Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Ստեֆան Շենախը (Ավստրիա) և Ցեզար Ֆլորին Պրեդան (Ռումինիա) զեկույց են ներկայացրել՝ ամփոփելով սեպտեմբերի 14-16-ը Ադրբեջան կատարած այցի արդյունքները:
Համազեկուցողները հիմնականում կենտրոնացել են արդարադատության, քրեական արդարադատության համակարգի, կալանավայրերի պայմանների, ոչ կառավարական կազմակերպություններին վերաբերող օրենսդրության, մամուլի ազատության, ՄԻԵԴ-ի որոշումների լիարժեք կատարման վրա:
«Նախկինում մենք ողջունել ենք հանրապետության նախագահի գործադիր հրամանը կալանավայրերի համակարգի գործունեության բարելավման և քրեական քաղաքականության հումանիզմացման վերաբերյալ: Մենք դրանից հետո իշխանությունների հետ քննարկել ենք հետագա քայլերը, որ պետք է ձեռնարկվեն դա կյանքի կոչելու համար,- ասվում է զեկույցում:- Մենք ողջունում ենք Ֆայիգ Ամիրլիի ազատ արձակումը, որը տեղի ունեցավ մեր այցի ընթացքում, և հույս ունենք, որ նոր մարդիկ ազատ կարձակվեն ապագայում, և էլ ոչ մի ձերբակալություն տեղի չի ունենա»:
Համազեկուցողները կոչ են արել խորհրդարանականներին ուղղումներ կատարել ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքում, որպեսզի դրանք կարողանան գործել և ֆինանսավորվել ըստ եվրոպական ստանդարտների:
Համազեկուցողներն Ադրբեջանում այցելել էին «Թուրան» գործակալության գրասենյակ և հանդիպել դրա ղեկավար Մեհման Ալիևի հետ, որն ավելի վաղ ձերբակալվել և ազատ էր արձակվել: «Մենք ողջունում ենք այն նորությունը, որ գործակալության դեմ հարկային սանկցիաները որոշ ժամանակով հանվել են և կոչ ենք անում իշխանություններին հանել բոլոր մեղադրանքները Մեհման Ալիևի վրայից և դադարեցնել «Թուրան» լրատվական գործակալության դեմ ճնշումները»,- ասվում է զեկույցում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ