Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե Կարեն Կարապետյանը վերջին չորս տարում 731 օր եղել է Հայաստանում, ուրեմն ապրիլից հետո էլ կարող է լինել ՀՀ վարչապետ». Վարդան Այվազյան

Սեպտեմբեր 18,2017 19:01

«Եթե Կարեն Կարապետյանը վերջին չորս տարում 731 օր եղել է Հայաստանում, ուրեմն խնդիր չկա, 2018-ի ապրիլից հետո էլ կարող է զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը: Դա կարգավորվում է ՀՀ ընտրական օրենսգրքով»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` 2018-ի ապրիլից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելուն, այսպես պարզաբանեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:

Հիշեցնենք` «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը հայտարարել էր, որ, եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոխվի կամ չխախտվի, ապա գործող վարչապետը չի կարողանա հաջորդ տարվա ապրիլին պաշտոնը նորից զբաղեցնել: Ըստ նրա` գործող վարչապետը երկքաղաքացիություն ունի, իսկ երկրի Սահմանադրությունը թույլ չի տալիս երկքաղաքացիություն ունեցող անձանց իրենց թեկնածությունն առաջադրել: Դրա համար նա գոնե պետք է վերջին 4 տարիներին լիներ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մինչդեռ նա ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի քաղաքացի է:

Պարոն Այվազյանը կասկածի տակ է դնում այն, որ ՀՀ վարչապետը երկքաղաքացի է. «Դուք վստա՞հ եք, որ նա երկքաղաքացի է: Ինքն ի ծնե ՀՀ քաղաքացի է եղել, վստա՞հ եք, որ ՌԴ-ում աշխատելու ժամանակ երկքաղաքացի է եղել»:

Մեր այն հիշեցմանը, թե Արա Պապյանը հայտարարել է` Կարեն Կարապետյանը երկքաղաքացի է, մեր դիտարկմամբ էլ  հասարակության համար տեսանելի է, որ վերջին չորս տարում մշտական բնակություն չի հաստատել Հայաստանում, պարոն Այվազյանն արձագանքեց, թե փողոցում պատի տակ արևածաղիկ վաճառող տատիկներն էլ կարող են շատ բան ասել, բայց արդյոք իրավունք ունե՞նք հիմք ընդունելու.

«Հասարակությունը գնացել է վարչապետի տուն, տեսել ինքը Հայաստանում է, թե Ռուսաստանո՞ւմ: Եթե ասածը փաստերով հիմնավորվի, ուրեմն Կարեն Կարապետյանը 2018-ի ապրիլից հետո իրավունք չունի վարչապետ լինելու, բայց եթե հիմնավորված չէ, ուրեմն բամբասանքներով ենք զբաղվում: Եթե պաշտոնական փաստաթուղթ ցույց տաք, որ Կարեն Կարապետյանը երկքաղաքացի է և վերջին չորս տարվա կեսից ավելին Հայաստանում չի բնակվել, ուրեմն չի կարող լինել ՀՀ վարչապետ. Սահմանադրության նորմը միանշանակ է»:

Վարդան Այվազյանից հետաքրքրվեցինք` ռիսկեր կա՞ն, որ ՀՀ իշխանությունները, եթե հստակ որոշեն, որ 2018-ից հետո ՀՀ վարչապետ պետք է շարունակի լինել գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, փոխեն ՀՀ սահմանադրությունը, պարոն Այվազյանը պատասխանեց. «Ռիսկեր Սահմանադրության կետը փոխելո՞ւ, մոռացեք: Դա զրոյական է, նման բան գոյություն չունի: Սահմանադրությունը տոնածառի խաղալիք չէ, որ մեկ օրում փոխեք: Անգամ լավագույն ցանկության դեպքում ժամանակը չի հերիքի դա անել»:

Պարոն Այվազյանը, հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքին, Կարեն Կարապետյանի` մշտական բնակության տևողությունը հաշվելու մի բանաձև նշեց. «Տարվա 365 օրը բազմապատկում ենք 4-ով, բաժանում 2-ի, գումարում մեկ: Իսկ մենք ունե՞նք իրական տեղեկություններ, որ Կարեն Կարապետյանն այսքան օր Հայաստանում չի բնակվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930