կարեւորությունը պայմանավորել էր «տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությամբ»: Միխեիլ Ջանելիձեն, Բաքվում ամփոփելով իր թուրք եւ ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումները, ընդգծել էր՝ իրենք երեք հարեւաններով միջազգային ասպարեզում բավական արդյունավետ են համագործակցում, աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն իր հերթին վերահաստատել էր. «Երեք երկրներն աջակցում են միջազգային իրավունքի հիմք հանդիսացող՝ տարածքային անձեռնմխելիության սկզբունքին»: Նա հավելել էր, որ այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում «Ադրբեջանի հետ կապված երկու հարց կներառվի»՝ առանց հստակեցնելու այդ հարցերի բովանդակությունը:

Ի դեպ, Թուրքիայի եւ Վրաստանի արտգործնախարարների վերոնշյալ հայտարարությունները հնչեցին այն բանից հետո, երբ նախարար Մամեդյարովի մակարդակով պաշտոնական Բաքուն հորդորեց Անկարային ու Թբիլիսիին ընդլայնել հակամարտությունների կարգավորման հարցում փոխգործակցությունը: «Անկասկած, մենք հանդես ենք գալիս դիվանագիտական ճանապարհով հակամարտությունների կարգավորման օգտին: Հակամարտությունների հարցը քննարկվում է բոլոր միջազգային կազմակերպություններում, եւ կարծում եմ, որ մենք պետք է էլ ավելի ընդլայնենք այդ հարցում համագործակցությունը»,- Բաքվում հայտարարել էր Մամեդյարովը՝ եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Թեմայից հետ չմնաց նաեւ Անկարան: Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին Լեռնային Ղարաբաղին եւ Աբխազիային վերաբերող հարցերում միասնաբար հանդես կգան՝ նշել էր Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն նույն ասուլիսում` հավելելով. «Մենք Նյու Յորքում միասին կընդգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով եւ երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Թերեւս Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշինքի ամրապնդման մասին հավաստիացումները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեք երկրների կողմից ղարաբաղյան եւ աբխազական խնդիրների վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում արտահայտելու պատրաստակամությունը հայ-վրացական հարաբերություններում որոշ ճշգրտումներ անելու առիթ են հանդիսացել, եւ պաշտոնական Թբիլիսին որոշել է այդ հայտարարություններից հետո Երեւան գործուղել փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Եթե պաշտոնական Երեւանին ավելի վաղ էին տեղեկություններ հասել, որ ՄԱԿ-ի ԳԱ-ում Վրաստանը նման համերաշխություն է ցուցաբերելու, ապա չի կարելի բացառել, որ հենց դրա հիմքում Հայաստանը որոշած լինի սեպտեմբերի 3-11-ը Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին չմասնակցել:

Տարիներ շարունակ վրաց բարձրաստիճան պաշտոնյաների` Երեւան կատարած այցերի ժամանակ հրավիրված մամլո ասուլիսներում, հայ-վրացական բանակցությունների վերաբերյալ տարածած հաղորդագրություններում մշտապես նշվում է հետեւյալ միտքը՝ «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել երկխոսության ճանապարհով», Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունները մշտապես ընդգծում են` «երկու երկրների միջեւ անլուծելի խնդիրներ չկան», շեշտում են «երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը», «հայ եւ վրացի ժողովուրդների պատմական սերտ կապերն ու ամուր բարեկամությունը», ինչպես նաեւ համագործակցության խորացման կարեւորությունը:

Այս տարվա հունիսի 30-ին ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դարձյալ վստահեցրեց, որ հայ-վրացական հարաբերություններում խնդիրներ չկան: «Հայաստանը կարեւորում է Վրաստանի հետ հարաբերությունները եւ հարաբերություններն այդ երկրի հետ զարգացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում»,- պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ ասաց նա` հավելելով. «Մենք բազմիցս ասել ենք, հիմա էլ կրկնեմ՝ չկան խնդիրներ, կան հարցեր, ինչը բնական է հարեւան երկրների միջեւ: Դրանք բազմաթիվ են, եւ մենք կառուցողական հունով լուծում ենք դրանք»:

Փաստը, որ Երեւան ժամանեց Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, եւ ՀՀ իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում արձանագրվեց, որ «երկկողմ հարաբերություններից բացի՝ քննարկել են միջազգային կառույցների շրջանակներում հայ-վրացական փոխգործակցությանը, ինչպես նաեւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր», հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին հաջողվել է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, փոխըմբռնումների հասնել հարցերում՝ ինչպես ՄԱԿ-ի ԳԱ-ում հնարավոր զարգացումների, այնպես էլ Վրաստանում Հայաստանի նշանակման ագրեմանի ստացման վերաբերյալ, որն արդեն չորս ամիս ձգվում է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

20.09.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930