«Հիմա կարևոր է հասկանալ, որ հայության մեծ մասը սփյուռքն է: 100-200 տարի հետո էլ սփյուռք պետք է լինի: Սակայն այսօր Ամերիկայի, Ֆրանսիայի հայերից շատերն արդեն կես հայ, քառորդ հայ, մեկ ութերորդ հայ են: Եվ նրանց հայությունը պահելու համար մեծ ճիգեր են հարկավոր: Պետք է սփյուռքի նոր սերունդին ցույց տանք, որ հայերը զորավոր ազգ են, հանճարներ ունեցող ազգ: Որքան սփյուռքը հզոր լինի, այնքան Հայաստանը իրեն զորավոր կզգա»,- ասում է ամերիկահայ գործարար, կոլեկցիոներ Անդրեաս Ռուբիյանը:
Շատ կարևոր է մեր հանճարների մասին խոսել, աշխարհին ցուցադրել, հպարտանալ՝ ասում է նա: Անդրեաս Ռուբիյանը Հովհաննես Այվազովսկու կտավների մեծ հավաքածու ունի. «Ես դրամ աշխատելու համար չեմ գնել Այվազովսկու կտավները: Հակառակ դեպքում կվաճառեի տասնյակ անգամ թանկ գներով: Արևմուտքը նրան ընկալում է որպես ռուս նկարիչ: Երբ իմանում են, որ հայ է, շատ զարմանում են: Իմ նպատակն է Ամերիկայում և Եվրոպայում Այվազովսկու իմ հավաքածուն ցուցադրել և խոսել, թե հայերը ինչ հանճարներ ունեն»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: