Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ գործարարն ուզում է տուրիստ բերել Հայաստան, բայց 2 օր է՝ հարցերին ստույգ պատասխան չի ստանում

Սեպտեմբեր 19,2017 15:22

Վոլգոգրադի երկրամասում հարյուր հազար հայ է ապրում, սակայն նրանցից մատների վրա հաշված մարդիկ են ինքնաթիռով Հայաստան գալիս, քանի որ ուղիղ չվերթ դեպի Հայաստան չկա, տարանցիկ ճանապարհով էլ գալու դեպքում ավիատոմսը թանկ արժե: Մեկ ժամ 20 րոպե թռչելու համար ուղեւորները պետք է վճարեն 9-10 հազար ռուբլի, ինչը համարժեք է 72-80 հազար դրամի: Վոլգոգրադից մեր երկիր հիմնականում գալիս են ավտոբուսներով, այս փոխադրամիջոցի տոմսն արժե 3500 ռուբլի:

Շուշաննա Սիմոնյանը, որը երկար տարիներ է՝ բնակվում է Վոլգոգրադում եւ որպես բժիշկ-վիրաբույժ է աշխատում, լսելով հայրենիքին օգնելու կոչերը ու նաեւ հաշվի առնելով Վոլգոգրադում ապրող մարդկանց ցանկությունը՝ Հայաստան գալու, որոշել է մեր երկիր զբոսաշրջիկ բերել: Սակայն երկու օր է՝ Շուշաննա Սիմոնյանը, որն ի թիվս այլ սփյուռքահայերի, եւս մասնակցում է Հայաստան-Սփյուռք 6-րդ միջազգային համաժողովին, չի կարողանում իր հարցերին պատասխան ստանալ, թե ուղիղ չվերթ բացելու հարցում մեր կառավարության պատասխանատուներն ինչով կարող են աջակցել:
Երեկ տիկին Սիմոնյանն այս հարցը բարձրացրեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանի մոտ, որն առաջարկեց գնալ ու բանակցել ավիաընկերությունների հետ, սակայն, երբ Շուշաննա Սիմոնյանն ասաց, որ հարցը ոչ թե իր բանակցությունների մակարդակով է լուծում պահանջում, այլ՝ կառավարական, պարոն Ավետիսյանը խոստացավ ընդունել տիկնոջը եւ իր գործընկերների հետ հարցը քննարկել:

Այսօր Շուշաննա Սիմոնյանը նույն խնդիրը վարչապետ Կարեն Կարապետյանի առաջ բարձրացրեց: Վարչապետը նախ ասաց, որ դիմի տուրիզմի հարցերով զբաղվող կառույցի ղեկավարին, ապա ավելացրեց, որ եթե բիզնեսն այնտեղ օգուտ տեսնի, առանց իրենց միջամտության այդ գործը կանի:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Սիմոնյանն ասաց. «Մենք ուզում ենք դեպի Հայաստան տուրիզմը զարգացնել, որովհետեւ Ռուսաստանում շատ ազգեր կան, որոնք Հայաստանում չեն եղել, հետեւաբար, մեզ հետ ապրելով, մեզ հետ շփվելով, ցանկություն ունեն գալ Հայաստան, սակայն ոչ մի տուրիստական ընկերություն չի զբաղվում դեպի Հայաստան տուրիզմով: Մենք որոշեցինք զարգացնել այդ տուրիզմը, բայց ինչպես կարող ենք առաջ տանել, եթե ճանապարհ չունենք դեպի Հայաստան: Այսօրվա դրությամբ Ռուսաստանից գնում են հանգստանալու այն երկրները, որտեղ կան ուղիղ ուղղություններ, ընտրում են հանգիստը անմիջապես իրենց քաղաքից թռիչքներով, գնում են Վրաստան, Թուրքիա»:

Նա նաեւ հասարակական գործիչ է: Տիկին Սիմոնյանի խոսքով, որպեսզի ավելի լավ պատկերացնեն ավտոբուսով Հայաստան եկող քաղաքացիների դժվարությունները, տեսնեն մաքսակետում ինչպիսի խնդիրների են բախվում եւ առհասարակ ինչպիսի խնդիրներ են ունենում, հասարակական գործիչների իրենց խմբով ավտոբուսով եկել են: Նրա խոսքով, ճանապարհն ավտոբուսով տեւում է 25 ժամ, ինչն արդեն տանջանք է ուղեւորների համար: Ըստ նրա՝ ամեն շաբաթ Հայաստան է գալիս 125 մարդ, այդքան էլ վերադառնում. «Սրանք ցուցանիշներ են, ինչը խոսում է, որ պահանջարկը կա: Շաբաթական գոնե մեկ անգամ կամ երկու շաբաթը մեկ պետք է ուղիղ թռիչք լինի դեպի Հայաստան, որպեսզի կարողանան մարդիկ ոչ թե այդ գնով գան իրենց հայրենիք, այլ ավելի հարմարավետ պայմաններում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930