Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանում հավելյալ 2-2.5 մլն աշխատուժի պահանջարկ առաջանա, ապա մենք իսկապես կդառնանք 4 մլն բնակչությամբ երկիր. «Ժամանակ»

Սեպտեմբեր 20,2017 10:46

Եթե Հայաստանի կառավարությունը իսկապես կատարի իր խոստումը, և Հայաստանում իրականացվի թեկուզ 3 մլրդ դոլարի ներդրում, աշխատաշուկայում առկա պահանջարկի այնպիսի աճ է արձանագրվելու, որ առանց դրսի աշխատուժի ակտիվ ներգրավման հնարավոր չի լինելու ապահովել այդ ձեռնարկությունները բավարար աշխատուժով: Չի բացառվում, որ ներգաղթը խթանելու մասին օրենքի անհրաժեշտություն առաջանա, որը կվերաբերի բոլոր նրանց, ովքեր Հայաստանում աշխատելու և ապրելու ցանկություն կունենան:

Բանգլադեշում ամենածանր աշխատանք կատարող բանվորը վաստակում է օրական առավելագույնը 2 դոլար, ԱՄԷ-ում աշխատող հնդիկները վաստակում են լավագույն դեպքում օրական 10 դոլար, այն դեպքում երբ կատարում են ամենաբարդ շինարարական աշխատանքներ: Ի դեպ, ԱՄԷ-ը աշխատանքային միգրացիայի ամենատիպիկ օրինակն է. այդ երկրի բնակչությունը կազմում է 1 միլիոնից մի փոքր ավելի, մինչդեռ երկրում ապրում և աշխատում է ամենատարբեր հաշվարկներով՝ մոտ 5 միլիոն օտարերկրացի, հիմնականում Աֆղանստանից, Պակիստանից, Հնդկաստանից և Չինաստանից, նաև ԵՄ երկրներից: Հիմա ի՞նչ, ԱՄԷ-ը 1-միլիոնանո՞ց, թե՞ 6-միլիոնանոց երկիր է, թեև այդ երկիրը աշխատանքային միգրանտներին քաղաքացիություն չի շնորհում: Այդ ամենը տեղի է ունեցել վերջին 20-30 տարվա ընթացքում՝ շնորհիվ տնտեսական բուռն աճի:

Հայաստանի դեպքում սա միֆ է թվում, բայց բավարար է, որ երկրի տնտեսական կյանքում փոքր-ինչ աշխուժություն նկատվի, աշխատանքային միգրանտներն իրենք կհեղեղեն երկիրը, որովհետև նույն Բանգլադեշի բնակչության համար Հայաստանի առողջապահությունը, կրթությունը և սոցիալական ապահովության համակարգը անհամեմատ ավելի բարձր է իր բնակության երկրից: Նա ԵՄ չի կարող հասնել, բայց դրա փոխարեն՝ Հայաստան կարող է: Ժամանակին ամերիկյան հարավի լատիֆունդիստները բամբակ և ծխախոտ աճեցնելու համար Աֆրիկայից էին նեգր ստրուկներ ներմուծում աշխատող ձեռքի պակասը լրացնելու համար, այսօր ստեղծել են Գրին քարտի համակարգը, որը նույն նպատակին է ծառայում։ Ռուսաստանը տաջիկներ է ներմուծում փողոցների մաքրությունը ապահովելու համար և հայեր, ուկրաինացիներ ու մոլդովացիներ՝ շինարարության մեջ առկա աշխատուժի պահանջարկը լրացնելու համար:

Եթե մինչև 2040 թ. Հայաստանի տնտեսությունն այնպիսի աճի տեմպեր դրսևորի, որ Հայաստանում հավելյալ 2-2.5 մլն աշխատուժի պահանջարկ առաջանա, ապա մենք իսկապես կդառնանք 4 մլն բնակչությամբ երկիր, և Սերժ Սարգսյանի հնչեցրած միտքը կլինի ոչ թե քարոզչական միֆ, այլ իրականություն: Ի դեպ, նա երբեք չի ասել, թե այդ 4 միլիոնն էլ պետք է հայեր լինեն:

Շատերը կարող են ասել, որ դա այլևս չի լինի Հայաստան, որովհետև օտարերկրացիները կամ ոչ հայերը ավելի շատ կլինեն հայերից: Բայց մի՞թե ԱՄՆ-ում սպիտակները փոքրամասնություն չեն, կամ Ռուսաստանում ռուսներն ավելի քիչ չեն մյուս ազգերից, ու չնայած դրան ԱՄՆ-ը չի դադարում լինել ամերիկացիներինը, իսկ Ռուսաստանը՝ ռուսներինը: Խելոք և ուժեղ ազգերը օգտագործում են ուրիշների աշխատուժը իրենց երկիրը կառուցելու համար, իսկ մեր նմանները ծառայում են որպես աշխատուժ:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930