Սեպտեմբերի 13-ին Իջեւանի տարածաշրջանի ռեստորաններից մեկի 29-ամյա մատուցող աղջիկը ոստիկանություն է դիմել, որ Իջեւան քաղաքի ծայրամասում գտնվող ռեստորանում տղամարդն իրեն բռնաբարել է: Այդ առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով»):
Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ մատուցողուհու կողմից բռնաբարության համար մեղադրվող, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի 34-ամյա բնակչին քրեական գործով կասկածյալի կարգավիճակ է տրվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կասկածյալ տղամարդը ամուսնացած է, երեխա ունի: Դեպքի կապակցությամբ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում այդ քրեական գործով քննությունը շարունակվում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ