Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 18-ին՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի բացմանը, անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը՝ խոսել էր Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հնարավորության մասին. «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը եւ անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու եւ սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծում»:
Արցախի Հանրապետության պաշտոնական տեսակետը ստանալու նպատակով «Ժողովուրդը»-ը զրուցեց ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
– Իսկ ո՞ր տարածքների մասին է խոսքը, որ պատրաստվում ենք հանձնել։
– Երբ խոսում ենք տարածքների մասին, նախ եւ առաջ հանրությունը պետք է իմանա, թե ինչ ունի։ Սա շատ կարեւոր է։ Նորից վերադառնանք բազմաթիվ անգամ քննարկված հարցերին, ասենք՝ Քարվաճառի շրջանին։ Այդտեղ սկիզբ են առնում ջրային պաշարների 85 տոկոսը, Արփա եւ Որոտան գետերը, որոնք սնում են Սեւանա լիճը, իսկ նա Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսն է կազմում։ Եթե Արփան եւ Որոտանը թունավորեն, Սեւանը թունավորեն, Հայաստանը կապույտ ցեղասպանության առջեւ կկանգնի։
Աստված մի արասցե, եթե Ադրբեջանը վերցնի այդ տարածքները, մեզ թունավորելու է, ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ, խորհրդային տարիներին եւ հիմա էլ հայտարարում է, որ հայերն այնտեղ թաղում են Մեծամորի ատոմակայանի թափոնները։ Սա ոչ թե ամբիցիաների, այլ զուտ անվտանգության խնդիր է։
– Զիջման ի՞նչ շեմի մասին է խոսքը, պարոն Բաբայան։
– Պետք է հստակ պատկերացնել մեկ բան. չի կարող լինել զիջում։ Այդ բառն ուղղակի անթույլատրելի է։ Եթե մենք խոսում ենք այնպիսի հարցերի մասին, ինչպիսին է սահմանների հստակեցումը, կոռեկցիան, որովհետեւ դրանից մենք չենք կարող խուսափել, Ադրբեջանը անընդհատ դա է պնդում։ Իհարկե, սա չի նշանակում, որ Ադրբեջանի ասածը մեզ համար ընդունելի է։ Եթե խոսում ենք սահմանների մասին, դա միայն այն չէ, որ Ադրբեջանը պահանջում է ներկայիս Արցախյան Հանրապետությունից, դա նաեւ Հյուսիսային Արցախի խնդիրն է, Շահումյանի խնդիրն է, Մարտունու եւ Մարտակերտի հատվածներն են, այսինքն՝ սա շատ բարդ հարց է, ընդհանուր առմամբ՝ 20-ից 25 քկմ տարածքների մասին։
Եթե նրանք ուզում են այս ձեւով, ապա որեւէ կերպ չի կարող խախտվել մեր անվտանգությունը։ Եվ քանի որ Ադրբեջանը մեզանից պարզապես պահանջում է միակողմանի զիջումներ, խոսել այս հարցի մասին, որ արդեն ինչ-որ բան պայմանավորված է, անիմաստ է։ Ադրբեջանն ուզում է, որ մենք տարածք զիջենք խոստման դիմաց։ Խոստման դիմաց տարածք չեն զիջում։ Խոստման դիմաց խոստում են տալիս, այսինքն՝քայլերը պետք է համարժեք լինեն։
Զրուցեց Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում