Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձորի ավագանին շատ պատվաբեր, կարեւոր ու պատասխանատու ինստիտուտ է». Վանաձորի քաղաքապետ

Սեպտեմբեր 19,2017 23:58

Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու նիստից հետո, ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը հետաքրքրվեց, թե այն ավագանու անդամներն ովքեր երկար ժամանակ բացակայել են նիստերից, արդյո՞ք պետք է շարունակեն ավագանու կազմում մնալ. «Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ կարծիք ունի մեր իրավաբանական բաժինը»:

Տիկին Քալանթարյանի բարձրացրած հարցին պարզաբանում տվեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը. «Քանի որ մեր ավագանու մի մասի կեցվածքը եւ գործողություններն էս պահին իրավաբանական դաշտում են, մենք չենք անդրադառնում, մինչեւ սահմանադրական դատարանը որոշում կայացնի: Հետագայում, անպայման անդրադառնալու ենք, որովհետեւ Վանաձորի ավագանին շատ պատվաբեր, կարեւոր ու պատասխանատու ինստիտուտ է, եւ այդ ինստիտուտը ոտնահարողը կարծում եմ չպետք է լինի ավագանու անդամ»:

Ավագանու անդամներից Վահագն Ավագյանին էլ հետաքրքրում էր քաղաքի աղբահանության հարցը: Նրա խոսքով, թեեւ աղբահանող կազմակերպությունը փոխվեց, սակայն իրավիճակը մնացել է գրեթե անփոփոխ. «Կոնկրետ մեր թաղամասի մասով ասեմ, որ կենցաղային աղբը նորից տարածքում թափվում է, մի խոսքով խայտառակ վիճակ է: Եթե մենք տենց մեծ փոփոխություններ արեցինք, խոստումներ եղան, որ կկարգավորվի: Հիմա ո՞նց պետք է էս հարցը լուծվի»:

«Հիմա մենք ընդհանուր աղբահանության գլոբալ խնդրի լուծման ճանապարհին ենք: Մեր աղբահանության մեծ ծրագիրը սկսելուն պես, ձեր ասած երեւույթն էլ չի լինելու, եւ արդեն մենք կորոշենք աղբահանությունն ինչ եղանակով կազմակերպենք: Իսկ մենք չունեինք այլ առաջարկություններ, այլ մրցակցություն, իսկ երբ-որ չկա մրցակցություն, ստիպված ես լինում կանգ առնել մեկ առաջարկության վրա: Ինչքան խնդիրներ կան, աշխատում ենք բաժնի հետ դրանց լուծումներ տալ: Երեւանում էլ, ցանկացած տեղ էլ այդ խնդիրները կան: Սկզբնական շրջանում որոշակի փոփոխություններ կային, բայց որ ասեմ լավ է, լավ չէ, ձեզ հետ համամիտ եմ»,-ասաց համայնքի ղեկավարը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930