Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Եթե մարզիկը դոպինգ օգտագործելու մեջ բռնվի, ինքն ու մարզիչը զրկվում են Հայաստանում մարզական գործունեություն ծավալելու իրավունքից»

Սեպտեմբեր 19,2017 17:25

«Օլիմպավանում» Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ այսօր սկսված «Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումների օգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության եւ վնասվածքների բուժման ոլորտում» թեմայով միջազգային սեմինարի ժամանակ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո մենք կանգնեցինք դոպինգային խնդրի առջեւ եւ այդ խնդիրը չէր կարող չմտահոգել Գագիկ Ծառուկյանին: ՀԱՕԿ նախագահը պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի ղեկավարությամբ ստեղծեց հակադոպինգային կենտրոն, որը ոչ թե թղթի վրա, այլ գործնական լուրջ աշխատանք ծավալեց: Անդամագրվեցինք Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպությանը, իսկ որոշ ժամանակ անց Արեգ Հովհաննիսյանը գլխավորեց այդ կազմակերպությունը:

Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ օլիմպիական կոմիտեի գործկոմով որոշում կայացրինք. այսուհետեւ, եթե բացահայտվի, որ որեւէ մարզիկ դոպինգ է ընդունել, ոչ միայն ինքն է պատժվելու, այլեւ՝ մարզիչը: Նրանք երկուսով զրկվում են Հայաստանում մարզական գործունեություն ծավալելու իրավունքից: Այս կոշտ քայլն ազդեց: Գիտե՞ք, մարզիկն այնքան էլ մեղավոր չէ: Մեղավորը մարզիչն ու բժիշկն են, որ ցանկանում են հնարավորինս արագ արդյունքի հասնել, որպեսզի ֆինանսական խրախուսանք ստանան:

Բացի այն, որ միջազգային ֆեդերացիաներն են երեք շաբաթվա ռեժիմով մեր մարզիկներից դոպինգ փորձանմուշ վերցնում, Գագիկ Ծառուկյանն ինքը միջոցներ չի խնայում: Մի թիվ ասեմ: Ռիոյի օլիմպիական խաղերից առաջ, որպեսզի որեւէ կասկած չլինի, օլիմպիական վարկանիշ նվաճած մեր մարզիկներին առնվազն 150 անգամ դոպինգ թեստավորման ենք ենթարկել՝ նմուշները ստուգման ուղարկելով Քյոլնի լաբորատորիա, որը աշխարհում լավագույն երեքից ամենաարդիականն է: Պատկերացում կազմելու համար ասեմ, որ յուրաքանչյուր փորձանմուշի համար 450-ից 500 եվրո է վճարվել: Կրկնում եմ, սա մենք արել ենք միջազգային ֆեդերացիաների ստուգումներից դուրս: Այնպես որ, դոպինգը ՀԱՕԿ-ի ուշադրության կենտրոնում է եւ օրակարգային առաջին հարցը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930