Լրահոս
Օրվա լրահոսը

Մեռելոց, թե՞ սգո օր. Առնո Բաբաջանյանին նվիրված տոնական համերգ` Վանաձորում. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 18,2017 22:24

Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Խաչվերացի տոնը, իսկ այսօր երկրում հայտարարված էր մեռելոց: Սակայն Վանաձորում այս օրը տոնական էր: Վանաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Առնո Բաբաջանյանի անվան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, երեկոյան Հայքի հրապարակում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմական նվագախմբի համերգը:

Համերգի  հետ կապված վանաձորցիների շրջանում հակասական կարծիքներ առաջացան, այն որ մեռելոցի օրով չի կարելի կազմակերպել նմանօրինակ համերգ:

Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի, կրթության եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Գոռ Բադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք Գուգարաց թեմի հետ նախապես խորհրդակցել են, եւ որ եկեղեցին թույլատրում է այսօր համերգ կազմակերպել. «Մենք Գուգարաց թեմի հետ նախապես պայմանավորվել ենք, խոսել, քննարկել, խորհուրդ ենք հարցրել, մեզ ասել են, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր սգո օր չի հայտարարել, սա հիշատակման օր է: Հաշվի ենք առել նաեւ այն փաստը, որ եկեղեցական օրն ավարտվում է 17:00-ին, եւ դրա համար մենք համերգը ժամը 18:00-ից հետո ենք նշանակել»:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Գագիկ Մանասյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նվագախումբը միայն այսօր կարող էր համերգային ծրագրով հանդես գալ Վանաձորում. «Խորին հարգանքի տուրք  ունենք բոլոր մահացածների շիրիմների առաջ: Համերգից առաջ կլինի մի փոքր հայտարարություն, հարգանքի ու խոնարհումի խոսքեր կլինեն, որից հետո նոր համերգ կլինի: Մենք բոլորս էլ հայ ենք, եւ հասկանում ենք այս ամենի լրջությունը: Նվագախումբը միշտ տարբեր ճանապարհորդությունների մեջ է լինում, մենք հազիվ կարողացանք այս 3 օրը համաձայնեցնել: Ինքը լինելով աշխարհի լավագույն նվագախմբերից մեկն, ունի շատ խիտ գրաֆիկ: Իրենք ընդամենը այս 3 օրն են Հայաստանում»:

Վանաձորցիները քննարկում են նաեւ, որ այս ամենի միջոցով Վանաձորում փորձում են տարածել պուտինյան շունչը: Բացի այս, վերջին օրերին լայն քննարկում ծավալվեց նաեւ այն թեմայի շուրջ, որ Վանաձորի քաղաքապետարանը քաղաքի Հրանտ Մաթեւոսյանի անվան զբոսայգում տեղադրել է Վլադիմիր Պուտինի նկարը, որի մասին վերջերս ԶԼՄ-ները հայտնել էին:

Սակայն, ՌԴ նախագահի նկարը այգում տեղադրվել է շատ վաղուց, ժամանակ առ ժամանակ այն հանվում, այնուհետեւ նորից հայտնվում է այգում: Այն տեղադրված է, որպեսզի ցանկացողները լուսանկարվեն նկարի ֆոնին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930