Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչ թե 4-5 ամիս պետք է Հայաստան տուրիստ բերել, այլ տարին 12 ամիս»

Սեպտեմբեր 20,2017 15:00

Այս համոզմանն է Ավետիք Կիտանյանը

«Զբոսաշրջությունը պետք է վերածել նախարարության եւ չբավարարվել միայն կոմիտեով»,- այս համոզմանն է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիք Կիտանյանը, որն այս օրերին մեր երկրում է` մասնակցելու  Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին: Ասում է՝ եթե որոշեն կոմիտեն դարձնել նախարարություն, ինքը սիրով կգա այդտեղ աշխատելու, Հայաստանի տուրիզմի ոլորտը զարգացնելու: Նրա համոզմամբ՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները պետք է մեր երկրում ստեղծեն այնպիսի միջավայր, որ ոչ թե 4-5 ամիս տուրիզմի սեզոն լինի, այլ տարին տասներկու ամիս, որովհետեւ Հայաստանն իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ աշխարհին ցույց տալու շատ բան ունի:

Ըստ նրա՝ նախ պետք է ճշտել, թե ինչը Հայաստանի համար հնարավորությունների ասպարեզ կբացի, եւ այդ ամենը վերածելով բրենդի՝ այդ պրոդուկտը դուրսը վաճառել: Բացի մշակութային հնարավորություններից, Լիբանանի զբոսաշրջության նախարարը կարծում է, որ մեր երկիրը դրսում կարող է հաջողությամբ վաճառել, այսպես ասած` որսի տուրիզմը: Նրա խոսքով՝ եվրոպական երկրներում տուրիզմի այդ տեսակը բավականին թանկ արժե, եւ մեկ շաբաթ որսահանդակներում մնալու համար տուրիստից կպահանջվի 9 հազար դոլար, Հայաստանում այդ ուղղությունը ավելի մատչելի է:

Պարոն  Կիտանյանի խոսքով՝ բրենդներ պատրաստելու վրա հնարավոր է երկու-երեք տարի ծախսել, սակայն այն շատ մեծ արդյունք կտա, եւ մի քանի տարի հետո զբոսաշրջությունը կդառնա Հայաստանի տնտեսության ամենակարեւոր հենարանը. «Պետք է կարողանան մարզերի պոտենցիալն էլ օգտագործել եւ աշխատանքի խնդիրը լուծել, որովհետեւ զբոսաշրջիկը կգա եւ հետը տարադրամ կբերի, եւ այն թողնելով մեր երկրում՝ բնականաբար տնտեսությունը կաճի, հետեւաբար պետք է այս ուղղությամբ աշխատել»,- ասում է Ավետիք Կիտանյանը:

Նա կարեւորեց Լիբանան-Հայաստան բացված շաբաթական չորս թռիչքը, ինչը երկկողմ ուղղություններով ավելացրել է զբոսաշրջիկների թիվը: Ըստ նրա՝ դա նպաստել է, որպեսզի Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը ոչ միայն լիբանանահայերի մոտ լինի, այլեւ բնիկ լիբանանցիների, մասնավորապես` քրիստոնյա լիբանանցիների, որոնք շատ մեծ հետաքրքրություն ունեն այս ոլորտի նկատմամբ:

Հայաստանից Լիբանան 2012 թվականին ժամանել են 1350 մարդ, իսկ 2016-ին 13 հազարի է հասել մեր երկրից ժամանած զբոսաշրջիկների թիվը, 2017-ի առաջին ութ ամիսներին Հայաստանից 10 հազար զբոսաշրջիկ է գնացել Լիբանան:

Նա վստահ է, որ շաբաթական չորս անգամ չվերթի հանգամանքը պետք է մեր երկրից մեկնող զբոսաշրջիկների թիվը հասցնի 40-45 հազարի:

«Առավոտի» հարցին, թե պարբերաբար դժգոհություններ են հնչում, որ դեպի Հայաստան ուղղությունների ավիատոմսերը թանկ արժեն, չե՞ք կարծում, որ դեպի մեր երկիր տուրիզմի խոչընդոտներից մեկն էլ հենց դա է, պարոն Կիտանյանը պատասխանեց. «Այդ խնդիրը մենք Լիբանանում էլ ունենք, ունենք մեկ պետական ընկերություն եւ պարբերաբար հարց ենք բարձրացնում, որ ավիատոմսերի գները բարձր են եւ չենք կարող հավելյալ զբոսաշրջիկ բերել, մենք այս տարի կարողացանք երկու միլիոն զբոսաշրջիկ բերել, ինչու Հայաստանից շատացան Լիբանան եկող զբոսաշրջիկները՝ որովհետեւ ես մեծ ջիղ դրեցի, որ «Արմենիա» ավիաընկերությունն աշխատի Լիբանանում, եւ երբ եկավ ու մրցակցություն եղավ, գներն ինքնաբերաբար իջան: Հիմա Հայաստանի պարագայում ընդհանրապես տեղական ավիաընկերություն չունենք, պետք է այդ իմաստով մտածենք, պետք է շատ ընկերություններ բերել, մրցակցությունը գները կիջեցնի: Այլապես, երբ մրցակցող չկա, պիտի թանկ լինի»:

Մեր այն հարցին էլ, թե մեր երկրում որոշ գործարարներ փորձ են անում բժշկական տուրիզմը դարձնել դեպի մեր երկիր գալու համար գլխավոր առիթներից մեկը, որքանո՞վ է լիբանանցուն հետաքրքրում մեր երկրի բժշկությունը, ի՞նչ գիտեն այնտեղ այդ մասին, Ավետիք Կիտանյանը պատասխանեց, որ ինքը չի գա Հայաստանում բժշկվելու համար, քանի որ չունի անհրաժեշտ տեղեկատվություն. «Չգիտեմ` բժշկության որ ճյուղում ինչ խնամք կարող եմ ստանալ, թեեւ գիտեմ, որ բավական էժան պետք է լինի: Պետք է այդ ամենը ճիշտ մատուցել, որ օրինակ` կարող են աչքի վիրահատության համար գալ Հայաստան: Միայն ծանուցումը բավարար չէ, պետք է տալ պրոֆեսիոնալ տեղեկատվություն»:

Նախարարը կարծում է, որ արաբական աշխարհի համար Հայաստանը կարող է լինել ուղղություն այստեղ բուժօգնություն ստանալու, քանի որ արաբական երկրներում «բժշկության մակարդակը վատ է եւ սուղ է», եւ այդ երկրների մասի մարդկանց պարագայում պահանջարկը կլինի. «Այդ բոլորը ժամանակ է պահանջում, բայց շատ մեծ օգուտներ կտա»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ

19.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930