Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Չէր կարելի առանձնացնել միայն ռուսերենը». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 19,2017 10:46

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։

-Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակումից հետո, վերջինս անընդհատ բարձրաձայնում էր ներդրումների ներգրավման մասին։ Այս մեկ տարվա ընթացքում Դուք կառավարության կողմից դրական քայլեր տեսնո՞ւմ եք։

– Ես կարծում եմ՝ այս մեկ տարվա ընթացքում ստեղծվեցին պայմաններ, որոնք որ կխրախուսեն ներդրումները։ Որովհետեւ ներդրումներից առաջ պետք է տնտեսական դաշտը մաքրվի, կարծրանա, որոշակի օրենքներ լինեն։ Ես կարծում եմ՝ այդ նախապատրաստական աշխատանքներն արվել են, հիմա սպասենք արդյունքների։

– ֊Իսկ որքանո՞վ է բարենպաստ Հայաստանում ներդրումային միջավայրը։ Դուք ի՞նչ խնդիրներ կմատնանշեք։

– Մեր ներդրումային միջավայրն իսկապես անբարենպաստ է։ Մի երկիր ենք, որ գտնվում ենք շրջափակման մեջ, մի երկիր, որը 3 մլն-անոց թշնամիներով շրջապատված է, մարդիկ զգուշանում են ներդրումներ անելուց։ Եվ դրա համար շատ կարեւոր է, որ սփյուռքահայը ներդրում աներ մի քիչ ավելի ռիսկային, քան օտարը։

– Իսկ ներդրումների ներգրավման փորձերից զատ՝ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության մեկ տարին ինչպե՞ս եք գնահատում։

– Դրական, սպասումով։ Կան բաներ, որոնք ինձ համար ընդունելի են, կան բաներ, որ ընդունելի չեն, բայց ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում։

– Իսկ որո՞նք ընդունելի չեն։ 

– Օրինակ՝ այս վերջինը, որ ռուսերեն լեզուն առանձնացրեցին։ Ես կարծում եմ, որ իսկապես օտար լեզուներից կարելի էր առանձնացնել, բայց ոչ թե ռուսերենը միայն, այլ ռուսերենն ու անգլերենը։ Եթե ռուսերենը մեր կոմունիկացիայի լեզուն է, ԵՏՄ-ում եւ նախկին սոցիալիստական ճամբարում, ապա աշխարհի համար խոսակցական, կոմունիկացիոն լեզուն անգլերենն է, եւ չէր կարելի առանձնացնել միայն ռուսերենը։

– Իսկ մի՞գուցե դա արվել է՝ ՌԴ-ին հաճոյանալու համար։

– Ես չգիտեմ՝ որն է այդպիսի որոշման պատճառը, բայց կարծում եմ, որ Հայաստանի համար կա՛մ պետք է բոլոր լեզուների վիճակը բարելավել դպրոցներում, կա՛մ, եթե առանձնացնում ենք օտար լեզուներից որոշ լեզուներ, ապա պետք է լինեին ռուսերենն ու անգլերենը։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930