Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Նավոյան. «Միայն խոսելով չէ, որ պետք է տեղի ունենա Հայաստան-Սփյուռք համագործակցությունը». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 19,2017 10:39

Հարցազրույց «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ, Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար ՅՈՒՐԱ ՆԱՎՈՅԱՆԻ հետ

-Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովն այս անգամ ընթանում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» կարգախոսով: Գործնականում ի՞նչ դերակատարություն ունեն նման հավաքները:

-Այս հավաքներն օգտակար են միասնականության դրսեւորման առումով, ինչպես նաեւ տարբեր երկրներում գործող հայ համայնքների միջեւ գոյություն ունեցող համագործակցությանը նոր լիցք հաղորդելու իմաստով: Սակայն պարզ է, որ միայն խոսելով չէ, որ պետք է տեղի ունենա Հայաստան-Սփյուռք համագործակցությունը:

Արդեն 6-րդ անգամ է, որ մասնակցում եմ նման համաժողովներին, ու համեմատելով նախորդների հետ՝ դրական առաջընթաց եմ նկատում: Այս անգամ քննարկումներ կազմակերպվեցին չորս կարեւոր ուղղություններով՝ տնտեսական, պաշտպանության, արտաքին գործերի ու Սփյուռքի նախարարությունների գծով: Եվ սա դրականորեն կանդրադառնա բովանդակության վրա, քանի որ կարգախոսային բնույթ չունի:

Եվ վստահաբար կարող եմ ասել, որ այս համաժողովն առաջին անգամ լուրջ քայլ է անում համագործակցության ու կոնկրետ ծրագրերի մշակման առումով: Նման հարթակներում պետք է քննարկվեն կոնկրետ ծրագրեր, հետեւաբար հայաստանյան եւ դրսի կազմակերպությունները նման հավաքներին պետք է ներկայանան կոնկրետ ծրագրերով, ու դրանց շուրջ պետք է լինի բանավեճ:

-Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության հիմնական խոստումը ներդրումների իրականացումն է. ստեղծվեց «Հայաստանի ներդրողների ակումբ», որի կազմում հիմնականում ընդգրկված են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները: Նրանց մեջ կա՞ Հայաստանում բիզնես ծրագրեր իրականացնելու հետաքրքրություն:

-Համաժողովում հնչած ելույթներում ամենից շատ օգտագործված բառը վստահությունն է, քանի որ ներդրումներն ուղիղ համեմատական են երկրում տիրող քաղաքական կայունությանը, տնտեսական, օրենսդրական կանխատեսելիությանն ու գրավչությանը: Ու եթե խոսում ենք մաքուր բիզնեսի մասին, ապա սրանք պարտադիր պայման են:

Ինչ վերաբերում է ռուսահայությանը, ապա կա հետաքրքրություն Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում: Տեսեք, շատ է խոսվում, որ ռուսաստանաբնակ մեր համայնքը պետք է երկու երկրների միջեւ լինի կապող օղակ, նաեւ հարց է տրվում՝ Ռուսաստանի հայ համայնքն իր ներուժին համարժեք կազմակերպվա՞ծ է:

Ռուսաստանի հայությունը, այո, հեռու լինելով իր ներուժին համարժեք ինքնակազմակերպվածության բավարար մակարդակից, այնուհանդերձ Հայաստանի տնտեսական, քաղաքական հումանիտար ոլորտներում շատ մեծ դերակատարություն ունի: Այս համաժողովին ներկայացված են հայեր ՌԴ տարբեր տարածաշրջաններից՝ Կալինինգրադից մինչեւ Կամչատկա, յուրաքանչյուրը որոշակի մարզի կյանքում որոշակի դերակատարում ունեցող անձինք են, որոնք նաեւ հայրենիքի հետ են հարաբերություններ հաստատել, իրականացնելով տարբեր ծրագրեր՝ փոքր բիզնեսը ներառյալ: Սա ինքնաբերաբար է տեղի ունենում:

Բայց դրան նոր թափ հաղորդելու համար կարեւոր է կառավարության նկատմամբ վստահությունն ու նրա գործունեության տեսանելի լինելը բոլորի համար: Շատ կարեւոր է փոխադարձ ճանաչողությունը. ե՛ւ Սփյուռքը պետք է ճանաչի Հայաստանը, ե՛ւ մեր պետական պաշտոնյաներից յուրաքանչյուրը պետք է լավ ճանաչի Սփյուռքը, կարողանա տարբեր երկրներում գործող հայկական կառույցների ու հայտնի հայերի հետ ծրագրեր իրականացնել:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930