Դեղաբույսերի մեջ վաղենակը` kалендула, հայտնի է բժշկության մեջ մի շարք հիվանդությունների բուժմամբ: Այս բույսի ծաղիկները օժտված են հակաբորբոքային, վերքերը լավացնող, հյուսվածքները վերականգնող, կարդիոտոնիկ եւ հանգստացնող ազդեցությամբ, բացի այդ` մանրէասպան հատկություն են դրսեւորում ստաֆիլակոկների, տրիխոմոնադների վրա եւ հականեխիչ, լեղամուղ ու սպազմոլիտիկ՝ ներքին ընդունման դեպքում: Արտաքին օգտագործման համար կիրառվում են ստոմատոլոգիայում՝ բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների ժամանակ, գինեկոլոգիայում՝ արգանդի վզիկի էրոզիաների, կոլպիտների բուժման համար, ինչպես նաեւ թարախային վերքերի, այրվածքների, մանր քերծվածքների, ֆուրուկուլյոզի՝ մազարմատի թարախային բորբոքման ժամանակ:Վաղենակը կիրառվում է նաեւ սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են սրտխփոցով, հեւոցով, այտուցներով: Այն օժտված է հանգստացնող եւ հիպոտենզիվ՝ իջեցնում է արյան բարձր ճնշումը, ազդեցությամբ:
Դեղատոմսեր եւ պատրաստուկներ
Անգինաներ՝ նշագեղձերի բորբոքում
10 գրամ վաղենակի ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 4-6 ժամ, քամել: Ստացված ջրաթուրմի 1 ճաշի գդալը լուծել 0,5 բաժակ գոլ ջրում: Կատարել ողողումներ՝ օրը 5-6 անգամ:
Ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ
2 ճաշի գդալ ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել եռացող ջրաբաղնիքի վրա 15 րոպե՝ հաճախակի խառնելով, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել: Ջրաթուրմի ծավալը տաք ջրով հասցնել սկզբնականին: Ընդունել տաք վիճակում 1-2 ճաշի գդալ՝ օրը 2-3 անգամ:
Որպես լեղամուղ
1 ճաշի գդալ ծաղիկներին ավելացնել 1 բաժակ 70 տոկոսանոց սպիրտ, թրմել մութ տեղում՝ 4 օր, քամել: Ընդունել 1 թեյի գդալ՝ օրը 2 անգամ՝ 1 բաժակ գոլ ջրով:
Առիթմիաներ, հեպատիտ
2 թեյի գդալ ծաղիկներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թրմել 1 ժամ, քամել: Ընդունել 0.5 բաժակ՝ օրը 4 անգամ:
Ալերգիաներ
10 գրամ ծաղիկներին ավելացնել 0,5 բաժակ եռման ջուր, թրմել թերմոսում 1-2 ժամ, քամել: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 2-3 անգամ:
Արտաքին կիրառում
1. 5 գրամ ծաղիկներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, թրմել 1 ժամ սենյակային ջերմաստիճանում, քամել: Օգտագործել թրջոցների ձեւով այրվածքների, խոցերի, միջատների կծելուց առաջացած քորի դեպքում:
2. 10 գրամ մանրացված ծաղկազամբյուղներին ավելացնել 20 գրամ 40 տոկոսանոց սպիրտ՝ օղի, թողնել մութ տեղում 1 շաբաթ: Ստացված թուրմին խառնել 20 գրամ լանոլին եւ 10 գրամ վազելին: Օգտագործել մաշկի ախտահարված հատվածներին քսելու համար:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
19.09.2017