Մեր զրուցակիցն է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը
– Պարոն Մելիքյան, Դուք վերջերս 3-շաբաթյա այցով Անկարայում էիք: Անցյալ տարվա հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո ակնհայտ է, որ Էրդողանը գնում է իշխանության ամրացման: Որո՞նք են այդպիսի Թուրքիայի առաջնահերթությունները տարածաշրջանային քաղաքականությունում: Ամրացող Էրդողանին էլ ի՞նչ է պետք:
– Էրդողանը շատ վախեցած է եւ մտահոգ տեղի ունեցածով եւ, առավել եւս, անհանգստացած է, որ չի կարողանում չեզոքացնել իր երբեմնի գործընկեր եւ դաշնակից, իսկ այժմ ոխերիմ դարձած թշնամի Ֆեթուլա Գյուլենի գործունեությունը՝ մեղադրելով նաեւ ԱՄՆ-ին Գյուլենին աջակցելու համար: Հեղաշրջման փորձը կամ նման մասշտաբի գործողությունը որքանով անսպասելի, այնքանով էլ սպասելի էր Էրդողանի համար, ով սկսած 2007-2013 թթ. ժամանակահատվածից, երբ ինքը եւ իր ընտանիքի անդամները հայտնվեցին կոռուպցիոն մեծ սկանդալների կիզակետում, իշխանության պահպանման համար համառ եւ կոշտ պայքար էր մղում գյուլենականների դեմ: 2016թ. հուլիսի 15-ն ինչ-որ առումով շրջադարձային եղավ հատկապես Թուրքիայի ռազմական եւ քաղաքական համակարգերում կադրային փոփոխություններ մտցնելու, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության դժգոհությունների աճի եւ աջականների եւ ձախականների միջեւ պայքարի սրման առումով: Արտակարգ դրությունը, որը մտցվեց անմիջապես հեղաշրջման փորձից հետո 3 ամիս ժամկետով, եւ որը, սակայն, ձգվում է մինչեւ օրս, բնութագրում է հետհեղաշրջման ժամանակահատվածի Թուրքիան: Այսինքն՝ ուժեղացել է վերահսկողությունը պետական հատվածի աշխատողների վրա, որոշակիորեն, ոչ ամբողջովին, սահմանափակվել են խոսքի եւ մամուլի ազատությունները, իսկ հասարակության որոշ հատվածներ ունեն ձերբակալվելու կամ հեղաշրջման փորձին նպաստելու կամ աջակցելու մեղադրանքի տակ հայտնվելու մտավախություններ:
Հետհուլիսյան Էրդողանի կարեւորագույն առաջնահերթությունը 2019թ.-ի նախագահական ընտրության ժամանակ հաղթանակ տանելն է: Սակայն միեւնույն ժամանակ պետք չէ խտացնել բոլոր գույները եւ ընդհանրացնել այդ զարգացումները, այդ թվում եւ իսլամական տրամադրությունների աճը, որքան էլ որ հայ եւ այլ փորձագետներ պնդեն դա: Իսլամի աճը Թուրքիայում գրեթե նույնքան արհեստական է, ցուցադրական եւ մտածված, որքան ուղղափառության աճը՝ Ռուսաստանում: Այն վերահսկողության արդյունավետ միջոց է ոչ ժողովրդավարական առաջնորդների համար: 2019-ի ընտրության ժամանակ հաջողության հասնելու համար Էրդողանը, ի շարս այլ միջոցների եւ մեթոդների, գործի է դնում իսլամը՝ որպես հին եւ փորձված գործիք:
Ինչ վերաբերում է Թուրքիայի առաջնահերթություններին, դրանց մեջ մտնում են սիրիական ճգնաժամը, Սիրիայի փախստականների հարցը, քրդական հիմնախնդիրը, ԱՄՆ-Թուրքիա եւ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, ինչպես նաեւ տնտեսական մարտահրավերները:
– Թուրքիա-Գերմանիա, ընդհանրապես` Թուրքիա-ԵՄ երկրներ, Թուրքիա-ԱՄՆ փոխհարաբերություններում սրման բազմաթիվ առիթներ ենք տեսնում: Արեւմուտքի նպատակը ո՞րն է` Թուրքիային ավելի՞ վանել, թե՞ ավելի կոշտ քաղաքականության արդյունքում որոշակի ճնշումներով կանխատեսելի գործընկեր դարձնել:
– Թուրքիան, ինչպես եւ շատ այլ երկրներ, ջանում է ունենալ բազմավեկտոր հարաբերություններ հնարավորինս մեծ թվով երկրների հետ: Այդ շարքում ԵՄ երկրները եւ ԱՄՆ-ն առանձնահատուկ տեղ եւ նշանակություն ունեն: Այդ հարաբերությունները զարգացել եւ խորացել են Արեւմուտք-ԽՍՀՄ խոր հակասությունների ֆոնին, որտեղ Թուրքիան ուներ մեծ դերակատարություն Արեւմուտքի համար: Սխալ կլինի այլ հայ փորձագետների հետ միասին պնդել, որ Թուրքիան կորցրել կամ շուտով կկորցնի այդ դերակատարությունը եւ նշանակությունը: Խնդիրները շատ են, սակայն դրանք գործընկերային խնդիրներ են, որոնք ավելի են բարդանում հատկապես Էրդողանի անձի հետ շփումներում: Այսինքն՝ խնդիրը կոնկրետ Էրդողանի հետ է եւ ոչ թե Թուրքիայի, ինչպես եւ՝ Ռուսաստանի պարագայում, որտեղ հիմնական խնդիրներ ստեղծողն այդ երկրի ղեկավարն է: Իհարկե, Թուրքիայի եւ Ռուսաստանի պարագայում քաղաքական իշխանությունը եւ պետությունը սերտաճած են, բայց ի տարբերություն Ռուսաստանի՝ Թուրքիայում կան շատ լուրջ քաղաքացիական հասարակություն եւ ոչ իշխանամետ քաղաքական հոսանքներ, որոնք լրջորեն անհանգստացնում են Էրդողանին:
Այո՛, Թուրքիան լուրջ տարաձայնություններ ունի Արեւմուտքի հետ, սակայն այդ ե՞րբ այն խնդիրներ չի ունեցել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ: Ինչ խոսք, Արեւմուտքը կցանկանար տեսնել շատ ավելի կանխատեսելի եւ ժողովրդավար Թուրքիա, սակայն վերջինիս աշխարհաքաղաքական եւ տնտեսական կարեւորությունն ավելի գերակշիռ է ամերիկյան եւ եվրոպական հայեցակարգերում:
– Թեեւ շատերի համար է հասկանալի, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Էրդողանի օրակարգի հարցերի գոնե առաջին տասնյակում չկա, այնուամենայնիվ, Ձեր այցելությունից ի՞նչ տպավորություն ստացաք` հասարակական, փորձագիտական մակարդակներում ե՞ւս այս հարցը փակված են համարում, եւ ո՞ր դեպքում են հնարավոր համարում հարցի վերակենդանացում:
– Հարցի «վերակենդանացումը» Թուրքիայի տարբեր շրջանակների համար տարբեր ձեւով է ընկալվում: Ավելի քաղաքական շրջանակները, ինչպես եւ մինչեւ 2009-ի ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը, այն կապում են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում նշանակալի առաջխաղացման հետ, այլոք այն տեսնում են քաղաքացիական հասարակությունների միջեւ ավելի ինտենսիվ շփման միջոցով, ոմանք էլ կարեւոր խթան են համարում առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը: Սակայն գլոբալ առումով հարաբերությունների կարգավորման հարց չկա դրված սեղանին, եւ կարծում եմ, որ լավագույն դեպքում այն կրկին կարող է օրակարգային դառնալ միայն 2019-ից հետո, այն էլ՝ կապված միայն նախագահական ընտրության արդյունքների հետ:
– Թուրքիան սկսել է ռուսական С-400 համալիրների գնման գործընթացը: Թուրքիայի նախագահն օրեր առաջ նշեց, որ իր երկիրը կանխավճար է մուծել Ռուսաստանից ձեռք բերվող С-400 զենիթահրթիռային համակարգերի համար։ «Հաջորդ քայլը մեզ Ռուսաստանի կողմից վարկի տրամադրումն է։ Ե՛վ ես, ե՛ւ պարոն Պուտինը վճռական ենք տրամադրված այդ հարցով»,- ասել է Էրդողանը, ապա քննադատել ԱՄՆ-ի արձագանքը՝ ուղղված Թուրքիային ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու գործարքին՝ նշելով, որ Անկարան կշարունակի ինքնուրույն միջոցառումներ ընդունել իր անվտանգության ապահովման համար: Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում խրթին հարցերը հարթվա՞ծ են այլեւս, այսպիսի գործարքը չի՞ փաստում այն մասին, որ այդ հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են: Եվ մի հարց եւս` ո՞ւմ դեմ են ուղղվելու ռուսական С-400-երը:
– Ռուս-թուրքական հարաբերություններում խրթին հարցերը եղել եւ մնում են, հատկապես սիրիական հարցում, խփված ինքնաթիռի եւ սպանված ռուս դեսպանի ֆոնին, եւ չնայած մի շարք գործարքների եւ պայմանավորվածությունների՝ Թուրքիան ծայրահեղ զգույշ է Ռուսաստանի հետ իր հարաբերություններում եւ նույնը նաեւ Ռուսաստանը՝ Թուրքիայի նկատմամբ: Նրանք եղել եւ մնում են տարածաշրջանային հակառակորդներ մի շարք հարցերում: Այդուհանդերձ, մեծ քաղաքականությունը եւ ռացիոնալ հաշվարկները շարունակում են գերակշռել ռազմաքաղաքական որոշումներում: Այս պահին Ռուսաստանն օգտվում է Թուրքիա-Արեւմուտք լարվածություններից, իսկ Թուրքիան էլ իր հերթին օգտվում է Ռուսաստան-Արեւմուտք լուրջ հակասություններից: Ռուսաստանը կարողանում է Թուրքիային առաջարկել բաներ, որոնք ԱՄՆ-ն այս պահին չի կարող կամ չի ցանկանում տալ Թուրքիային: Այդ գործարքը Ռուսաստանին հնարավորություն է տալիս որոշակի լծակներ ունենալ Թուրքիայի վրա, իսկ Թուրքիան էլ իր հերթին դժգոհ է ԱՄՆ-ից մի շարք հարցերում, հատկապես քրդերին զինելու եւ Գյուլենին չարտահանձնելու պատճառով, եւ հատկապես, որ Ռուսաստանը խստորեն դատապարտեց հուլիսյան հեղաշրջման փորձը, իսկ ԱՄՆ-ը բավարարվեց միջանկյալ հայտարարությամբ: Այս պարադիգմը, սակայն, կարող է փոխվել ցանկացած պահի՝ Ռուսաստանի եւ/կամ Թուրքիայի ռազմավարության փոփոխությանը զուգահեռ: С-400-ի առկայությունը չի կարող էապես նպաստել թուրք-ռուսական հարաբերություններին կամ վատացնել Թուրքիա-Արեւմուտք կապերը, թեեւ այս գործարքն ակնհայտորեն դժգոհության առիթ է տվել ՆԱՏՕ-ի մի շարք երկրների մոտ:
Ըստ տարբեր վերլուծությունների՝ С-400-ը համակարգն ուղղված է քրդական ռազմական խմբավորումների, իր սահմանների մոտ քրդական նոր պետության ստեղծման հեռանկարի եւ հնարավոր այլ սպառնալիքների դեմ, թեեւ ռազմական տարբեր փորձագետներ պնդում են, որ քրդերն այս պահին չունեն իրենց ձեռքի տակ այնպիսի զինատեսակներ, որոնց դեմ անհրաժեշտ է կիրառել С-400 համակարգը: Այդուհանդերձ, պետք է նշել նաեւ, որ նմանատիպ՝ С-300 համակարգ էլ ունի ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ՝ Հունաստանը:
– Թուրքիայի եւ Ադրբեջանի` ԵԱՏՄ-ին անդամակցությունը հնարավո՞ր համարում եք տեսանելի ապագայում, կամ`ի՞նչ պայմաններում Թուրքիան ու Ադրբեջանը կարող են որոշում կայացնել անդամակցել ԵԱՏՄ-ին:
– Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը կարողացել են դիրքավորվել այնպես, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում խոսեն պայմաններ թելադրողի դիրքերից: ԵԱՏՄ-ի անդամակցության հարցը լավ տարբերակ է Ռուսաստանի հետ քաղաքական առեւտրի մեջ մտնելու առումով: Ե՛վ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանն օգտագործում են ՌԴ-ի թույլ տեղերն այս կամ այն նպատակին հասնելու համար: ԵԱՏՄ-ն երբեք չի եղել եւ գոնե մոտ ապագայում չի լինի առաջնահերթություն Թուրքիայի համար՝ մի շարք պատճառներով: Նախ՝ ԵԱՏՄ-ն ոչնչով գրավիչ չէ, այն ընդամենը իմիջային նախագիծ է Ռուսաստանի համար: Երկրորդ՝ բավական է նայել ԵՄ-Թուրքիա ապրանքաշրջանառությանը եւ տնտեսական կապերին՝ հասկանալու համար, թե որ շուկան է ավելի կարեւոր Թուրքիայի համար: Եվ երրորդ՝ կարճաժամկետ եւ միջնաժամկետ կտրվածքով Թուրքիային ԵԱՏՄ-ն հետաքրքիր չէ ընդհանրապես՝ չնայած Էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը: Նույնը նաեւ Ադրբեջանի համար, որը ցանկանում է իրեն չսահմանափակել քաղաքական եւ/կամ տնտեսական անդամակցություններով:
– Իրաքում Քուրդիստանի ինքնավարության կառավարության որոշմամբ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե կկայանա: Բաղդադը, Անկարան, Թեհրանը դեմ են այդ հանրաքվեին, նոր խնդիրների ծագման մտավախություն ունեն: Կա՞ նման վտանգ:
– Այդ հանրաքվեին դեմ են նաեւ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՄԱԿ-ը եւ մի շարք այլ կառույցներ եւ երկրներ: Նրանք անգամ հորդորել են դադարեցնել գործընթացը: Հակասությունը շատ լուրջ է, եւ անցանկալի զարգացումները կարող են լուրջ սպառնալիք լինել ողջ տարածաշրջանի համար: Նախ՝ խոսքն այստեղ մի հանրաքվեի մասին է, որը չունի պարտադիր իրավական ուժ, եւ հանրաքվե դեռեւս չի նշանակում անկախություն եւ նոր պետության կազմավորում: Միջազգային հանրությունը հստակ հասկացնում է, որ այս գործընթացին ընթացք չի տալու եւ նաեւ չի ճանաչելու դրա արդյունքները: Այս առումով անհասկանալի է Հայաստանում շատերի, այդ թվում եւ իմ գործընկերներից շատերի անթաքույց ոգեւորությունն այս առիթով: Այստեղ չի կարող աշխատել «այն, ինչ դեմ է Թուրքիային, ուրեմն լավ է Հայաստանի համար» տրամաբանությունը, կամ էլ, որ այս հանրաքվեն կարող է դրական ձեւով անդրադառնալ ԼՂ անկախության ճանաչման գործընթացի վրա: Արտաքին կոշտ քաղաքականության մեջ պետք է փոխել մոտեցումները ըստ հանգամանքների եւ մաքսիմալ օգուտ քաղելու անհրաժեշտության: Քրդստանի ստեղծումը, հնարավոր ռազմական գործողությունները, փախստականների ալիքը, այդ թվում նաեւ դեպի ՀՀ եւ այլն, շատ վտանգավոր են մի շարք առումներով, մանավանդ, որ քրդերի հեռահար տեսլականը ենթադրում է նաեւ Մեծ Քրդստանի ստեղծումը, որը ներառում է նաեւ Արեւմտյան Հայաստանի մեծ մասը: Քրդական հարցը միշտ հակասել եւ հակասում է Հայաստանի շահերին, եւ քրդերին աջակցելը որեւէ ձեւով եւ կերպ կարող է առաջացնել անվտանգային խնդիրներ Հայաստանի համար: Գիտեմ, որ շատերը կարող են չհամաձայնել այս մոտեցման հետ, սակայն ավելի խոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քրդերի հետ անթաքույց համագործակցելը չի բխում Հայաստանի եւ հայերի շահերից: Հուսով եմ, որ շատերը չեն մոռացել նաեւ քրդերի խիստ բացասական դերակատարությունը Հայոց ցեղասպանության տարիներին:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.09.2017