Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տոնավաճառ հրապարակում-3 

Սեպտեմբեր 20,2017 13:00

«Հղկված մարդկանց հեռանալուց հետո ասպարեզում հայտնվում են քյանդրբազներն իրենց յալանչիներով»

Պրոբլեմը արվեստագետի հոգևոր ինքնապաշտպանությունն է: Հիշում եմ՝ Ռուբեն Զարյանի խոսքերը.  «Հոգեկան մաքրության և ճշմարտության համար մղվող անհավասար կռվում շատերն են ընկնում: Եվ ընկնում են հատկապես նրանք, որոնց համար դա նկարագիր է, կենսաձև, համոզմունք, մարդ լինելու գեղարվեստական ընկալում»: Արվեստագետը պետք է պահի իր հայացքը ազատ ու զգոն, կանգնի ճշմարտության պաշտպանության դիրքերում: Միայն այդ դեպքում արդարության Լույսը կճեղքի և թույլ չի տա մեր իրականության մեջ մռայլ միգամածություն, որը երբեմն փորձում է իջնել մեր գեղեցիկ Հայրենիքի երաժշտական մշակույթի վրա: Ամեն ինչ կարելի է ներել, երևի: Չի ներվում Հայրենիքին դավաճանելը, անպարկեշտ գործողություններով Հայրենիքը պատվազուրկ անելը: Իսկ ինչո՞վ դավաճանություն չէ ինտելեկտուալ, էությամբ պրոֆեսիոնալ արվեստագետներին տեղ չտալը, խոստանալն ու չանելը, սեփական շահից ելնելով՝ անմակարդակ պրոֆեսիոնալներին տեղ տալը, որոնք «պրոֆեսիոնալ» են միայն դիպլոմով, որն ըստ էության, տեղեկանք է այսքան տարի, այսքան ժամ, այսքան առարկա անցնելու վերաբերյալ: Միտումնավոր աղքատացնել ոլորտը, տկարացնել նրա գիտական ու գեղարվեստական միտքը, պակասեցնել մտավոր և հոգևոր ներուժը, մի՞թե սա չի նշանակում պատվազուրկ անել Հայրենիքը: Մի՞թե սա դավաճանություն չէ: Պարզից էլ պարզ է, որ մտավոր և հոգևոր տկար աշխարհով մարդկանց միշտ էլ հաճելի է, ցայտուն, բարձր մտածողությամբ և հոգեկան մաքուր աշխարհով օժտվածին զրպարտել, քաշել ներքև, դնել իրենց կողքին, թե՝ «ասում են տաղանդավոր է, բայց մեզանից հո լավը չէ: Ահա, տեսեք, նա այնպիսին է, ինչպիսին մենք՝ փոքրիկ մարդուկներս: Եվ ապաշնորհների, մարտնչող միջակությունների ամենօրյա խրախճանքում ճշմարիտ տաղանդը արժեզրկվում, մաշվում-ծախսվում է: Հնարավո՞ր է ինտելեկտուալ մարդուն համեմատել արվեստը արհեստի վերածած առօրեական, կենցաղային մարդու հետ: Դա նման կլիներ աստվածահայր Վոթանին համեմատել գաճաճ նիբելունգի հետ: Հնարավո՞ր է ընդհանուր հոգևոր կապ տաղանդավոր արվեստագետների և արվեստի շուրջ պտտվող շառլատանների միջև: Համոզված եմ՝ ոչ: Ամբողջական, հղկված մարդկանց հեռանալուց հետո ասպարեզում հայտնվում են քյանդրբազներն իրենց յալանչիներով:

Արվեստի խնդիրն է ստեղծել դիսկոմֆորտ, որպեսզի հանգիստ չապրենք: Շիլլերը Հերդերին ուղղած նամակներից մեկում գրում է. «Կյանքի հետ համերաշխ լինելը խիստ վտանգավոր է բանաստեղծի համար»:  Արվեստը մարդու հոգեկան աշխարհի և նրա մոտեցումների, կյանքի երևույթների ուսումնասիրման, հարցերով և հարցերի պատասխանների որոնման խնդիրներով է զբաղված: Արվեստագետը արարում է Տարածության մեջ: Բայց արի ու տես, որ  հայտնվել են, այսպես ասած, արվեստ «դզող-փչողներ», որոնք աստիճանաբար մտնում են Արվեստ ու Արվեստ ստեղծողի տարածք: Դա կատարվում է հախուռն կամ նրբորեն և, ի վերջո, անգետ մասսայի կողմից ընդունվում իբրև արվեստ, իսկ հեղինակները՝ արվեստագետներ: Ընդունելի՞ է Աստծո արարած բնության փոխարեն ատելյեում կապրոնից պատրաստված «բնությունը»: Ո՛չ: Նույնը կոմպոզիտորական, կատարողական, դասավանդման, կազմակերպչական աշխարհներում է: Եվ դա, ինչպես ասացի, անխղճորեն մտնում է Արվեստի տաճար:

Հոգևոր արժեքներն են արժևորում քաղաքի ներքին բովանդակությունը, որի կրողը մարդն է: Նրա հակումներից,  գործողությունների որակից է կախված, թե քաղաքը լուսավորյալ մարդկանցով է բնակեցված՝ անկախ դիրքից, զբաղեցրած պաշտոնից, թե այն բազմաբնակեցված անապատ է: Ինձ վախեցնում է Նիցշեի այն միտքը, թե «այն ամենը, ինչը մերժում էր Քրիստոսը, այսօր կոչվում է Քրիստոնեական»: Բարոյական մթագնումների այս դարում մենք ամեն գնով մեր այս սրբազան հողի վրա պետք է պահպանենք այն ամենը, ինչն արգելակում է մարդու մեջ մարդկայինի քայքայումը, մերժում հոգևոր ուժերի ու բանականության տկարացումն ու այլասերումը: Մեծ դեր ունի Արվեստը: Նա միշտ էլ եղել է բարոյական պայքարի և հոգու մաքրագործման հուժկու միջոց: Բրուկը գրում է, որ Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսը շռնդալից հաջողություն է ունեցել, երբ խաղացել են բանտում: «Ոչ մի այլ տեղ, – գրում է նա, –  նշանավոր թատրոններում, նշանավոր քաղաքներում այդպես չեն հասկացել և ընդունել, ինչպես բանտարկյալները»: Նույնն ասում է Վիգեն Խեչումյանը: Նա մնջախաղի թատրոնի հետ գնացել է քրեական հանցագործների կալանավայր: «Ոչ մի տեղ,- վկայում է նա, – մեր ելույթը այնպիսի սրտագին ընդունելություն չի գտել, ինչպես այդտեղ»:  Նույնիսկ հանցագործների հոգում արվեստն ընդունակ է ծնել բարության և ազնվության զգացում:

ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

դիրիժոր

«Առավոտ» օրաթերթ

19.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարծես՝ Հայաստանի կոմպոզիտորների միության մասին է ասված … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930