Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Դոպինգը չարիք է եւ ցանկացած երկրի համար խայտառակվելու առաջին պայման»

Սեպտեմբեր 19,2017 16:24

ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ այսօր «Օլիմպավանում» անցկացվում է «Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումների օգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության եւ վնասվածքների բուժման ոլորտում» թեմայով սեմինար:

Սեմինարի մասնակիցներին եւ հյուրերին ողջունեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա նշեց, որ այսօր դոպինգը դարձել է սպորտի ամենաարդիական չարիքը: «Սպորտում այսօր երկու մեծ չարիք կա՝ դոպինգը եւ խաղադրույքները: Հիմա ամբողջ աշխարհում անհաշտ պայքար է մղվում դոպինգ չարիքի դեմ: Դոպինգի պատճառով մի շարք մարզաձեւեր օլիմպիական խաղերի ծրագրից հանվելու վտանգի առջեւ են կանգնած: Կյանքը ցույց տվեց, որ դոպինգի խնդիրն առկա է ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, այլեւ ամբողջ աշխարհում: Ցավոք, մենք նույնպես խնդիրներ ունեցել ենք, բայց դրանք անցյալից են եկել: 2013 թվականից դոպինգի վերահսկողությունը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերցրեց իր անմիջական հսկողության տակ: Պարոն Արեգ Հովհաննիսյանի հետ միասին ստեղծվեց կազմակերպություն, որը համառ պայքար է ծավալում այդ չարիքի դեմ: Արդյունքում արդեն վեցերորդ տարին է մոտենում, որ մենք դոպինգի հետ կապված խնդիր չունենք: Ընդամենը մեկ դեպք է արձանագրվել մի պատանի ըմբիշի հետ: Մենք հետաքննություն անցկացրինք եւ պարզվեց, որ այդ երեխան ինչ-որ ֆիթնես ակումբի մարզիչների խորհրդով էր անծանոթ դեղահաբ օգտագործել անձնական քաշն ավելացնելու նպատակով:

Միջազգային մարզական ֆեդերացիաներն էլ են զարմանում, որ Հայաստանի մարզիկներն այլեւս «մաքուր» են: Ներկայումս հիմնականում մեր առաջատար մարզիկները գրեթե երեք շաբաթ պարբերականությամբ դոպինգ թեստավորում են անցնում Հայաստանի հակադոպինգային կազմակերպության, ՀԱՕԿ-ի, նախարարության, ՎԱԴԱ-ի եւ միջազգային ֆեդերացիաների կողմից: Այս սեմինարը շատ կարեւոր է ձեզ համար, որպեսզի դուք սկսած մարզադպրոցներից ձեր սաներին ճիշտ ուղու վրա դնենք» – ասաց Հրաչյա Ռոստոմյանը ու մեկ անգամ եւս հիշեցրեց, որ դոպինգը ցանկացած երկրի համար խայտառակվելու կարեւոր հանգամանք է, որ գերհզոր երկրներ կան, որոնց մի քանի մարզաձեւերում ընդհանրապես արգելված է մասնակցել օլիմպիական խաղերին, աշխարհի, մայրցամաքների առաջնություններին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930