«Սասնա ծռեր խմբավորում»-ը հաղորդագրություն է տարածել առ այն, որ քիչ առաջ Հանրապետության հրապարակից ձերբակալվել և Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել «Սասնա ծռերի» գործով մեղադրյալ, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման աջակից Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբը, Սիմեն, Էլմոնը, «Հայ կանանց ճակատի» անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը, Գեղեցիկ Տոնոյանը։
«Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ եւ «Հայ կանանց ճակատի» անդամ Սյուզան Սիմոնյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նրանց բերման են ենթարկել՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցների ներկայությամբ քաղբանտարկյալների նկարներով եւ նրանց մասին պաստառներ եւ թռուցիկներ բաժանելիս:
Սյուզան Սիմոնյանն առայժմ տեղեկություն չունի՝ ոստիկանները նրանց հանդեպ ուժ կիրառե՞լ են, թե ոչ. «Նստեցրել են մեքենան ու տարել…նրանց արգելում էին ինձ հետ խոսել հեռախոսով, դժվարությամբ տեղեկացրին պատահածի մասին»:
Սյուզան Սիմոնյանը նաեւ նշեց, որ միջադեպի մասին տեղեկացրել է փաստաբաններ Արայիկ Պապիկյանին եւ Տիգրան Հայրապետյանին, նաեւ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ արխիվային