Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեկիստները փորձում են նույնականացնել ռուսական մշակույթը ԿԳԲ-ի եւ բոլշեւիզմի հետ». Հավաքի մասնակից

Սեպտեմբեր 18,2017 20:20

Սեպտեմբերի 18-ին Ազատության հրապարակում կայացած հավաքը նվիրված էր Հովհ. Թումանյանի թանգարանում բացված եւ հետագայում արգելված «Խավարում» ցուցահանդեսին:

Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, կազմակերպել էր Սովետական Հայաստանի քաղաքական և պետական գործիչների և պաշտոնյանների կյանքին վերաբերող ցուցահանդես, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել 1920-ական, 1930-ական թթ. տեղի ունեցած բռնաճնշումներին, հալածանքներին գնդակահարություններին և աքսորներին։

Ցուցահանդեսը նախատեսված էր մինչև տարեվերջ, սակայն այն տևեց ընդամենը 22 օր։ Մշակույթի նախարարությունը փակեց ցուցահանդեսը՝ պատճառաբանելով, թե նախապես համաձայնեցված չէր եւ «մի փոքր քաղաքականացված» էր:

Հավաքի մասնակիցներից Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ Ռուսաստանն արգելում է մեր պետության ներսում ներկայացնել մեր իսկ մշակույթը. «Ըստ էության նրանք քթները խոթում են մեր մշակույթի ներկայացման ձեւերի մեջ»: Նրա խոսքով, Սարգիս Կասյանն ու մյուսները բնավ Հայաստանի պետական գործիչներ չեն եղել, Խորհրդային միության պաշտոնյաներ են եղել, որոնց համար հիմա Ռուսաստանը պատիվ է պահանջում ցուցահանդեսի փակմամբ եւ այլ քայլերով:

Դավիթ Սանասարյանի խոսքերով, ՀՀ իշխանությունները սովետական ԿԳԲ-ի միջոցներով փորձում են լռեցնել ամեն բան: Նա ասաց, որ Զարուհի Մուրադյանն առաջարկել է Սարգիս Մուրադյան պատկերասրահում կազմակերպել նույն ցուցահանդեսը, սակայն իրենք կողմնակից են ավելի մարդաշատ ու հանրային վայրերում ցուցադրել«Խավարում» ցուցահանդեսի պաստառները: Նրա ձեւակերպմամբ, «Ցուցահանդեսի փակմամբ, ուղղակի չանչ են գցել, ու իրենց չանչին պետք է ապտակով պատասխանել: Սակայն, ավելի կարեւոր խնդիր է ռուսաց լեզի փաթաթումը մեր աշակերտների վզին, մեր ներկայի ու ապագայի վրա»:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն առաջարկում է համախմբվել ու համր ցույցեր անցկացնել: Նրա առաջարկով, յուրաքանչյուրն իր ընտանեկան արխիվից իր հալածյալ նախնիների նկարները պաստառներ դարձրած՝ կարող է համր ցույցի մասնակցել: Նա շեշտեց, որ խնդիրն ավելի խորը ենթատեքստ ունի, ուղղված է մեր ինքնության դեմ: Խզմալյանի մյուս առաջարկն էր հայոց այբուբենը տպել շապիկների վրա ու այդպես համր ցույցերի մասնակցել:

Տիգրան Խզմալյանը նշում է, որ հզոր թվացող Ռուսաստանն իրականում թույլ է, եւ նման քայլերը հոգեւարքի ցուցանիշ են` տնտեսական, ռազմաքաղաքական եւ այլ պատճառներով: Նրա համոզմամբ, Հայաստանին ծուղակի մեջ են ուզում գցել. «Չեկիստները, որ 1999-ին իշխանության եկան Ռուսաստանում, դրանից հետո էլ Հայաստանում եկան, հոկտեմբերի 27-ը եղավ 99-ին, տեռորիստական հեղաշրջում, ապա երկու ամիս անց Ելցինը չեկիստներին հանձնեց իշխանությունը, իսկ ռուսական հատուկ ծառայությունները դա փորձարկեցին Հայաստանում՝ սպանելով: Ծուղակն էլ սա է՝ չեկիստները փորձում են նույնականացնել Ռուսաստանը, ռուսական մշակույթը եւ ռուսերենը ԿԳԲ-ի եւ բոլշեւիզմի հետ, դրա համար մեր պայքարն անվանում են հակառուսական, ասելու համար, որ սա նեղմիտ ազգայնամոլություն է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930