«Պապիկս միշտ խոսում էր իմ հայրենիքի`Հայաստանի, մասին եւ ես հիմա այստեղ եմ: Իմ գյուղի մասին էր խոսում»,- լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհահռչակ երաժիշտ Միշել Լեգրանը: Նա, ինչպես նաեւ աշխարհահռչակ կինոդերասանուհի Օրնելա Մուտտին Հայաստանում են Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում:
Այսօր նրանք մասնակցում էին անկախության 26-ամյակին եւ «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված համերգին:
Լեգրանի պապը միշտ պատմել է նաեւ իր ընտանիքի մասին, որը ինչպես ինքն ասաց`քայքայվեց, բաժանվեց: Լեգրանը միայն տասը տարի է պապի հետ ապրել, բայց այդ ընթացքում նա հասցրել է շատ բան պատմել հայրենիքի մասին: Միշել Լեգրանի պապն էլ երաժիշտ եղել: Նա սազ եւ ուդ է նվագել:
Օրնելա Մուտտին արդեն երկրորդ անգամն է Հայաստանում: Առաջին անգամ Օրնելա Մուտտին «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից է եղել: «Ես շատ եմ սիրում Հայաստանը: Այստեղ շատ ընկերներ ունեմ: Ուրախ եմ, որ եկել եմ այս հրաշալի համերգին»,- ասաց Օրնելա Մուտտին: Ասաց`կցանկանար երկար մնալ, բայց զբաղվածությունը թույլ չի տալիս:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ