Ռուսները լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Ուկրաինայի սահմանին, իսկ աշխարհի պետական գործիչները համաժողով են անցկացնում Կիևում, որտեղ նախագահ Պյոտր Պորոշենկոն զգուշացրել է Մոսկվայի կողմից հնարավոր հարձակման մասին: Բայց դրա հետ միաժամանակ այդ երկրում սկսվել է միանգամայն անբնական և արտասովոր իրավիճակ, գրում է «Independent»-ը:
Միխեիլ Սաակաշվիլին, որը փախել է իր հայրենի Վրաստանից իր դեմ առաջադրված կոռուպցիայի մեղադրանքների պատճառով, այժմ Լեհաստանի տարածքից մուտք է գործել Ուկրաինայի արևմուտքում: Այժմ այդ վրացի քաղաքական գործիչը սպառնում է երթով մտնել Կիև: Ըստ նախնական ծրագրի՝ նա պատրաստվում էր այս շաբաթ ժամանել Ուկրաինայի մայրաքաղաք, քանի դեռ Պորոշենկոն գտնվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստի բացմանը: Բայց այսօր Սաակաշվիլին, որը հավակնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնին, փոխել է ռազմավարությունը և հայտարարել, որ սկզբում պատրաստվում է ստանալ երկրի բնակչության աջակցությունը, իսկ հաջորդ ամիս միայն մուտք գործի մայրաքաղաք:
Նման անսպասելի որոշում Սաակաշվիլին ընդունել է գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի կողմից աջակցություն ստանալուց հետո, երբ վերջինս հայտարարեց, որ չնայած նախագահ Պորոշենկոյի ցանկություններին, ինքը չի պատրաստվում ձերբակալել Վրաստանի նախկին առաջնորդին, և նա կարող է գնալ այնտեղ, ուր ցանկանում է:
Սա պատմության մեջ հերթական շրջադարձն է հերթական շրջադարձն է, որն այդքան բնորոշ է անգամ 4 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունից և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմից հետո քաոտիկ համարվող ուկրաինական քաղաքականությանը: Այդ երկրում կոռուպցիայի թեման դեռ արդիական է, ինչն ընդհանրապես զարմանալի չէ:
Սաակաշվիլին՝ Արևմուտքի երբեմնի սիրելին, Պորոշենկոյի կարևոր համախոհներից էր: Նախագահը նրան տվեց Ուկրաինայի քաղաքացիություն և նշանակեց Օդեսայի նահանգապետ՝ բազմիցս նրան ներկայացնելով որպես մարդ, որը կարող է գլխավորել ամենուր տարածված կոռուպցիայի դեմ պայքարը: Սաակաշվիլին արագ իր համար թշնամիներ հավաքեց, որոնց շարքում գլխավորը երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն է: Վերջինս, որը միանգամայն գործում է ուկրաինական հանրային դեբատների ոգով, մի անգամ նույնիսկ Վրաստանի նախկին նախագահի վրա բաժակով ջուր է նետել՝ նրան անվանելով ծաղրածու: Դա բացարձակապես ընկերական զրույց չէր, գրում է թերթը:
Հետո Սաակաշվիլին վիճեց իր հովանավոր Պորոշենկոյի հետ՝ հայտարարելով, որ իրենց տարաձայնությունները սկսվել են այն բանից հետո, երբ ինքը սկսել է մանրակրկիտ կերպով ստուգել նախագահի մոտ շրջապատին: Սաակաշվիլին Օդեսայի նահանգապետի պաշտոնից հրաժարական տվեց Պորոշենկոյի հետ փոխադարձ սուր մեղադրանքներից հետո: Այնուհետև Պորոշենկոն նրան զրկեց Ուկրաինայի քաղաքացիությունից՝ նրան դարձնելով մարդ առանց հայրենիքի:
Սաակաշվիլին հեռացավ Ուկրաինայից, բայց խոստացավ վերադառնալ: Ի զարմանս բոլորի՝ նա արեց դա՝ Լեհաստանից Ուկրաինա ժամանելով մի խումբ համախոհների հետ:
Կառավարական պաշտոնյաները բազմիցս պնդել են, որ Սաակաշվիլին կստանա իրենը, երբ նրան ձերբակալեն և արտաքսեն Վրաստան: Բայց շաբաթ օրը հանդես գալով Յալթայի համաժողովում՝ Լուցենկոն հայտարարեց, որ որևէ մեղադրանք Վրաստանի նախկին նախագահի դեմ չի առաջադրվի: Գլխավոր դատախազը, որը նախկինում ճաղերի ետևում էր հայտնվել պաշտոնական դիրքի չարաշահման և յուրացումների մեղադրանքով, հայտարարել է. «Սաակաշվիլին չի ձերբակալվի այդ գործով և չի արտահանձնվի այլ երկիր՝ ունենալով կացության իրավունք և այլ փաստաթղթեր, որոնք նա ներկայացրել է»:
Դատախազը հրաժարվել է հայտնել՝ ինչ փաստաթղթերի մասին է խոսքը: Սակայն ընդգծել է, որ դրանք Սաակաշվիլիին օժտում են անձեռնմխելիությամբ:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում Պորոշենկոն կմեղադրի Ռուսաստանին ագրեսիայի համար և կոչ կանի Թրամփի վարչակարգին Ուկրաինային տրամադրել ծանր հարձակողական սպառազինություն: Վրաստանում Սաակաշվիլիի ժամանակաշրջանի մայրամուտը սկսվել է նրա համար ճակատագրական դարձած Ռուսաստանի հետ 9-օրյա պատերազմից հետո: Պորոշենկոյին և Սաակաշվիլիին ակնհայտորեն արհամարհող Վլադիրմիր Պուտինն անկասկած հաճույքով կհետևի՝ ինչ է տեղի ունենում Ուկրաինայում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ