«Անդրիասն ասում է՝ երբ կարողանա խոսել եւ ասել, թե ինչ հիմքերով են իրեն անազատության մեջ պահել, բոլորի մոտ շոկ է լինելու: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը ցուցմունք է տվել իր դեմ, որն իրականության հետ կապ չունի: Նա եւ մյուս վկան ցուցմունք տալիս խառնել են դեպքերը, մարդկանց, հետեւաբար՝ նրանց ուղղորդել են»,- դատարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:
Հիշեցնենք, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական նիստն էր նշանակված:
Տիկին Թարխանյանի խոսքով՝ Անդրիաս Ղուկասյանը վկաներից միայն մեկին է ճանաչել. «Նա ցուցմունք է տվել, որ Անդրիասն իբր Խորենացի փողոցում հանդիպել է իրեն ու ասել, թե ցանկանում է գնալ Սարի Թաղ, զավթել ՊՊԾ գունդը: 2-րդ ցուցմունք տված անձն էլ ասել է, թե Անդրիասը մոտ է Սեֆիլյանի հետ, ինչը մենք հերքեցինք մեր հայտարարություններով»:
2-րդ վկան, ինչպես Անահիտ Թարխանյանը նշեց, նախաքննական մարմիններին ասել է, թե Անդրիաս Ղուկասյանն իրեն հեռախոսով տեղյակ է պահել Սարի թաղ գնալու մտադրության մասին, սակայն վկան հուլիսի 29-ից հետո է հայտարարել՝ «եթե իմանար այդ մասին, կդիմեր ոստիկանություն»: Այս հակասությունը հաշվի առնելով՝ Անահիտ Թարխանյանը համոզված է, որ ամուսնու դեմ ակնհայտ կեղծ ցուցմունքներ են տվել:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ