Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդի զենք մեզ ոչ ոք չի տա կամ ժամանակին չի տա, ուշացած է տալու եւ անկախության կորստի հաշվին է տալու». Հայաստան-սփյուռք

Սեպտեմբեր 19,2017 19:44

«Ռազմականացված լինելու ցուցիչով մենք երրորդ երկիրն ենք աշխարհում, բայց դրանով հանդերձ ռազմարդյունաբերության տեսանկյունից մենք հետընթաց ունենք»,- այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին խոսելով Հայաստանի ռազմարդյունաբերության մասին՝ ասաց «Ի-Վի քոնսալթիգ» ՓԲԸ տնօրեն Մանուկ Հերգնյանը:

Ըստ նրա, գիտության վրա ծախսվող գումարները պետք է շատ ավելի կիրառական հնարավորություններ ունենան ռազմարդյունաբերության մեջ: Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը հնարավորություն է տալու ավելի փոքր ծախսերով ավտոմատացված ավելի ճշգրիտ միջոցներ ձեռք բերել: Տեխնոլոգիական զարգացումները այդ հնարավորությունը տալիս են. «Մենք այսօր ունենք բավականին զարգացած ՏՏ ոլորտ, մենք դեռեւս ունակ ենք ստեղծել համաշխարհային մակարդակով գիտական արտադրանք: Եթե մենք համեմատենք գիտական հոդվածներով, Հայաստանը շատ առաջ է Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներից, իսկ Ադրբեջանից անհամեմատ ավելի առաջ է: Մենք ստեղծում ենք բարձր մակարդակի արտադրանք, սակայն դա ոչ  հավասարաչափ է բաշխված տարբեր ոլորտներում: Հիմնականում տեղի է ունենում ֆիզիկայի հաշվին: Օրինակ, գիտական հոդվածների ազդեցությամբ մենք 40-րդ երկիրն ենք աշխարհում: Մենք ստեղծում ենք գիտական արդյունք, բայց շատ վատ ենք դրանք առեւտրայնացնում: Տեխնոլոգիական էքսպորտով բավական հետընթաց ենք ապրում, նույնիսկ՝ համեմատվելով նախկին սովետական երկրների հետ: Եթե մենք ուզում ենք իսկապես ռազմարդյունաբերական զարգացած համակիր ունենալ, ապա էականորեն պետք է մեծացվի հետազոտությունների, մշակումների թիվը»:

Թե այս պայմաններում մենք ինչպիսի հավակնություններ ունենք, Հերգնյանն ասաց. «Շատ տարբերակներ չունենք: Պետք է կարողանալ որակական գերազանցության հասնել մեր հակառակորդների քանակական գերազանցությանը՝ օգտագործելով մեր ռեսուրսները: Պետք է կարողանանք նոր լուծումներ ունենալ ոչ միայն մեր ներքին ռազմարդյունաբերության կարիքների համար, այլ նաեւ  կարողանալ որոշակի էքսպորտի լուծումներ գտնել»:

Հերգնյանը նշեց, որ ռազմարդյունաբերության մեջ շատ կարեւոր են փորձարկումները. «Մենք բարեբախտաբար, թե դժբախտաբար ռազմական արտադրանքը պատերազմի պայմաններում փորձարկելու հնարավորություն ունենք»:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամ Արման Պողոսյանն էլ ներկայացրեց, թե ոլորտում ինչ փոփոխություններ են եղել ապրիլյան պատերազմից հետո: Նա ասաց, որ մոբիլիզացիա են արել ՏՏ ոլորտից եւ մոտ 300 հոգի հավաքվել են, փորձել են լուծումներ գտնել. «Մենք տեսանք, որ վերջին հազարամյակում ամեն սերունդ մոտ 2 պատերազմ է տեսնում Հայաստանում: Այն, որ այս պահին մենք ունենք ընդամենը 12 հազար տղա, որը զորակոչվում է բանակ, դա  նշանակում է մոտ 24 հազար հոգանոց բանակ, դա նշանակում է, որ մենք բանակով մենակ հարցը չենք լուծի, պետք է նաեւ աշխարհազորը միանա, նաեւ բնակչությունը միանա եւ պատրաստ լինի դրան: Ապրիլյան մարտերը վկայեցին, որ մերձամարտն իր տեղը զիջում է հեռահար կռվին: Լինելու են համակարգված մեծ քանակի երամային զինատեսակներ, որոնք համակարգված եւ ավտոմատ գործելու են, դա նշանակում է, որ մենք պետք է դրան պատրաստ լինենք»:

Արման Պողոսյանը նշեց, թե ինչ մոտեցում ունեն մասնագետները. «Մեր համար ակնհայտ է, որ արդի զենք մեզ ոչ ոք չի տա կամ ժամանակին չի տա, այսինքն, ուշացած է տալու, եթե տա եւ անկախության կորստի հաշվին է տալու: Հաղթանակից  հետո անմիջապես պարտություն չկրելու համար պիտի ունենք զենքի կայուն մատակարարում եւ դրա համար ամենալավ ձեւը կլինի սեփական արտադրանքն ունենալը: Արդի զենք չեն գնում, արդի զենք արտադրում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930