Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Խոշոր եղջերավորների տերերը նաև տուգանվել են, սակայն երևույթը չի վերացել»

Սեպտեմբեր 19,2017 23:03

Ֆեյսբուքյան օգտատեր Ներսես Մատինյանը ամիսներ առաջ արված լուսանկարներ ու տեսագրություն է տեղադրել Քոբայրի վանական համալիրի տարածքում անասունների գտնվելու մասին, որն էլ իրարանցում է առաջացրել: Երևույթն իրոք անթույլատրելի ու դատապարտելի է: Ցավոք, նման դեպքեր երբեմն լինում են հուշարձանների տարածքներում և ոչ միշտ է հնարավոր հարցը լուծել հարակից տարածքը ցանկապատելով:

Պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների պահպանությունը, հանրահռչակումն ու օգտագործումը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի իրավասությունների շրջանակում է և իրականացվում է ՊՄՊ մարզային ծառայությունների աշխատակիցների միջոցով՝ շրջայցերի սահմանված գրաֆիկի համաձայն: Լոռու մարզի շուրջ երեք հազար հուշարձանի պահպանության համար 15 աշխատակից է պատասխանատու: Հուշարձանի պահապանը պահակ չէ, ինչպես հաճախ թյուրիմացաբար նշվում է, և չի կարող մշտապես գտնվել հուշարձանի տարածքում:

Հուշարձանի պահպանության համար հավասարապես պատասախանատու են նաև տեղական ինքնակառավարման մարմինները, ինչն ամրագրված է օրենսդրությամբ, ինչպես նաև շարքային քաղաքացիները:

Մասնավորապես` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «ա» և «գ» կետերի, ինչպես նաև 11-րդ հոդվածի «բ» կետի համաձայն պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները մարզի տարածքում ապահովում են վերահսկողություն հուշարձանների պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ, միջոցներ են ձեռնարկում և աջակցում մարզի տարածքում հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ:

Սակայն, փաստ է, որ արձանագրվող ցանկացած բացասական երևույթի դեպքում քննադատության միակ թիրախը հուշարձանի պահապանությունն իրականացնող մարմինն է լինում:

Ինչ վերաբերում է Քոբայրին, այնտեղ ներկայում վերականգնման աշխատանքներ են իրականացվում: ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները սեպտեմբերի 18-ին եղել են վանական համալիրի տարածքում և հերթական անգամ մաքրման աշխատանքներ իրականացրել:

Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է ՊՈԱԿ-ի մարզային ծառայության պատասխանատուների կողմից: Նրանք հանդիպումներ են ունեցել (դրանք շարունակական բնույթ են կրում) համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ՝ զգուշացրել խոշոր եղջերավոր անասուներին հուշարձանների տարածքներում արածացնելու անթույլատրելիության մասին: Համապատասխան գրություններ են ուղարկվել Թումանյան համայնքի ղեկավարին ու ոստիկանության համապատասխան բաժանմունք: Խոշոր եղջերավորների տերերը նաև տուգանվել են, սակայն երևույթը չի վերացել:

Պատասխանատվության ու իրավագիտակցության բացակայության արդյունքում նման դեպքերի դեռ կհանդիպենք: Խոշոր եղջերավոր կենդանիները կշարունակեն արածել սրբավայրերի տարածքներում այնքան ժամանակ, քանի դեռ նրանց տերերը չեն գիտակցել, որ Աստծո տունը պղծելը սրբապղծություն է:

Եվ պետք չէ մեղավորներ այլ տեղ փնտրել, մեղավորները մեր մեջ են:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930