Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լավրովը՝ համակուրսեցիս, ասաց, գուցե ինքդ էլ պատասխանե՞ս այդ հարցին». մանրամասներ՝ ապրիլյան պատերազմից հետո Լավրովի հետ զրույցից

Սեպտեմբեր 19,2017 13:51

«Ոչ մի անգամ ինձ թույլ չեմ տվել զենքի վաճառքի մասին հարցը տալ, բայց անցյալ տարի ապրիլին՝ քառօրյա պատերազմից հետո Լավրովին՝ իմ համակուրսեցուն, հարց եմ տվել: Նա զարմացել էր: Բայց ես այդպես էլ սկսեցի, որ 25 տարի ոչ մի անգամ չեմ հարցրել, բայց հիմա պետք է այդ հարցը տամ՝ ի՞նչ է կատարվում »,-«Հայելի » ակումբում լրագրողների հետ հանդիպմանը իր և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցից մի հատված ներկայացրեց մոսկվաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

Անդրանիկ Միհրանյանը Սերգեյ Լավրովի հետ զրույցում հարցրել է՝ ինչո՞ւ է Հայաստանի հետ ռազմական նույն միավորումում (ՀԱՊԿ) գտնվող Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք մատակարարում Ադրբեջանին, և ո՞րն էր 2016թ. ապրիլյան պատերազմի նպատակը։

Շարունակելով՝ պարոն Միհրանյանն ասաց, թե Լավրովը, որը մեծ հումորի զգացում ունի, իր հարցերին արձագանքել է. «Դե գուցե ինքդ էլ պատասխանե՞ս այդ հարցին: Ասացի՝ ոչ, մենք մի քիչ անհավասար վիճակում ենք: Այսօր դու նոր Բաքվից ես վերադարձել և Ալիևի հետ առիթ ես ունեցել խոսելու: Դու պետք է ավելի խորքից իմանաս, թե ինչը դրդեց Ալիևին այդ օրերին այդ պատերազմը սկսել: Իհարկե, զենքի մասին կան շատ խոսակցություններ: Երեկ համաժողովին ևս այն հնչեց»:

Անդրանիկ Միհրանյանը փաստեց, թե զենքի շուկան մեծ է, և կան շատ մասնակիցներ: Այնուհետև վստահեցրեց, եթե դրամ ունենաս, կարող ես զենք ամեն տեղից էլ գնել. «Եթե խոսքը Ադրբեջանի մասին է, ապա նա այդ զենքը կարող է ստանալ Թուրքիայից, Պակիստանից, տարբեր այլ երկրներից»:

Այս առիթով Անդրանիկ Միհրանյանը հիշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասածները ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ: Նա նշել էր, թե մենք դեմ չենք, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառում, բայց կուզենք, որ մեզ էլ վաճառի այդ զենքը, կամ մենք էլ ունենանք այդ զենքը, որ տարածաշրջանում հավասարակշռությունը չխախտվի շեշտակի կերպով:

Անդրադառնալով այն խնդրին, թե ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է, ուստի մտահոգիչ է, որ նա զենք է վաճառում Ադրբեջանին, պարոն Միհրանյանն արձագանքեց. «Հուսով եմ՝ Ռուսաստանն իր դաշնակցական պարտավորությունները լավ հասկանում է և նա կկատարի իր պարտականությունները անհրաժեշտության դեպքում: Իհարկե, կա մի կնճռոտ հարց: Երբ Հադրութ-Մարտակերտ ճակատում են տեղի ունենում բախումներ, ֆորմալ իմաստով սա կապ չունի ՀԱՊԿ-ի և ՀՀ-ի հետ, քանի որ ֆորմալ իմաստով Ղարաբաղը գտնվում է Հայաստանից դուրս. դա չճանաչված մի տարածք է: Եթե ունենայինք գոնե միջանկյալ կարգավիճակի ճանաչում, սա կլիներ ուրիշ բարձր մակարդակի վրա երաշխիք, որ նույնիսկ այդ ճակատում տեղի ունեցող իրադարձությունները միայն Արցախի գործը չեն լինի, այլ ՀԱՊԿ-ի: Քանի որ այդ կարգավիճակը դրված է միջազգային իրավունքից դուրս, սա դառնում է Հայաստանի խնդիրը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930