«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
Ինչպես դիրքապահ տղաներից շատերը` շարքային Հայկ Սերոբյանը նույնպես քչախոս է և մեր հարցերին տալիս է կարճ ու հստակ պատասխաններ: Ինչպես մյուսները` ինքը ևս գերադասում է ամեն ինչ գործով ապացուցել, մանավանդ որ հայրենիքի պաշտպանությունն իրականացնելիս դրա անհրաժեշտությունը ցանկացած պահի առկա է: Ինչ խոսք, ինչպես Հայկն է իր հերթին վստահեցնում, դիրքապահի պարտականությունների իրականացումը դժվար գործ է և ամեն մարդու բան չէ: «Դիրքապահի պարտականությունների կատարումը, որքան դժվար, այնքան էլ պատվաբեր է, բայց նաև պատասխանատու: Մենք գիտակցաբար ենք կատարում մեր պարտականությունները և, եթե այստեղ` սահմանում կանգնած ենք, ապա պետք է ամեն ինչ անենք մեզ վրա դրված խնդիրները կատարելու համար: Շուրջ 14 ամիս է, ինչ կատարում եմ զինվորական պարտքս և թե՜ զորամասի մշտական տեղակայման վայրում, թե՜ դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իմ պարտականությունները, ինձ տրված առաջադրանքները կատարել եմ ճիշտ ու ժամանակին, և այսուհետ ևս պատրաստ եմ նվիրումով կատարել բոլոր առաջադրանքները»,- համոզված ասում է շարքային Հայկ Սերոբյանը` համոզմունք հայտնելով, որ ծառայության նկատմամբ նման վերաբերմունքը հաջողություն կբերի յուրաքանչյուր զինվորականի:
Հայկ Արամի Սերոբյանը ծնվել է 1998թ. հունիսի 5-ին Էջմիածնում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 2016 թվականին, զորակոչվել է զինծառայության: Նախքան զորակոչվելը զինծառայության մասին տեղյակ էր այնքան, որքան որ լսել էր հասակակիցներից: Դրանք, ինչպես պարզվեց ծառայության ընթացքում, ոչ միշտ են համապատասխանում իրականությանը. «Ծառայության ընթացքում առաջացած դժվարություններն ու խնդիրները, որոնց մասին պատմությունները երբեմն դուրս են գալիս առողջ բանականության շրջանակներից, իմ համոզմամբ, առավելապես կախված են մարդու ընկալումներից, պատկերացումներից ու դիրքորոշումից,- ասում է շարքային Հ. Սերոբյանն ու հավելում,- բոլորս էլ երիտասարդներ ենք, բոլորս էլ մի նպատակի ենք ծառայում և դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում բոլորս էլ ունենք միմյանց աջակցության կարիքը: Այս հանգամանքը յուրաքանչյուրի համար պարզ է ու հստակ, դրա համար էլ մեր տղաների միջև համերաշխություն է տիրում, որի շնորհիվ խնդիրները հեշտությամբ ենք հաղթահարում, ծառայությունը թեթև է անցնում, օրերը՝ աննկատ»:
Խոսելով դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում հայրենասիրության մասին` Հայկը շեշտեց, որ առանց հայրենասիրության հնարավոր չէ այսպիսի ծառայություն կատարելը: «Մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ հայրենիքի սահմանները սկսվում են այստեղից: Այստեղ` սահմանում է որոշվում Հայրենիքի մի մասնիկը հանդիսացող մեր ընտանիքների ճակատագրերը: Մենք, մեր պարտականությունները կատարելով, հնարավորություն ենք ստանում ապահովելու և՜ մեր հարազատների, և՜ մեր երկրի անվտանգությունը»,- նշում է շարքային Հայկ Սերոբյանը:
Դիրքապահի պարտականությունների կատարման իր փորձից ելնելով` Հայկն այդ նվիրական առաքելության կատարման ընթացքում կարևորում է ոչ միայն մասնագիտությանը տիրապետելը, այլև զգոնությունը, մանավանդ որ հակառակորդը դիվերսիոն-հետախուզական և դիպուկահարային պատերազմի մարտավարությունն է ընտրել: «Հենց զգոնության շնորհիվ է, որ մեր դիրքապահներին հաջողվում է ժամանակին նկատել հակառակորդի գործողությունները, խույս տալ կորուստներից և պահպանել սահմանի անառիկությունը: Անձնակազմը ցանկացած պահի պատրաստ է դրան, հոգեպես ամուր է և գործնականում ավելի է կատարելագործում իր ունակությունները հակառակորդի ցանկացած գործողություններից հետո, ձեռք բերում անհրաժեշտ փորձ ու գիտելիքներ տարբեր իրավիճակներում գործելու համար,- նշում է շարքային Հայկ Սերոբյանը` վստահեցնելով, որ մեր ժողովուրդը կարող է վստահ լինել սահմանի անառիկության հարցում,- մենք օր ու գիշեր անսասան կանգնած ենք Հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար»:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն