Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջեյմս Ջոլի. «Մենք ուրախ ենք, որ Համահայկական նվագախումբը հանդես եկավ «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը»

Սեպտեմբեր 19,2017 16:28

Սեպտեմբերի 13-ին Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը Լոնդոնում հանդես եկավ դասական երաժշտության ոլորտում ամենահեղինակավոր «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը։ Երեկոն ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ «Գրամոֆոնի» մրցանակաբաշխությունը համարվում է դասական երաժշտության Օսկարը, որին ներկա են գտնվում աշխարհի ամենահայտնի և ազդեցիկ անունները։

Հայ երաժիշտների կատարողական վարպետությունը Medici հեռուստատեսության ուղիղ հեռարձակմամբ վայելեցին դասական երաժշտության միլիոնավոր սիրահարներ աշխարհի տարբեր ծայրերում։ Համահայկական նվագախումբը այս տարի դարձել էր Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի իրավահաջորդը, որը նախկինում հանդես էր եկել «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը, և աշխարհին լսելի դարձրեց հայ կատարողական դպրոցի միասնական ուժը:

Մրցանակաբաշխության և Համահայկական նվագախմբի մասին մեր հարցերին պատասխանում է «Գրամոֆոն» ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյմս Ջոլին։

-Պարոն Ջոլի, «Գրամոֆոն» մրցանակաբաշխությունը դասական երաժշտության ոլորտում ամենանշանակալի իրադարձությունն է, և այն այս տարի նշում է 40-ամյա հոբելյանը։ Ինչպե՞ս կգնահատեք մրցանակաբաշխության 40-ամյա ճանապարհը և նրա դերը երաժշտական աշխարհում։

-«Գրամոֆոն» մրցանակաբաշխությունը երաժշտական աշխարհում միշտ եղել է բարոմետրի նման: Ամեն աշուն մենք կանգնեցնում ենք ժամանակը և ստուգում, թե ինչ է տեղի ունենում: Գոյության 40 տարվա ընթացքում մրցանակաբաշխությունն առանձնացրել է դասական երաժշտության աշխարհի լավագույն տաղանդներին։ Մեր կողմից ընտրված որոշ ձայնագրություններ դարձել են դասական հավաքածուների լավագույն նմուշներ։

-Ի՞նչ չափանիշներ են գործում մրցանակակիրներին ընտրելիս։ Հետաքրքիր է իմանալ` «Գրամոֆոն» մրցանակաբաշխությունն այս 40 տարիներին հավատարի՞մ է մնացել դասական ավանդույթներին, թե՞ ժամանակը, այնուամենայնիվ, խմբագրումներ մտցնում է մրցանակակիրներին որոշելիս։

-40 տարիների ընթացքում ընտրության չափանիշները նույնն են մնացել: Երբեմն մենք ներառում ենք նոր անվանակարգ (օրինակ՝ մենահամերգ), որպեսզի ճանաչենք ոլորտի զարգացումները: 1977-ից մենք ընդլայնեցինք անվանակարգերը՝ ընդգրկելով վաղ և բարոկկո շրջանների երաժշտությունը։ Այսօր էլ «Գրամոֆոնի» ամբողջ քննադատական խումբը քվեարկում է ձայնագրությունների համար, և այդ ամենը չի փոխվել 40 տարվա ընթացքում: Մենք փնտրում ենք հիասքանչ երաժշտություն, երկացանկ, որոնք կհարստացնեն երաժշտական հավաքածուները, առաջնակարգ տեխնիկական որակ և կախարդական հմայք ունեցող ձայնագրություններ:

-Այս տարի մրցանակաբաշխության ընթացքում ելույթ էր ունենում Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը։ Ինչպե՞ս եք գնահատում նման նվագախումբ ստեղծելու գաղափարը։

-Ես շատ եմ սիրում, երբ նվագախմբերը ստեղծվում են հատուկ առիթի համար: Հայաստանն ունի աչքի ընկնող երաժշտական ավանդույթներ, և հայ երաժիշտները նվագում են աշխարհի առաջատար նվագախմբերում: Այս հիասքանչ երաժիշտների՝ ժամանակ առ ժամանակ համախմբվելը հիանալի գաղափար է: Մենք ուրախ ենք, որ նվագախումբը հանդես եկավ 40-րդ հոբելյանական մրցանակաբաշխության ընթացքում: Երջանիկ ենք, որ նրանք ծրագրում ընդգրկեցին նաև բրիտանացի կոմպոզիտոր Գուստավ Հոլստի երաժշտությունը:

-«Գրամոֆոն» մրցանակաբաշխության համերգային ծրագրերը ղեկավարել են շատ անվանի դիրիժորներ։ Ինչպե՞ս էր հնչում Համահայկական նվագախումբը մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ։

-Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է հրաշալի կոլեկտիվ, երաժիշտները նվագում են կրքով, էներգիայով և հիասքանչ զգացումով: Երիտասարդ նվագախումբ է, նրանք նվագում են վարակիչ կենսունակությամբ: Մենք ուրախ ենք ողջունելու Սերգեյ Սմբատյանին Լոնդոնում, քաղաք, որտեղ նա սովորել է:

-Պարոն Ջոլի, ի՞նչ ուղղությամբ է այսօր զարգանում դասական արվեստը։ Ի՞նչ է ուզում այսօր բեմում տեսնել, լսել ունկնդիրը։ 

-Մեծ երաժշտությունը ժամանակից դուրս է, և այն կապ է ապահովում հանդիսատեսի հետ: Այն միշտ հնչելու է, և մարդիկ վայելելու են այն:

Զրուցեց Արփի Գաբրիելյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930