«Հայ կանանց ճակատ» շարժման անդամները քիչ առաջ ավարտեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց իրենց ակցիան: Շարժման անդամ Սյուզան Սիմոնյանը Aravot.am-հայտնեց, որ թեեւ համալիրում ընթացող համերգի հրավիրատոմս ուներ, բայց ոստիկաններն իրեն թույլ չտվեցին ներս մտնել ու մասնակցել համերգին՝ ճանաչելով իրեն:
«Դիմացս փակեցին ոստիկանները ու թույլ չտվեցին համերգին մասնակցեմ: Ես էլ այնտեղ ակցիա սկսեցի, սփյուռքահայերը գալիս էին, ես գոռում էի, որ երկրում քաղբանտարկյալներ կան ու սփյուռքահայեր են: Դա գոռում էի ե՛ւ անգլերենով, ե՛ւ հայերենով: Համերգին մասնակցող սփյուռքահայերը բավականին իրազեկվեցին, ոստիկաններն էլ գազազեցին, կարմիր բերետավորները հավաքվեցին, որ ինձ տանեն, երկու անգամ հրահանգ եղավ, որ ինձ նստեցնեն մեքենան, տանեն: Այնտեղ հավաքված սփյուռքահայեր կային, ես գոռացի, խնդրեցի, որ չգնան՝ ասելով, որ եթե գնան, ինձ կտանեն: Նրանք կանգնեցին, սպասեցին, չհեռացան…այս անգամ ոստիկանները չհամարձակվեցին բռնի գործողություններ անել, որովհետեւ արդեն չէին կարող ասել, որ ռումբ է տեղադրված, մի անգամ արդեն այսօր ծիծաղելի վիճակում հայտնվել են»,- ասաց Սյուզան Սիմոնյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ