Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ վճռով ՀՀ-ն կփոխհատուցի դատապարտյալին մահակով ծեծողին

Սեպտեմբեր 19,2017 19:07

Կառավարությունը հերթական անգամ կփոխհատուցի Հայաստանի արդարադատությունից տուժած քաղաքացուն, որը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ՄԻԵԴ-ն այս տարվա հուլիսի 20-ին «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է, որ Հայաստանի հանրապետությունը պարտավոր է 3000 դոլար փոխհատուցում վճարել:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության սեպտեմբերի 22-ի նիստի օրակարգից:

Ըստ ՄԻԵԴ-ի, նշված գործով խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը: Եվրոպական դատարանը փաստել է, որ ներպետական դատարաններին չեն ներկայացվել հիմնավոր եւ բավարար պատճառներ՝ դիմումատուի նկատմամբ կալանք նշանակելու եւ կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների հիմնավորման համար։ ՄԻԵԴ-ը նշել է, որ առաջին ատյանի դատարանը բավարարվել է իր որոշման մեջ միայն վերացական եւ կարծրատիպային ձևակերպումներ տալով՝ իր պատճառաբանությունը պարզապես սահմանափակելով Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համապատասխան մասերի հիշատակմամբ:

Ընդ որում, դիմումատուն պահանջել է 1,648,915 դրամ՝ որպես նյութական վնասի հատուցում, 70,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաեւ 3,000,000 դրամ՝ որպես ներպետական դատարաններում եւ Եվրոպական դատարանում կրած ծախսերի եւ ծախքերի հատուցում։ Սակայն ՄԻԵԴ-ը որոշել է, ինչպես կառավարության որոշման նախագծում է գրված՝ 3000 եվրո փոխհատուցում:

Կառավարության հավանությանը ներկայացրած փաստաթղթում ներկայացված են նաեւ գործի փաստական հանգամանքները: Ըստ այդմ՝ «2007-ի սեպտեմբերի 4-ին Երեւան քաղաքի դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ռ.Կ.-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա: Վերջինս, մասնավորապես, հայտնել է, որ դիմումատուն՝ նույն քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալը եւ քրեակատարողական հիմնարկի 2 այլ ծառայողներ՝ Ա.Գ.-ն եւ Լ.Հ.-ն ծեծել են իրեն ռետինե մահակներով։ 2007-ի սեպտեմբերի 11-ին դատախազությունը որոշել է դիմումատուի նկատմամբ կիրառել խափանման միջոց՝ ստորագրություն՝ իր բնակության վայրից չհեռանալու մասին։ Սեպտեմբերի 18-ին դիմումատուի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացվել է։ Գործի քննության ընթացքում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը Ռ.Կ.-ին պատճառված մարմնական վնասվածքները հաստատող ցուցմունք է տվել, իսկ քրեակատարողական հիմնարկի բժշկական բաժանմունքի ղեկավարը նշել է, որ ինքը Ռ.Կ.-ին բժշկական օգնություն է տրամադրել եւ համապատասխան գրառում է կատարել բժշկական մատյանում։

2008-ի փետրվարի 7-ին դիմումատուն ձերբակալվել է բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ կասկածով: Դիմումատուի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Նույն օրը քննիչ Մ.-ն դիմել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ դիմումատուի նկատմամբ կալանքը որպես խափանման միջող կիրառելու միջնորդությամբ: Նույն օրը Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը՝ հիմք ընդունելով վերագրվող հանցանքի ծանրությունը, եւ այն հանգամանքը, որ եթե դիմումատուն մնա ազատության մեջ, կարող է թաքնվել, խոչընդոտել գործի քննությունը եւ ազդել վկաների վրա»:

Դատարանը, ինչպես գործի հանգամանքներում է նշված, մերժել է նաեւ գրավով ազատ արձակման միջնորդությունները: Դիմումատուն որքան էլ փորձել է այլ ատյաններում խափանման միջոցը փոխելու իրավական քայլեր ձեռնարկել՝ չի հաջողվել: 2008-ին գործը քննող դատավորը մերժել է հերթական միջնորդությունը՝ գտնելով, որ քրեական գործով բավարար ապացույցներ կան, որոնք չեն բացառում դիմումատուի մասնակցությունը ծանր հանցագործության կատարմանը, ապա 2009-ին դիմումատուին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման:

Կառավարություն ներկայացրած նախագծում, որպես ծանուցում գրված է՝ «Եվրոպական դատարանը «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում արձանագրել է, որ կալանք կիրառելիս եւ դրա ժամկետը երկարացնելիս կարծրատիպային ձեւակերպումների օգտագործումը հաճախ հանդիպող խնդիր է Հայաստանում, եւ որ արդեն մի շարք գործերով հայտնաբերվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, եւ որպես օրինակ նշվել է՝ Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի, Մալխասյանն ընդդեմ Հայաստանի, Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի, Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, Բադալյանն ընդդեմ Հայաստանի գործերով վճիռները։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930