Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բերքաբերի միակ աղբյուրի ջրի համար գյուղացիները վիճում են

Սեպտեմբեր 19,2017 12:37

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղում խմելու եւ ոռոգման ջրի հիմնահարց ունի: Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանն ասաց, որ այս տարի իրենք միայն մեկ ամիս են ոռոգման ջուր ստացել Աճարկուտի անտառներից ձգվող ջրագծից: Նա ասաց, որ ջրագիծը մատակարարում է սարերից հոսող գետերի ջուրը, այդ ջուրը խմելու համար պիտանի չէ: Ջրատարը ձգվում է արդեն ձեւախեղված կիսախողովակներով, ջրագիծը խիստ մաշված է, նորոգելու խիստ կարիք ունի:

Ա. Մադաթյանի խոսքերով՝ Բերքաբեր գյուղի տարածքում գտնվող ջրի ներքին ցանցը եւս նորոգման խիստ կարիք ունի, տարիներ առաջ գյուղի ներքին ցանցը, ջրի բաժանարար գծերը տեխնիկական թերություններով են գործարկվել:

Բերքաբերը գտնվում է 1980թ. գործարկված, 45 միլիոն խորանարդ մետր տարողություն ունեցող Ջողազի ջրամբարի աջ ափին: Համայնքի ղեկավարին հարցրինք՝ հնարավո՞ր չէ խողովակ գցել ջրամբարի մեջ եւ ջրամղիչ պոմպի միջոցով լճից ոռոգման ջուր մղել Բերքաբերի ցանքերն ու այգիները: Նա ասաց, որ ջրամբարի աջ ափին տեղեր կան, որոնք արհեստական լճի ձախ ափին գտնվող ադրբեջանական հենակետերից պարբերաբար կատարվող գնդակոծություններից համեմատաբար ապահով են, սակայն պոմպի գործարկման համար նվազագույնը 15-20 հազար դոլարի չափով ներդրում պետք է արվի:

Նա հայտնեց նաեւ, որ սահմանամերձ Բերքաբերը խմելու ջրի խնդիր ունի: 534 բնակիչ ունեցող սահմանամերձ գյուղի բնակիչներն օգտվում են Բերքաբերի կենտրոնում գտնվող աղբյուրից: Այդ աղբյուրի ջուրը չի բավարարում, այդ պատճառով գյուղացիները իրար հետ պարբերաբար վիճում են:

Ա. Մադաթյանի վկայությամբ՝ այդ աղբյուրի ջուրը որակյալ չէ, սակայն այն բերքաբերցիների համար խմելու ջրի միակ աղբյուրն է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930