Օրերս մեկնարկել է «Ավագ դպրոցի ստարտափ» ծրագիրը Երևանի 4 ավագ դպրոցի աշակերտների համար: Ծրագիրն իրականացնում է «Երիտասարդների հզորացման և զարգացման ինստիտուտ»-ը՝ ԱՄՆ Պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Ծրագիրը կազմված է ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության պրակտիկ պարապմունքներից ավագ դպրոցականների համար:
Ավագ դպրոցի ստարտափ ծրագրի բացումն արեց քրաուդֆանդինգի (crowdfunding) մասնագետ Նարեկ Վարդանյանը: Նրա վերջին արշավը՝ Volterman Smart Wallet, 45 օրում հավաքել էր 1,200,000 ԱՄՆ դոլար: Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ Երևանի թիվ 115, 159, 30 և 127 դպրոցներից 120 աշակերտներ հյուրընկալվել էին Մանուկյան դահլիճում և լսում էին անհավանական թվացող թվերի և աշխարհի մասին, որը գոյություն ունի հենց իրենց կողքին՝ ստեղծված իրենց նման երիտասարդների կողմից: Ծրագրի ղեկավար Լիլիթ Ղազարյանի համոզմամբ՝ «Պետք է փորձել լավագույնը լինել այն ոլորտում, որն ընտրում ենք որպես մասնագիտություն: Կարևորը մասնագիտական որակն է»: Այս նախաձեռնությունը նաև շատ լավ հնարավորություն է մասնագիտական կողմնորոշման համար: Առաջիկայում աշակերտները հնարավորություն կունենան հանդիպելու հայկական հաջողակ ստարտափների հիմնադիրների և ղեկավարների հետ, այցելելու նրանց աշխատավայրերը, ոգեշնչվելու և օրինակ վերցնելու: Նրանք պետք է նաև ստեղծեն իրենց «ավագ դպրոցի ստարտափները»: Ծրագրի ավարտին բոլոր դպրոցներում ստեղծված ստարտափները կմրցեն միմյանց հետ, իսկ հաղթողը կֆինանսավորվի, որպեսզի իրականացնի իր բիզնես գաղափարը:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
19.09.2017