Հայաստանյան համերգի շնորհիվ Պոլ-Էմմանուել Թոման տեղեկացել է նաեւ Այվազովսկու հայկական ծագման մասին
«Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից սեպտեմբերի 11-ին մեկնարկած 11-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Չաուշյան) օրերս կայացած հերթական համերգը նվիրված էր Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Ֆրանսիացի դիրիժոր Պոլ-Էմմանուել Թոմայի (լուսանկարում) ղեկավարությամբ նվագախումբը իբրեւ մենակատար եւ նվագակցող հնչեցրեց Դյուկայի, Գրիգի, Դեբյուսիի ստեղծագործությունները, մենակատարն էր հայաստանցի ունկնդրին ծանոթ դաշնակահար Ալեսիո Բաքսը (ԱՄՆ):
«Առավոտը» զրուցեց առաջին անգամ մեր երկիր ժամանած Պոլ-Էմմանուել Թոմայի հետ: Նա Հայաստանում էր տեղեկացել, որ աշխարհահռչակ ծովանկարիչը հայազգի է: Հավելեց նաեւ՝ իր ձեւակերպմամբ. «Թեեւ հայ երաժիշտների հետ շփումս տասնամյակների պատմություն չունի, ընդամենը 2012 թվականից Ֆրանսիայում իմ ղեկավարությամբ անցնող Menton փառատոնային ծրագրերից մեկում շուրջ երեք տարի առաջ հրավիրել էի տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանին, ղեկավարել եմ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, բայց շատ եմ լսել մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող, մասնավորապես՝ հայ կատարողական արվեստի անվանի արվեստագետների մասին: Մտածում եմ առաջիկայում փառատոնային համերգներին հրավիրել հայաստանցի երաժիշտներից եւս»:
Եվրոպական, ռուսական եւ այլ բազմաթիվ նվագախմբերի հետ հանդես եկած դիրիժորը հիացական խոսքեր շռայլեց մեր ֆիլհարմոնիկի հասցեին: «Առաջին փորձից ինձ գրավեց աշխատանքը նվագախմբի հետ, երաժիշտները չափազանց լուրջ են վերաբերվում իրենց աշխատանքին, օրինակ, Դեբյուսիի «Ծովը» ստեղծագործությունը, որ ղեկավարել եմ մի շարք նվագախմբերի հետ, այստեղ կարծես այլ հնչողություն ստացավ, հանձին ձեր նվագախմբի արտիստների պրոֆեսիոնալիզմի: Դեբյուսիի այս հանճարեղ երկը ունի հստակ գույն… այդուհանդերձ, կոմպոզիտորը նվագախմբին ընձեռել է մեկնաբանման առումով լիակատար ազատություն, ինչը աննկարագրելի բարդ է եւ դատելով ձեր հանդիսատեսի ընդունելությունից, հաջողվեց մեզ…»,- հայտնեց դիրիժորը:
Պոլ-Էմմանուել Թոման միայն անցյալ համերգաշրջանում Ֆրանսիայի Rouen օպերային եւ այլ թատրոններում ղեկավարել է 30-ից ավելի օպերային ներկայացումներ, այդ թվում՝ Վերդիի «Աիդա», «Նաբուկո», Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ», Բիզեի «Կարմեն», Պուչինիի «Տոսկա» եւ այլն: Հետաքրքրությանը, թե մեր ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Թոփչյանի օրինակով ինքն էլ երդվյալ օպերասեր է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեծ հաշվով օպերան դրամա է, ինչը չես համեմատի սիմֆոնիկ, մաքուր երաժշտության հետ: Հավանաբար ինչպես Թոփչյանը, այնպես էլ ես, շատ ենք սիրում թե սիմֆոնիկ, թե օպերային արվեստները: Ժամանակին պատիվ եմ ունեցել հանդիսանալու ֆրանսիացի օպերային դիրիժոր Ժորժ Պրետորի ասիստենտը, ձայնագրություններ իրականացնել Մարիա Կալլասի եւ այլ հռչակավորների հետ: Կատարողական արվեստում էլ համագործակցում եմ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների հետ, օրինակ՝ ջութակահար Գիդոն Կրեմերի, տենոր Ռոբերտո Ալանյայի հետ եւ այլն…»: Ժպտալով էլ ասաց, որ չի բացառվում՝ մի օր Երեւանում իրեն հանդիպենք օպերային ներկայացում ղեկավարելիս: «Այսուհետ Երեւանն իր հանդիսատեսով եւ նվագախմբով ինձ կձգի այնպես, ինչպես Բեռլինը, Մյունխենը, Հռոմը, Ֆրանկֆուրտը, Նիցցան, Զալցբուրգը, Պարման, Թյուրինգիան…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.09.2017