Լրահոս
Օրվա լրահոսը

Գեորգի Սագանելիձե. ՌԴ-ն զավթել է եւս 25 վրացական գյուղ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2017 14:19

«25 վրացական գյուղեր հայտնվել են ՌԴ-ի կողմից Վրաստանի գրավված տարածքներում: Այդ գյուղերը չեն եղել ոչ Աբխազիայի, ոչ էլ Ցխինվալի տարածքում: Արդյունքում`800 ընտանիք կորցրել է հողատարածքները եւ արոտավայրերը: Կան դեպքեր, երբ գյուղի մի մասը Վրաստանի տարածքում է, մյուս մասը`գրավված տարածքում: Կան դեպքեր, երբ գյուղը Վրաստանի տարածքում է, գերեզմանատունը`գրավված տարածքում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեն:

Վրաստանի դեսպանն այսօր հրավիրել էր լրագրողներին`իրազեկելու հայ հասարակությանն այն ամենի մասին, ինչ-որ կատարվում է Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջաններում, որոնք 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո գտնվում են Ռուսաստանի տիրապետության տակ:

«Ռուս օկուպանտները մտնում են Վրաստանի տարածք: Նրանք փշալարեր են կապել եւ երբ բնակչությունը մոտենում է, ձերբակալում են, ապա` գլխագին պահանջում»,- ասաց դեսպանը`հավելելով, որ ավելի քան հարյուր կիլոմետր փշալարեր են կառուցել`մտնելով Վրաստանի տարածք:

Ըստ նրա, 2008 թվականից առ այսօր Ցխինվալի տարածաշրջանում սահմանը, ռուս սահմանապահների ձեւակերպմամբ, անօրինական հատելու համար ձերբակալվել է 1000 մարդ: 1800 մարդ էլ Աբխազիայի տարածաշրջանում է ձերբակալվել:

Դեսպանի փոխանցմամբ, Աբխազիայի վրացի բնակչությունը`տեղական իշխանության ճնշման տակ, ստիպված է լինում հրաժարվել վրացական քաղաքացիությունից եւ աբխազական քաղաքացիություն վերցնել, նրանց ստիպում են փոխել անուն-ազգանունները, դպրոցներում վրացերեն դասավանդելը արգելված է: Աբխազիայից փախստականների թիվը 500 հազար է:

Մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում

«Մեր անցյալը, ներկան եւ ապագան շատ կապված են միմյանց հետ ու երկու երկրներում առկա իրավիճակը կարեւոր է: Սրանով է պայմանավորված նաեւ երկու երկրներում առկա հետաքրքրությունը ընթացող գործընթացներին»,- ասաց դեսպանը:

Դեսպանը մանրամասնեց, որ Աբխազիայի եւ Ցխինվալի տարածքներում առկա դե ֆակտո ինստիտուտներն ինտեգրված են ՌԴ-ի քաղաքական, տնտեսական, ռազմական եւ սոցիալական համակարգերին: Աբխազիայում ստեղծված է ՌԴ-ի հետ համատեղ զորախումբ, իսկ Ցխինվալի տարածաշրջանի «անօրինական զորամասերն» ինտեգրված են ՌԴ-ի զինված ուժերին. «Իրավապաշտպան կառույցներում ստեղծվել են ՌԴ-ի եւ օկուպացիոն ռեժիմների համատեղ տեղեկատվական կենտրոններ: Ցխինվալիի տարածաշրջանում անցկացված, այսպես կոչված հանրաքվեն, որը նպատակաուղղված է տարածաշրջանի վերանվանմանն՝ Ալանիա, նպատակ ունի տարածքը ՌԴ-ի հետ միավորելու: Լավ գիտեք, որ Ալանիան Հյուսիս-Օսեթիայի պատմական անունն է եւ Ցխինվալի տարածաշրջանի այս անունով վերանվանումն իրականում նպատակաուղղված է այս տարածաշրջանի միավորմանը ՌԴ-ի հետ: Ցխինվալի դե ֆակտո իշխանության ներկայացուցիչները դա չեն թաքցնում, ասում են, որ ցանկանում են միանալ ՌԴ-ի հետ»:

Դեսպանը նաեւ ասաց`իրենք տեղեկություն ունեն, որ Վրաստանի «օկուպացված երկու տարածաշրջաններում» ՌԴ-ն ցանկանում է կառավարել ամեն ինչը: Նա նկատեց, որ տարածաշրջանը բավական միլիտարիզացվել է. յուրաքանչյուր բնակավայրում 5000-ական ռուս զինվորներ են կանգնած`զինված ժամանակակից զինատեսակներով. «Մենք մտածում ենք, որ այս կարգի միլիտարիզացիան շատ վտանգավոր է ոչ միայն Վրաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար: Շատերը չգիտեն, որ Թբիլիսիից մինչեւ Ցխինվալ 40 կիլոմետր է»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Դեսպանը նկատեց, որ տարածաշրջանների վրացի ե՛ւ աբխազ ե՛ւ օսական բնակչության մեջ առկա է լարվածություն, ինչը իրենք համարում են Ռուսաստանի ագրեսիայի արդյունք: Վրաստանում այս ամենի հանգուցալուծումը տեսնում են: Իրենք համարում են, որ խնդիրները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Անսալով միջազգային կազմակերպությունների աջակցությանը`վստահ են, խնդիրները կկարգավորվի:

«Մենք ուզում ենք սերտ կապեր ունենալ օկուպացված տարածաշրջանների բնակչության հետ`առանց հաշվի առնելու նրանց ազգային պատկանելիությունը»,- ասաց դեսպանը` հավելելով, որ Վրաստանը`չնայած օկուպացված ռեժիմների դիմակայությանը, փորձում է հոգալ տարածաշրջանի բնակչության հոգսերը. «Լավագույն օրինակը լինելու է Աբխազիայի մոտակայքում, Սամեգրելոյում առկա բժշկական կենտրոնը»: Վրացական կողմը պատրաստ է այդ կենտրոնում անվճար սպասարկել Աբխազիայի բնակիչներին:

Ի դեպ, պատասխանելով լրագրողների հարցերին, դեսպանն ասաց, որ ասուլիսի թեման որեւէ կապ չունի ՄԱԿ-ում սպասվող քննարկումների հետ: Հիշեցնենք, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ եռակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին երեք երկրները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: «Մենք Նյու Յորքում միասին կընդգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով և երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել էր նա:
Դեսպանն ասաց, որ իրենց կարծիքով` հայ հասարակությունը լավատեղյակ չէ Վրաստանի գրավված տարածքներում առկա խնդիրներից, ուստի որոշել են հրապարակավ խոսել ամենի մասին: Այլ հարցերի դեսպանը չցանկացավ պատասխանել: Խոստացավ`առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930