Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը պատասխանում է յոթ շրջանները հանձնելու մասին հարցին

Սեպտեմբեր 19,2017 17:16

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, պատասխանելով հարցին, թե երեկ Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարների հայտարարությունները հակասական տրամադրություններ են առաջացրել, արդյոք քննարկվե՞լ է յոթ շրջանների հարցը, ասաց, որ ինչքան էլ մեծ է գայթակղությունը՝ այս պահին սայլը կապել ձիու առջեւից, պետք է զերծ մնալ այդ գայթակղությունից. «Ես չեմ համարում, որ Հայաստանի հասարակական ու քաղաքական օրակարգում հիմա ղարաբաղյան հարցի կարգավորման դետալների քննարկումն օրհասական հարց է, ասեմ ինչու, որովհետեւ ապրիլյան պատերազմից հետո փոխվել է բանակցությունների բովանդակությունը: Գիտեք, որ ապրիլյան պատերազմից հետո, համանախագահների մասնակցությամբ Վիեննայում կայացավ եւ նաեւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ընդունված պարտավորությունների շուրջ են այսօրվա բանակցությունները: Այսօր բանակցություններ են բանակցությունները վերսկսման մասին»:

Պարոն Աշոտյանի խոսքով, այսօրվա գործընթացը բանակցային արժանահավատ միջավայր ստեղծելու գործընթաց է, որի մեջ ներառված են ԵԱՀԿ մանդատի դիտորդական առաքելության ընդլայնումը, մոնիտորինգային մեխանիզմների ներդնումը, միջադեպերի բացահայտման, հետաքննման մեխանիզմները. «Սա է օրակարգը, պետք չէ, կարծում եմ, սխալ է ե՛ւ քարոզչական ե՛ւ քաղաքական ե՛ւ անվտանգության տեսակետից, պետք չէ ցույց տալ միջազգային հանրությանը կամ նույն Ադրբեջանին, որ մենք, այդ հարցերը չլուծած, մենք համարում ենք, որ կարող ենք անցնել կոնկրետ բանակցային գործընթացի սեղանին դրված որոշակի նրբությունների կամ դետալների քննարկմանը»:
Ըստ Արմեն Աշոտյանի, դրա ժամանակը չէ. «Կգա՞ դրա ժամանակը, հուսով եմ, որ մի օր կգա, բայց այսօր թիվ մեկ խնդիրը Ադրբեջանին պարտադրել՝ կատարել այն պարտավորությունները, որոնցից հետո կարելի է խոսել բանակցային գործընթացի փաստաթղթային քննարկումների մասին: Ադրբեջանական դիվանագիտությունը մի խորամանկություն է միշտ անում, իր արտաքին գործերի նախարարի շուրթերով ասում է՝ Հայաստանը պետք է վերադառնա բովանդակային քննարկումների, իրենց համար բովանդակային ասելով, այն է, ինչ- որ հիմա մենք Հայաստանում քննարկում ենք, ցավոք սրտի: Երբ որ Ադրբեջանի արտգործնախարարն ասում է, վերադառնանք բովանդակային քննարկումների, ինչ է ասում, ասում է՝ վերադառնանք Վիեննան, Սանկտ Պետերբուրգը, մոնիտորինգը, ոչինչ մենք կշարունակենք սադրել, կրակել, սպանել, ոչ մի ռեժիմ պետք չէ, ոչ մի մոնիտորինգ պետք չէ, եկենք թուղթը քննարկենք: Մեզ համար սա նույն գործընթացի մասնիկներն են, չի կարելի բանակցել մի կողմի հետ, որը չի կատարում իր պայմանավորվածությունները՝ անգամ այս մակարդակում, որտեղ դրված է իրենց նախագահի համաձայնությունն այդ հայտարարությունների տակ»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ ուրախ է հասարակության այդպիսի արձագանքի համար. «Իհարկե շատ կարեւոր հարց է, իհարկե ես ուրախ եմ, որ հայ հասարակությունն ունի իմունիտետ: Այն ռեակցիաները, որ մենք տալիս ենք որպես հասարակություն ու ականջի ծայրով լսում ենք, որ կարող են որոշակի տարածքներ հետ հանձնվեն, կարող են խնդիրներ առաջանալ, տեղահանված անձինք վերադառնալ եւ այլն, բնական է հասարակության ցասումային ռեակցիան, բնական է հասարակության նաեւ սուր ռեակցիաները, այդպես էլ պետք լինի: Ես կտխրեի, կզարմանայի, ու ամեն ինչ կանեի լինի այնպես՝ ինչպես այսօր կա, եթե այդ ամենը չլիներ: Հետեւաբար, խնդրում եմ ձեզ, եկեք ազգովի հավատացեք, որ բանակցային գործընթացն այնպիսի ամուր ձեռքերում է, այնպիսի խելոք գլուխներում է, որ երկար շախմատային քաղաքական այս խաղատախտակի վրա, մենք պարզապես սխալ հարցադրումներով չշեղենք օրակարգը: Այսօրվա օրակարգը փաստաթղթի դետալների քննարկումը չէ, այսօրվա օրակարգը բանակցային միջավայրի վերականգնումն է, անվտանգության երաշխիքների ապահովումն է, Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն է, որից հետո կարելի է խոսել փաստաթղթի նախագծի մասին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930