Այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին իր ելույթում վստահեցրեց. «Մենք կառուցում ենք նոր Հայաստան՝ նոր հեռանկարով եւ նոր հնարավորություններով»: Նա ասաց, որ Հայաստանն ընտրել են ժողովրդավարության, կայուն զարգացման ճանապարհը եւ այդ ճանապարհին շատ կարեւոր են սփյուռքի ներուժն ու համբերատարությունը: Պետք է ավելի համախմբել հայկական ուժերը՝ խնդիրները լուծելու եւ նոր հնարավորություններ ստեղծելու ապագայի համար:
Պարոն Բաբլոյանը Սփյուռքի երիտասարդությանը հրավիրեց՝ ՀՀ-ում կամավոր աշխատելու, իրենց փորձը ներդնելու հայրենիքին ծառայեցնելու գործում: Նա նաեւ հրավիրեց սփյուռքահայերին խորհրդարան. «Հնարավոր է, որ շատերի առաջարկությունները ներկայացվեն նաեւ խորհրդարանական ձեւաչափով: ԱԺ–ի դռները բաց են բոլոր մարդկանց, կազմակերպությունների կառուցողական եւ ողջամիտ առաջարկությունների համար, որոնք կարող են օգտակար լինել մեր երկրի համար»:
Արա Բաբլոյանի խոսքով, Սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման ենք անցել եւ արդեն ԱԺ-ն երկրի զարգացման եւ առաջընթացին միտված իր գործունեությունը իրականացնելու է նոր եռանդով:
Խոսելով Արցախի մասին՝ Արա Բաբլոյանը նշեց. «Այս պահին ուղղաթիռը մեկնում է Արցախ՝ տարբեր երկրներից պատգամավորներ տանելով: Մեր բանակն օր օրի ուժեղանում է նաեւ ձեր աջակցության շնորհիվ, աշխարհի ամենահեռուն գտնվող հայը պատերազմի ժամանակ չի կարող հանգիստ լինել, սա է ազգ-բանակի դրսեւորումը»:
Ամփոփելով իր խոսքը՝ Արա Բաբլոյանն ասաց. «Սփյուռքի մեր եղբայրների եւ քույրերի, ամբողջ աշխարհում սփռված մեր բարեկամների աջակցության կարիքն ունենք: Վստահ եմ, որ այս համաժողովը կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի զարգացմանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ