Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր ողջ հայության գոյատևման հարցն է լուծվում». Վազգեն Մանուկյան

Սեպտեմբեր 18,2017 20:05

Վազգեն Մանուկյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր ելույթ է ունեցել Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում՝ «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» խորագրով ուղղության շրջանակներում: Անդրադառնալով բանակի դերին, ազգ-բանակ գաղափարախոսությանն ու Ղարաբաղյան հիմնախնդրին՝ նա նշել է, Ադրբեջանի ղեկավարությունը պարզ հասկանում է, որ Արցախը երբևէ չի լինելու իր կազմում և միաժամանակ չհամակերպվելով այդ մտքի հետ՝ փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով. «Սա նշանակում է, որ մենք երկարատև մի ժամանակաշրջան գտնվելու ենք ռազմական, քաղաքական և տնտեսական կատաղի մրցակցության մեջ»,-նշել է Մանուկյանը:

Ազգ-բանակ գաղափարախոսությունն առաջ քաշելու անհրաժեշտությունը, սակայն, Մանուկյանը պայմանավորել է ոչ միայն Արցախյան հիմնախնդրով, այլ նաև ներկա աշխարհաքաղաքական վերադասավորումներով. «Երբեք աշխարհն այսպես քաղաքական անորոշության մեջ չի եղել»,-ասել է Մանուկյանը՝ պարզաբանելով, որ երբ ավարտվեց սառը պատերազմը, Խորհրդային միությունը փլուզվեց, և Հայաստանն անկախացավ, շատ քաղաքական գործիչներ կարծում էին, որ սկսվում է մի նոր, ոսկե ժամանակաշրջան, երբ նվազելու է միջազգային լարվածությունը, ավարտվելու են պատերազմները, համագործակցություն և զարգացման նոր հոսք է առաջ գալու: -Բայց ժամանակները փոխվեցին, և պարզվեց, որ աշխարհը հավասարակշռության մի կետից մուտք է գործում մի նոր հավասարակշռության կետ, որի մասին ոչ ոք գաղափար անգամ չուներ: Եվ տեսեք, թե ինչ լարվածություն այսօր կա Միացյալ Նահանգներում, ինչ է կատարվում Եվրոպայում, ինչ հակասություններ են նորից առաջացել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ինչ տեղի ունեցավ Արաբական հեղափոխությունների ժամանակ, ինչպես առաջացան խմբեր, որոնք փորձում են ստեղծել իսլամական պետություն: Սա մի նոր երևույթ է, և տասնյակ ժողովուրդներ մտել են լարված այս պայքարի մեջ: Եվ այն ժողովուրդները, որոնք չեն դրսևորի նոր գաղափարներ, նոր սկզբունքներ և չեն ստեղծի անվտանգության նոր երաշխիքներ, դատապարտված են ոչնչացման կամ դառնալու երկրորդական լճակներ արագ փոփոխվող աշխարհում: Այնպես որ, եթե Ղարաբաղյան հարցն էլ չլիներ, Թուրքիայի պրոցեսներն էլ չլինեին, այս ամենը ևս մեզ պարտադրելու էր համախմբվել, հատկապես, որ կա մի հանգամանք ևս՝ արտագաղթը»:

Անդրադառնալով արտագաղթի հիմնախնդրին ու դրա որոշ պատճառներին՝ սոցիալ-տնտեսական խնդիրներ, անարդարություն, գլոբալ տեղաշարժ աշխարհում և այլն, Վազգեն Մանուկյանն առանձնացրել է ևս մի դրդապատճառ. «Մարդկանց մի մասն ուզում է փախչել, խուսափել այն պատասխանատվությունից, որը դրված է Հայաստանում ապրող ժողովրդի ուսերին,-նշել է նա,-բայց միայն 3 միլիոնով դիմագրավել այս մարտահրավերներին, կառուցել բարգավաճող պետություն, իհարկե, շատ դժվար կլինի: Ու հիմա ողջ հայության գոյատևման հարցն է լուծվում: Եթե ողջ հայությունն այսօր համախմբված չլինի, այդ խնդիրները լուծում չեն կարող ստանալ»:

Ըստ Մանուկյանի՝ խոսքն այսօր գնում է Հայաստան-Սփյուռք համագործակցության նոր կազմակերպական ձևերի մասին: «Այժմ աշխարհում պետությունների միջև մրցակցությանն ավելացել է նաև տրանսնացիոնալ ընկերությունների, ցանցային խմբերի միջև մրցակցությունը: Հայ ժողովուրդը պիտի դառնա այդպիսի մի ցանց, համախմբված մի ցանց, որ դիմակայի այդ ամենին: Սա նոր խնդիրներ է դնում և՛ սփյուռքահայության, և՛ Հայաստանի իշխանությունների ու հասարակության առջև»:

Մանուկյանը նաև նշել է, որ քաղաքական անորոշությունը, երբ աշխարհը մի հավասարակշռության կետից անցնում է մյուսին, ոչ միայն սպառնալիքներ է ստեղծում, այլև նոր հնարավորություններ է բացում հայության առջև աշխարհում գրավելու առավել ազդեցիկ ու կարևոր տեղ, քան նախորդ ժամանակաշրջանում. «Այսինքն, սա և՛ սպառնալիք է, և՛ նոր հնարավորություն, որից պետք է օգտվել: Միաժամանակ սա լարված աշխատանք է պահանջում և՛ տնտեսության, և՛ քաղաքականության մեջ, և՛ ռազմական գործում: Բայց որպեսզի այն ստացվի, չպիտի լարվածությունը կրի ժողովրդի մի շերտը, իսկ լարվածության շնորհիվ ստացված քաղցր արդյունքներից օգտվի ժողովրդի մյուս շերտը: Իշխանությունն ու հասարակությունը պիտի կրեն նույն լարվածությունը և միաժամանակ պիտի օգտվեն այն պտուղներից, որոնք կստացվեն այդ աշխատանքի շնորհիվ»:

Կարևորելով Պաշտպանության նախարարության՝ զինվորական ծառայության հետ կապված նոր ծրագրերը՝ Մանուկյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է պատիվ լինի բանակում ծառայելը: «Իսկ նա, ով կխուսափի ծառայությունից կամ իր երեխաներին կազատի, դա մեծ ամոթ պետք է լինի, իսկ կենսագրության համար՝ մեծ հարված: Նա իրավունք պիտի չունենա պետական պաշտոն զբաղեցնել»,-ընդգծել է Մանուկյանը:

Անդրադառնալով զինված ուժերի հզորացմանն ու արդիականացմանը՝ պաշտպանության նախկին նախարարը վերհիշել է Արցախյան պատերազմն ու նշել, որ դեռևս այն ժամանակ իրենք կարևորել են ժամանակակից տեխնոլոգիաների դերը զինված ուժերում ու պատերազմում. «Եթե մենք միայն ավտոմատներով կռվեինք, ապա կպարտվեինք: Ավտոմատների հետ մեկտեղ մենք օգտագործում էինք ամենաժամանակակից տեխնոլոգիական սարքավորումները, մեր պատերազմին մասնակցում էին գիտնականներ, գիտական ինստիտուտներ, ինժեներներ, գործարաններ: Առանց դրա, միայն զինվորով պատերազմում չես հաղթի: Եվ ես մեծ ամոթ զգացի, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը ցույց տվեց, որ գոնե տեխնոլոգիական հնարավորություններով, այդ թռչող սարքերով մեզանից առաջ է: Եվ հիմա մենք պետք է այդ ուղղությամբ արագ առաջ գնանք: Ես տեսնում եմ, որ Պաշտպանության նախարարությունն արդեն քայլեր կատարում է»:

Վազգեն Մանուկյանը կարևորել է նաև սահմանամերձ գոտու զարգացումը: Նա նշել է, որ սահմանամերձ համայնքներում մարդիկ ոչ միայն պետք է պաշտպանված լինեն, այլև պետք է սոցիալապես ապահովված լինեն. «Ուստի Պաշտպանության նախարարությունը պետք է խրախուսի, որպեսզի բանակի կարիքների համար անհրաժեշտ ապրանքի մի մասը՝ հագուստ, կոշիկ, մթերք և այլն, պատվիրվի հենց սահմանամերձ գյուղի բնակիչներին: Այնտեղ կառաջանան փոքր ձեռնարկություններ, արտադրության միջոցներ, որոնք ոչ միայն կսպասարկեն բանակին, այլև կնպաստեն, որ ժողովուրդն այնտեղ ապրի»:

Ազգ-բանակ բանաձևը մի կողմից դեռևս քննարկումների փուլում է, մյուս կողմից՝ միս ու արյուն ստացած ծրագրեր, և Մանուկյանը հույս է հայտնել, որ այդ ծրագրերը կիրականացվեն ու կտան սպասված արդյունքները. «Բայց մի հանգամանք էլ կա. չի կարելի վերևից ծրագրեր կազմել և պարտադրել, որ ժողովուրդն այդ ծրագրերով ապրի: Ցանկացած ծրագիր՝ կապված Ազգ-բանակի հետ, պետք է լայնորեն քննարկվի հանրության շրջանում, դառնա ժողովրդի համար հարազատ, որպեսզի ժողովուրդն էլ հասկանա, որ ինքը գնում է լարվածության, բայց միաժամանակ ստանում է պտուղներ: Եթե ժողովուրդը դա չզգա, այդ ծրագրերը կմնան թղթի վրա կամ կիսատ-պռատ կիրականացվեն: Ես կարծում եմ, որ մենք այսօր մտել ենք մի ժամանակաշրջան, երբ բոլոր նախադրյալները կան, որ այդ ամենը կատարվի: Ժողովրդի վստահությունը ստանալով՝ մենք կարող ենք գնալ առաջ»,-ամփոփել է Վազգեն Մանուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930