Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հայաստան-Սփյուռք համաժողովում մշակութային հարցերով առանձին քննարկման ներկաներին երեկ կոչ արեց գտնել բարեկամներ, աջակիցներ…, որոնք կարող են օգնել, որպեսզի «Գուգլի գրադարանային նախագիծը» (https://www.google.com/googlebooks/library/) լրացվի հայալեզու և հայկական այլ հրատարակությունների մասին ծանուցում հոդվածներով։
Նախարարի փոխանցմամբ, սա ևս հայապահպանության, սփյուռքահայ օտարախոս նոր սերունդներին իրենց հայկական ինքնության գիտակցումը վերադարձնելու կարևոր գործոն է լինելու։
Սփյուռքահայ հյուրերից մեկը դրանից քիչ առաջ հերթական ահազանգն էր հնչեցրել, որ օտար երկրներում հայ երիտասարդները ժամանակի հետ ավելի ու ավելի են հեռանում իրենց արմատներից։
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը զեկուցեց «Համահայկական թվային գրադարան» հիմնելու հարցը՝ ներկայացնելով նաև առաջարկների փաթեթ. Հայաստանի ազգային գրադարանում Սփյուռքի գրադարանների պատասխանատուների վերապատրաստում, Սփյուռքի վտանգված հայկական գրադարանների հավաքածուները Հայաստան տեղափոխելու ուղիների որոնում, հնատիպ և հազվագյուտ գրքերը, հայ պարբերական մամուլը թվայնացնելու աջակցություն՝ Սփյուռքի գրադարաններին, Հայաստանի և Սփյուռքի գրադարանների միջև գրքափոխանակության աշխուժացում։
ՀՀ մշակույթի նախարարություն