Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իսկ նախարարներն ինչո՞ւ չերթևեկեն հեծանիվներով ու հենց մայրաքաղաքներում»․ Վրաստանի փոխնախարարը՝ հայ պաշտոնյաներին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 20,2017 12:21

Երեկ պաշտոնապես մեկնարկեց հայ-վրացական անդրսահմանային էկոպաշտպանական ծրագիրը, որը իրականացվում է գերմանական կառավարության աջակցությամբ։ Դեռևս 2003 թվականին Հայաստանն ու Վրաստանը համաձայնել են համատեղ բնապահպանական միջոցառումներ սկսել՝ այս երկու երկրների միջև գտնվող անդրսահմանային Շիրակ-Ջավախք բնապահպանական տարածքի սահմաններում ազգային պարկեր՝ հատուկ պահպանվող տարածքներ ստեղծելով։ Արդյունքում Վրաստանում ստեղծվել է «Ջավախեթի» ազգային պահպանվող տարածքը, իսկ Հայաստանում գործում է «Արփի լիճ» ազգային պարկը։

Նշենք, որ «Արփի լիճ» ազգային պարկը ներառում է մոտ 22 հազար տարածք, ունի 140-ից ավելի թռչնատեսակներ, 600-ից ավելի բուսատեսակներ։ Այս մասին իր ելույթներից մեկում նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Իսկ լրագրողների հետ զրույցում նախարարը պարզաբանեց, որ այս երկու պարկերը միասին մեկ էկոհամակարգի մեջ են գտնվում։ «Իսկ դա նշանակում է, որ կենսաբազմազանությունը պետք է հավասարաչափ և նույն ձևով թե՛ մոնիտորինգի ենթարկվի, և թե՛ պահպանության նոր ռեժիմ իրականցվի։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն կենսաբազմազանության պահպանություն իրականացնել, այլ նաև, և հիմնականում նպաստելու է համայնքների զարգացմանը։ Այն համայնքները, որտեղ գտնվում են այս ազգային պարկերը, անմիջականորեն ներգրավվելու են պահպանության գործառույթում՝ ունենալով և ստանալով էկոհամակարգերից եկամուտներ, ի տարբերություն այն դեպքերի, երբ բնական ռեսուրսները և շահագործվում են ՝ սկսած արոտավայրերից, ավարտված ջրային տարածքների գերշահագործումները։ Եվ այս ծրագրի նպատակը խթանել, որպեսզի համայնքները ներգրավվելով հանդերձ ստեղծեն բնական միջավայրին համապատասխան օգտագործման կանոններ, կայուն օգտագործման ռեժիմ։ Մեր գլխավոր խնդիրներից մեկը համագործակցություն տանել այն ուղղությամբ, որ ունենանք սահմանված կանոններ, վայրի բնության համաշխարհային կազմակերպության ստանդարտներին համապատասխան իրականացնենք պահպանություն։ Մյուս կողմից սա նաև հնարավորություն է տալիս, որպեսզի էկոտուրիզմը զարգանա ռեգիոնում։ Օրինակ՝ թռչնադիտարկումն աշխարհում մեծ պահանջարկ վայելող ուղղություն է, շատերը մեծ ցանկություն ունեն, որպեսզի այցելեն թռչնադիտումների համար կամ բուսատեսակների ուսումնասիրության առումով»։

Ըստ նախարարի, սա տարածաշրջանային ջանքերի միավորմանը միտված ծրագիր է։ Նշենք, որ ըստ նախնական պայմանավորվածության, այս ծրագրին պիտի մասնակցեր նաև թուրքական կողմը, սակայն Թուրքիան անարձագանք է թողել՝ որևէ հիմնավոր տեղեկատվություն չտրամադրելով այն մասին, թե ինչու չի մասնակցում։ Մեր դաշնակցական նախարարն էլ սա մեկնաբանում է նրանով, որ Թուրքիայի առաջնահերթությունների մեջ չի մտել այս ծրագիր։ Այդուհանդերձ, ըստ Արծվիկ Մինասյանի, հայ-վրացական ակտիվ համագործակցությունը կհանգեցնի նրան, որ Թուրքիան նույնպես ցանկություն կհայտնի մասնակցելու։

Ըստ Արծվիկ Մինասյանի, այս համագործակցությամբ հնարավոր է զարգացնել տնտեսական հարաբերություններն այս երկրների միջև՝ հիմնվելով բացառապես էկոհամակարգային մոտեցումների վրա։ «Ես համոզված եմ, որ այս ծրագրերը, որոնք ունեն շարունակական ու հաջորդական բնույթ, առաջիկայում ձևավորվելու են տարածաշրջանում մի միջավայր, որտեղ պահպանվելու է մեր բնությունը, կենսաբազմազանությունը, և մեր մարդիկ կարողանալու են իրենց եկամուտը վաստակել հենց բնությունը պահպանելու միջոցով», ասում է նախարարը։

Ինչևէ, երեկ Վրաստանում ու Հայաստանում Գերմանիայի Դաշնության Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպանների, KFW բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչների, բնության համաշխարհային հիմնադրամի, Հայաստանի ու Վրաստանի բնապահպանության պատասխանատուների՝ նախարարների ու փոխնախարարների մասնակցությամբ նախ Ջավախքում, այնուհետ Շիրակի մարզում տեղի ունեցավ «Արփի լիճ» և «Ջավախեթի» պահպանվող տարածքների ազգային պարկերի անդրսահմանային միջոցառումը։ Հնչեցին տարբեր ելույթներ։

Ծրագրի բացմանը մասնակցում էին նաև հայ ու վրացի հեծանվորդները։ Նրանք մեկնարկեցին անդրսահմանային երթուղու բացումը ՝ Վրաստանից հեծանիվներով Հայաստան անցնելով ու ցույց տալով, որ էկոհամակարգի պահպանման համար պետք է երթևեկել հեծանիվով, բացի այդ պահպանվող տարածքներում պետք է զարգացնել հեծանվային տուրիզմը։

Ի դեպ, հայ պաշտոնյաների կողմից առաջարկ հնչեց բնությունը պահպանելու նպատակով հատուկ պահպանվող տարածքներում երթևեկել միայն հեծանիվներով։ Այս առաջարկին ի պատասխան՝ Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների փոխնախարարուհի Եկատերինա Գրիգալավան արձագանքեց այսպես․«Ոչ միայն պահպանվող տարածքներում, ես կերազեի, որ այդ փոխադրամիջոցն օգտագործվեր մեր նախարարների ու նախարարության աշխատակիցների կողմից մեր մայրաքաղաքներում։ Եկեք փոխեք մեր փոխադրամիջոցը»։

Վրաստանի Մադաթափա լիճ այցելելուց հետո հյուրերը տեղափոխվեցին Շիրակի մարզ՝ լինելով Ղազանչի համայնքում գտնվող «Արփի լիճ» ազգային պարկի այցելուների կենտրոն, այնուհետ այցելեցին Մեծ Սեպասար համայնքի զբոսաշրջության կենտրոն, որտեղ տեղի ունեցավ հեծանվորդների մրցավազքի պարգևատրման արարողություն, իսկ Ամասիայում մասնակցեցին գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացման արարողությանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930