Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թուրքիայի հայերը, դժբախտաբար, նորեն վախի մեջ են, նորեն կուզեն անձայն մնալ». Փայլանի ելույթին հոտնկայս ծափահարեցին

Սեպտեմբեր 19,2017 16:21

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին ելույթ ունեցավ: Նա ասաց, որ նախագահական կառավարման պետության անցնելը մեծ սխալ էր Թուրքիայի կողմից եւ ինքը դեմ է եղել նոր Սահմանադրությանը. «Այն հիմնված է մեկ կրոնի և մեկ ինքնության վրա, ես ասացի, որ մեծ սխալ կկատարվի»:

Խոսելով Ցեղասպանության մասին՝ Կարո Փայլանն ասաց, որ դժբախտաբար, Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվեց՝ առանց առերեսվելու Հայոց ցեղասպանությանը, Թուրքիայում մնացած հայերը լռության դատապարտվեցին, սակայն Հրանտ Դինքի առաջնորդությամբ սկսեցին խոսել անցյալի, պահանջների մասին. «Առանց առերեսվելու ցեղասպանության հետ՝ Թուրքիայում ո՛չ քրդական հարցը կարող է լուծվել, ո՛չ էլ կարող է ժողովրդավարություն հաստատվել»:

Փայլանի խոսքով՝ Թուրքիան հիմա վերադարձավ այն ժամանակաշրջան, երբ խորհրդարանի մեջ ցեղասպանություն բառն արտաբերելը հանցանք է համարվում. «Ինչպես 100 տարի առաջ Արեւմուտքն աչքերը գոցեց ցեղասպանության առաջ, այնպես էլ հիմա աչքերը կգոցի մարդու իրավունքների խախտումների առաջ»:

Ըստ Փայլանի, միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կարող է բացել սահմանները Հայաստանի հետ. «Եթե Թուրքիան ժողովրդավար չդառնա, կարող ենք տասնամյակներ սպասել: Չորս սերունդ կպայքարենք, որ արդար լուծում ստանա… Թուրքիան նորից մութ շրջանում է, այդ մտայնությունը շատ լավ գիտենք, որ ոճիր կգործի: Հարյուր տարի առաջ մեծ ոճիր եղավ եւ յուրաքանչյուր ոճիր անպատիժ մնալով՝ նոր ոճիրների պատճառ կդառնա: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ես շարունակելու եմ պայքարել դրա համար»:

Փայլանն իր մտահոգությունը հայտնեց, որ Թուրքիայի մեջ մահմեդական հայեր շատ կան. «Հիմա նորից անձայնությունը սեղանի վրա է, որովհետեւ Էրդողանը ազգայնականների հետ է քայլում: Մուշում, Համշենում հարյուրավոր մահմեդական հայեր կան: Թուրքիայի հայերը, դժբախտաբար, նորեն վախի մեջ են, նորեն կուզեն անձայն մնալ»: Նա հայտարարեց, որ անձայն մնալը դեռ հանգիստ մնալը չէ, դու չես կարող ազգայնամոլների մեջ հանգիստ մնալ, ինչքան լուռ ես մնում՝ ազգայնամոլները վրադ են գալու:

Փայլանը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի հետ, այսօր էլ համաժողովի ժամանակ միջանցքում ջերմ զրուցում էր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նա ասաց, որ ելք են փնտրում, թե ինչ անել՝ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, եթե մենք անընդհատ ասենք՝ թուրքը թուրք է, իրենք էլ ասեն՝ հայը հայ է, այս տեսակ ազգայնական մտածողությունները իշխեն, մենք արդարության համար ինչպե՞ս պետք է ուժ ունենանք. «Այս կամուրջը շինելու համար եմ այստեղ: Գիտեմ, որ դժվար է, բայց ճանապարհ պետք է գտնենք»:

Փայլանի ելույթից հետո դահլիճը հոտնկայս ծափահարեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930