Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ԱՄՆ. հարաբերությունների նոր փուլի մեկնարկ

Սեպտեմբեր 19,2017 22:00

Կիրակի օրը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչական պատվիրակությունը ժամանեց Երեւան: Այցի նախաձեռնողն է Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ, հայկական ծագմամբ կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանը, պատվիրակության կազմում են նաեւ կոնգրեսականներ Ֆրանք Փալոնը, ով 1988-ի երկրաշարժից հետո Հայաստան էր բերել ամերիկյան օգնություն, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն, կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, ում նախաձեռնությամբ օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսը որոշեց հավելյալ գումար հատկացնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար, ինչպես նաեւ Հավայիից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբարդը եւ Վիսքոնսինից՝ կոնգրեսական Ջիմ Սենսենբրեները:

Պատվիրակությունը երկկուսակցական է, եւ վերոնշյալ կոնգրեսականները, բացի նրանից, որ հայկական հարցերով զբաղվող «Հայկական Կոկուսից» են, որտեղ ներգրավված օրենսդիրների թիվն անցնում է 50-ը, նաեւ նրանք այն Կոնգրեսի անդամներն են, որը ջախջախիչ մեծամասնությամբ կողմ քվեարկեց Ռուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցների փաթեթի օգտին՝ պայմանավորված նաեւ Մոսկվայի կողմից ԱՄՆ ներքին գործերին միջամտությամբ, եւ այդ որոշումն այլեւս ԱՄՆ օրենք է՝ ստորագրված նախագահ Թրամփի կողմից:

Կոնգրեսականների այցն առաջինն է այդ պատմական որոշումից հետո եւ նոր էջ է բացում հայ-ամերիկյան հարաբերություններում՝ պայմանավորված նոր իրողություններով: Այցին նախորդող՝ «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Ջեքի Սփիր Կանչելյանը նշեց ուրվագծվող օրակարգի հիմնական կետերը. պայքար կոռուպցիայի դեմ, ժողովրդավարության զարգացում, Ռուսաստանից Հայաստանի էներգետիկ կախվածության վերացում, Հայաստանի ինքնիշխանություն եւ այդ ինքնիշխանության երաշխիքներ, տեխնոլոգիական համագործակցություն, բիզնեսի եւ ներդրումների ոլորտում համագործակցություն: Եվ ակնհայտ է, որ այս ամենը միավորում է ընդհանուր համատեքստը. կոնգրեսականի խոսքով՝ «քաղաքական տեսանկյունից մեզ անհրաժեշտ է Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել: Ես կցանկանայի, որ Հայաստանն ավելի մեծ թվով օգնություն ստանար, որովհետեւ ես դիտարկում եմ Հայաստանը որպես մեր գործընկերը մի տարածաշրջանում, որը գտնվում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ազդեցության տակ: Ռուսաստանն իր կողմից փորձում է ընդլայնել ազդեցության իր օղակը, փորձում է վերահսկողություն հաստատել, վերականգնել Խորհրդային Միությունը: Համոզված եմ, որ Հայաստանը չի ցանկանում կրկին դառնալ Խորհրդային Հայաստան»:

Փաստն այն է, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վերջին ժամանակաշրջանը բնորոշվում է որոշակի իներցիայով, որը մարելու հատկություն ունի, մանավանդ կտրուկ փոփոխվող իրողությունների պայմաններում: Վաշինգտոնն իր հարաբերություններն ավանդաբար կառուցել է Երեւանի հետ ելնելով այն կանխադրույթից, որ Հայաստանում ընդունում են ինքնիշխան որոշումներ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները «հասկանալի են, գալիս են դարերի խորքից», եւ որ այդ ամենը հենվում է փոխադարձ հարգանքի, պարտադրանքի բացակայության պայմաններում, եւ հետեւաբար, ինչպես ռուսներն են ասում՝ «բարուց բարին չեն փնտրում»:

Բայց կյանքը ցույց տվեց, որ այդ մոտեցումն իրեն այլեւս սպառել է եւ համարժեք չէ ստեղծված իրողություններին: Սեպտեմբերի 3-ը եւ Հայաստանի «թրաֆիքինգը» դեպի, այսպես կոչված, «Եվրասիական միություն», Ուկրաինայի կամքի դեմ գործադրված բռնությունը՝ Ղրիմի բռնակցումը եւ ագրեսիան երկրի արեւելքում, դրան հետեւած լկտի եւ ցինիկ միջամտությունը ԱՄՆ-ի ընտրական գործընթացին, որում ակնհայտորեն ուրվագծվում են թե ռուսական կրիմինալի եւ կոռուպցիայի, թե ռուսական պրոպագանդայի թունավոր դերը:

Նախկինում ԱՄՆ-ում կարող էին զարմանալ, որ ռուսական կապիտալը, ռուսական պետությունը եւ ռուսական կազմակերպված հանցավորությունը ոչ միայն ուղղակի հոմանիշներ են, այլեւ նույն հրեշի երեք գլուխները՝ մանավանդ այն ժամանակ, երբ Քլինթոնը եւ Լավրովը հանդիսավոր կերպով սեղմում էին «վերբեռնման» կարմիր կոճակը: Այժմ ոչ միայն չեն զարմանում, այլեւ դա դարձել է ամերիկյան քաղաքական վերնախավի գերիշխող դիրքորոշում եւ քաղաքական հաշվարկների կառուցման հիմք հանդիսացող աքսիոմատիկայի գլխավոր բաղկացուցիչը:

Միեւնույն ժամանակ ներկայիս ժամանակաշրջանն առանձնանում է ռուսական կայսերապաշտության եւ ռուսական շովինիզմի ագրեսիվության աճով Հայաստանի ուղղությամբ. Մոսկվան Հայաստանում գործի է դրել իր ողջ ներուժը: Ռուսները Բաքվից սպառնում են Հայաստանին ուղիղ տեքստով, հայոց լեզվի դեմ եւս մի դիվերսիա են ձեռնարկել ՀՀ կառավարության ձեռամբ, սովետական պետական տեռորի զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես են փակել տալիս ՀՀ մշակույթի նախարարության ձեռամբ եւ այլն, եւ այդպես շարունակ: Իսկ իշխող կուսակցության ԱԺ խմբակցության նախագահն այլ խելացի բան չի գտնում, քան մեղադրել «Ելք» դաշինքին նրանում, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությամբ այն հայտնում է իր «նվիրվածությունը Արևմուտքին»:

Եվ այսպիսի «ոչ կոնդիցիոն» քաղաքական «վերնախավով» Հայաստանը որքանո՞վ պատրաստ կլինի որոշում ընդունել ձերբազատվելու Ռուսաստանից, էներգետիկ եւ այլ ոլորտներում կախվածությունից, տեխնոլոգիական համագործակցություն ծավալել ԱՄՆ-ի հետ, տարածաշրջանային անվտանգության օրակարգով երկխոսել Վաշինգտոնի հետ՝ հարցը հռետորական է դառնում:

Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունը եւ Հայաստանը նույն բանը չեն: Եվ որքան էլ որ կարեւոր են պաշտոնական հարաբերությունները, եւ որքան էլ որ իշխանությունը փորձի ցույց տալ, ձեւախեղելով քաղաքական դաշտը եւ այն ռուսների հետ համատեղ լցոնելով քաղաքական աղբով, որ Հայաստանում «գլխավոր արեւմտամետն» ինքն է, կյանքը ցույց է տալիս, որ դա, մեղմ ասած, այդպես չէ: Վաշինգտոնը պետք է դիվերսիֆիկացնի իր գործընկերության մեխանիզմները Հայաստանում՝ հիմքում դնելով ընդհանուր արժեքները եւ շահերի ընդհանուր ընկալումները, ընդ որում՝ դնելով այդ երկուսը նույն հարթության վրա: Սա էապես կթուլացնի իշխանության՝ ուղղակի խաբելու հնարավորությունները, ինչպես նաեւ կկրճատի ռուսական մանիպուլյացիաների դաշտը:

Հարաբերությունների այս նոր փուլը նաեւ նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքացիական հասարակության համար, քանզի հանձին ԱՄՆ-ի՝ ունենալով արժեքների եւ շահերի ընդհանուր ընկալումներով մոտիվացված գործընկեր, էապես կարող է մեծացնել քաղաքական որոշումների վրա իր ազդեցության հնարավորությունները:

Սակայն պարզ է նաեւ, որ դաշնակից չի նշանակում, որ գալու են ու քո գործն անեն քո փոխարեն կամ էլ երկիրդ որդեգրեն եւ կերակրեն՝ հայտնի չէ, թե ինչպես եւ ինչի համար, ինչպես դա հրամցնում են ռուսամետ եւ ռուսական որոշ շրջանակներ:

Այո, մենք էլ ենք համոզված, որ Հայաստանը չի ցանկանում կրկին դառնալ Խորհրդային Հայաստան: Եվ չի էլ դառնա, եթե նույնիսկ, հիպոթետիկ, հանկարծ ցանկանա: Բայց դա դեռ երաշխիք չէ, որ անմեղսունակ քաղաքական որոշումներով մենք մեր պետականության գլխին նոր աղետ չենք բերի: Ռուսաստանն ինքն էլ չի ցանկանում, որ Հայաստանը դառնա «սովետական», քանզի դա նաեւ պատասխանատվություն եւ ծախսեր է ենթադրում: Ռուսաստանին պետք են միայն անսահմանափակ իրավունքներ, նաեւ իր ենթակառուցվածքները Հայաստանում սպասարկելու համար անհրաժեշտ բնակչություն, ոչ ավելին, եւ տարածք, որը կարող է դառնալ միջազգային առեւտրի մանրադրամ: Իսկ սա նույնիսկ շատ ավելի վատ է, քան սովետական Հայաստանը, ավելի շատ նման է նրան, թե ինչ տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանում, որը «ազատագրում էր» մեր «փրկիչ» Ռուսաստանը: Հայաստանն, ի վերջո, մինչ օրս չի օգտվում միջազգային միջոցներից, որոնք հատկացվում են սիրիացի փախստականներին տեղավորելու համար…

Մեր Անկախության 26-րդ տարեդարձին ընդառաջ՝ մենք նոր առիթներ ունենք եւս մեկ անգամ մտորելու, թե ուր է գնում Հայաստանը, եւ իրերը կոչելու իրենց անուններով՝ առանց խաբեության եւ ինքնախաբեության, այլ ոչ թե հույսներս դնելով, այս էլ որերորդ անգամ, «վերջին ճակատամարտի» եւ Հայ զինվորի քաջության վրա: Դա հենց այն է, ինչը կոչվում է պետական մտածողություն:

 

Ռուբեն Մեհրաբյան

Նկարում՝ Հայաստանի, Արցախի եւ ԱՄՆ դրոշները Բոստոնում, 2016թ (Ditord.com):

«Առավոտ» օրաթերթ

19.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930