Այսօր լրագրողները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին՝ տեղյա՞կ եք, որ մայրաքաղաքում գովազդային պաստառների վրա «Հայ մեծերը» խորագրի ներքո ձեր հոր՝ Անդրանիկ Մարգարյանի նկարն է: Նա պատասխանեց, որ դա մասնավորն է տեղադրել եւ ինքը տեղյակ չի եղել, ավելի ուշ է իմացել եւ հաճելիորեն զարմացել է:
Հարցին՝ եթե ձեզ դիմեին՝ դեմ կլինեի՞ք, հաշվի առնելով, որ դուք հանրային դեմք եք եւ ինչ-որ առումով դա խոցելի կլինի՝ քաղաքապետը պատասխանեց. «Խոցելի լինելու հետ կապված ես այդքան էլ չեմ վախենում»: Ինչ վերաբերում է համաձայնելուն, նա ասաց, որ եթե իրեն դիմեին՝ չէր համաձայնի:
Տարոն Մարգարյանին նաեւ հարցրեցին՝ 2018-ին վարչապետ լինելու հետ կապված Գալուստ Սահակյանն ասել է, որ Սերժ Սարգսյանին փոխարինող չկա, Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին: Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ մինչեւ ապրիլ դեռ շատ ժամանակ կա:
Ինչ վերաբերում է անփոխարինելիությանը՝ քաղաքապետն ասաց. «Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն է, ՀՀԿ նախագահն է: Եվ իմ կարծիքով, այո, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահին փոխարինողը չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ