Այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին վարչապետ Կարեն Կարապետյանին լրագրողները դժգոհեցին, որ կառավարության գործունեությունը հաջողությամբ չի պսակվում:
Կարեն Կարապետյանը հակընդդեմ հարցը տվեց՝ դուք, օրինակ, հաջողությունը ի՞նչ եք ակնկալում: Լրագրողները պատասխանեցին՝ արտագաղթը, գործազրկությունը շարունակվում է, Հայաստանը վստահելի գործընկեր չէ:
Վարչապետը արձագանքեց. «Օրինակ, դուք կառավարության աշխատանքի ինչպիսի՞ գնահատականներով եք կարծիք կազմում»: Լրագրողները պատասխանեցին՝ որ մեր մաշկի վրա զգանք, կատարած աշխատանքի արդյունքը լինի: Վարչապետն էլ պատասխանեց. «Ձեր մաշկը մի զգացողություն ունի, մեկ ուրիշ մաշկը՝ ուրիշ, ո՞նց ենք տարբերելու»:
Նա հորդորեց թվերով խոսել, հայտանիշներով, որով գնահատվում է կառավարության աշխատանքը. «Ընթացիկ մեր ցուցանիշները լավագույնն են տարածաշրջանում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում: Բավարա՞ր է, որ մեր բոլոր քաղաքացիների խնդիրները լուծենք՝ ոչ: Որ քաղաքացիներն են իրենց մաշկի վրա ինչ-որ բան զգացել, որը չէ՝ շատ սուբյեկտիվ գործոն է: Բայց մենք հստակ հաշվետու ենք՝ ինչ ենք արել՝ 6.2 տոկոս տնտեսական աճ ենք արել, 12,7 տոկոս արդյունաբերության աճ ենք արել, 21 տոկոս արտահանման աճ ենք արել, բավարա՞ր է դա, որ մենք բոլորս լավ զգանք մեզ՝ ոչ: Որեւէ երկիր չկա, որ բոլորը բավարարված են, յուրաքանչյուր քաղաքացի իր կյանքի որակը փոխելով՝ իր պահանջներն էլ են աճում: Այսօր ՀՀ բոլոր քաղաքացիներն էլ ուզում են որակապես իրենց կյանքը փոխվի: Հնարավո՞ր է մեկ տարվա մեջ բոլորինը փոխվի՝ ոչ: Եթե մենք ուզում ենք առարկայական խոսել, այլ ոչ թե էմոցիոնալ՝ մաշկի վրա չենք զգացել, շատ սուբյեկտիվ, անչափելի գործոն է: Ես ձեզ հաշվետվություն եմ տալիս թվերով, ինչ հարց ունենաք թվերի հետ կապված՝ տվեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ