Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակահայկական քարոզչության ազդեցությունը Արցախի հանրության վրա. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 18,2017 18:33

Ադրբեջանական տեղեկատվական քաղաքականության դրսևորումները հայկական տեղեկատվական տիրույթում տարբեր դրսևորումներ են ունենում: Զեկույցումս առանձին կանդրադառնամ հակահայկական քարոզչությանը ազդեցությանը արցախյան հասարակության վրա:

Միանգամից նշեմ, որ ադրբեջանական քարոզչությունը Հայաստանի և Արցախի հասարակությունների վրա տարբեր տարբեր ձևերով է ներգործում:

Եթե որոշակի դեպքերում նույնիսկ հայաստանյան լրատվական դաշտն է դրան արձագանքում, քննարկումների դաշտ ստեղծելով նաև սոցիալական ցանցերում, ապա շատ դեպքերում Արցախում դրանք նույնիսկ կենցաղային խոսակցության առարկա չեն դառնում:

Պատահական չէ, որ արցախյան տարբեր գերատեսչություններ որոշակի դեպքերում արձագանքում են Արցախի վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներ միայն այն պատճառով, որ դրանք իրենց մեջ ռիսկեր են պարունակում տեղեկատվական սպառնալիք ստեղծել ոչ թե Արցախում, այլ Հայաստանում:

Ապրիլյան մարտական գործողություններից հետո Ադրբեջանը ավանդական քարոզչական գործիքներից բացի բավականին ակտիվ է առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ:

Հատկապես վերջին 7-8 ամիսների ընթացքում Ադրբեջանը բավականին մեծ քանակությամբ տեսանյութեր է դրել շրջանառության մեջ, որոնք իբրև թե ապացույցներ է պարունակում առաջնագծի այս կամ այն ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած հաջողակ, «հակահարվածների» վերաբերյալ:

Վերջին ամիսներին տարածվող տեսանյութերի առանցքը՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեսանկարահանումներն են շփման գծի մի շարք ուղղություններով, որոնց կադրերն օգտագործելով Ադրբեջանը մարդկային ուժի, զինտեխնիկայի, կրակակետերի խոցման մասին մոնտաժային նյութեր է ստանում:

Իմ մեկնաբանություններով, ես որպես կանոն, ադրբեջանական քարոզչության այս դրսևորումների մասին խոսելիս «մոնտաժային պատերազմ» եզրույթն եմ օգտագործում, որովհետև տեղեկատվական հարթակում առավելության հասնելու ճանապարհին Ադրբեջանը նաև այս ուղղությամբ է համառ ջանքեր գործադրում:

Պետք է նշեմ, որ տարեսկզբին Ադրբեջանին հաջողվել է մի քանի թիրախային խոցում իրականացնել, ինչի արդյունքում պաշտպանական բանակը և մարդկային ուժի, և ռազմական տեխնիկայի և պաշտպանական կառույցի կորուստ է ունեցել, սակայն նմանատիպ միջադեպերը Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայության կողմից ներկայացվել է:

Ճիշտ է՝ այս թիրախային կորուստներից հետո պաշտպանության բանակը ոչ համաչափ հարվածներով առավել մեծ կորուստներ է պատճառել Ադրբեջանին, սակայն այդ երկրի ռազմական-քարոզչական ղեկավարության համար ադրբեջանական բանակի կորուստները երկրորդական են:

Կարևոր է, որ ունեն 1-2 հաջողված օպերացիա, ինչից փորձում են ստանալ 10-15 անգամ ավելի մեծ էֆեկտ, իհարկե, այս ճանապարհին քողարկելով մինչ այդ հայկական կողմից կանխարգելիչ կամ պատասխան գործողություններից հետո ունեցած կորուստները:

Վերջին շրջանում առավել ակտիվ հանդիպող քարոզչական հնարքներից է՝ սոցիական ցանցերի հայկական տիրույթի օգտատերերին հղում անելով, այսպես կոչված, զինվորների մահվան կամ վիրավորների մասին բացահայտումները:

Մի դեպքում, ըստ էության ադրբեջանական լրատվամիջոցների հղումները անանուն են, որովհետև հղում է կատարվում հայկական մի քանի միլիոնանոց տիրույթի ինչ որ անհայտ օգտատիրոջ կամ հայկական անվամբ իրականում հանդես են գալիս ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալները:

Ի դեպ, ապրիլյան մարտակա գործողությունների ժամանակ ևս ադրբեջանական կողմը հայկական ազգանմամբ օգտատերի պրակտիկան ակտիվ գործածում էր և այդ օրերին մեծ թվով օգտատետեր բացահայտվեցին, ովքեր մինչ այդ ևս, տարբեր հասարակական կառույցների կամ քաղաքական ուժերի համախոհների անվան տակ կեղծ գրառումներ էին կատարել:

Օրինակ՝ շաբլոն օգտագործվող հնարքներից է, զինվորական մեքենաների վթարների մասին կեղծ լուրերի տարածում, որում որպես կանոն 3-ից ավելի կորուստների և վիրավորների մասին տեքստեր են տարածվում:

Հիմնական շեշտն ադբեջանական կողմը փորձում է դնել այն միջադեպերի վրա, որոնք նույնանման ձևով 1-2 տարվա ընթացքում տեղի են ունեցել, ուղղակի այն տարբերության, որ կեղծ լուրերում որպես կանոն զոհերի և վիրավորների թեման շեշտված է, իսկ կորուստների թիվը՝ նկատելի մեծ:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը նմանատիպ տեղեկատվության ակտիվ շրջանառությամբ երկու հիմնական խնդիր է լուծում՝ մի կողմից ազդել սեփական հանրության վրա՝ ի ցույց դնելով հաղթական ադրբեջանական բանակի հաջողակ օպերացիաները, երկրորդ, ազդել Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների վրա՝ ցույց տալու հայկական բանակի անկարողությունը՝ զսպելու ադրբեջանական սադրանքները:

Մեծ առումով, երկու տեսանկյունից, դժվար է Ադրբեջանի համապատասխան պատասխանատուների աշխատանքը արդյունավետ համարել:

Օրինակ՝ նույնիսկ Ադրբեջանում ստեղծված տեղեկատվական բլոկադայի պայմաններում, բավականին ակտիվ «լուսավորչական» դեր են կատարում արդեն տևական ժամանակ այլ երկրներում քաղաքական ապաստան ստացած Ադրբեջանի քաղաքացիները՝ քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, բլոգերները, որոնք առավել անկաշկանդ, առավել անվտանգ տարածքներից ներկայացնում են այն, ինչ հնարավոր չէր մինչ այդ ներկայացնել Ադրբեջանից:

Ներկայումս մեծ թվով տեղեկատվություն նաև դուրս է հոսում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթից, որովհետև բոլորին արգելափակել հնարավոր չէ, եթե նույնիսկ հնարավոր է, ապա մեկ է՝ որոշակի տեղեկատվություն ճշմարտության մասին ամեն դեպքում այդ ճանապարհով դուրս է գալիս:

Օրինակ՝ որոշակի տեղեկատվություն հնարավորություն է դառնում իմանալ հատկապես ադրբեջանական բանակում գրանցվող մահվան ելքով միջադեպերի մասին: Եթե Ադրբեջանաի պաշտպանական գերատեսչությունը օրենսդրական դաշտի կարգավորումներով՝ ավելի ճիշտ՝ սահմանափակումներով, քողարկում է այս կամ այն միջադեը, հատկապես հայկական զինուժի պատասխան գործողությունները, ապա սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր որպես կանոն լուսանկարներ՝ համապատասխան տեքստերով, շրջանառում են իրենց քաղաքներում, գյուղական համայքններում տեղի ունեցած թաղման արարողությունների կամ զոհվածների ընտանիքների մասին մանրամասնություններով:

Պատահական չէ, որ ադրբեջանական հառուկ ծառայությունները նաև մեծ «որս» են սկսել նաև հասարակ օգտատերերի նկատմամբ:

Պետք է խոստովանել, որ սկզբնական փուլում, ադրբեջանական քարոզիչների հատվածական առումով հաջողվում էր խայծը հասցնել հայկական մամուլ, որոնք շատ ժամանակ առանց ՀՀ ՊՆ կամ Արցախի ՊԲ պարզաբանմամբ հրապարակվում էին, սակայն ժամանակի ընթացքում գիտակցելով, որ ոչ միայն ադրբեջանական քարոզիչների զոհն են դառնում, լրատվական դաշտի իրենց գործընկերների կոշտ քննադատությանը, ապա հիմա այդ տեսայութերը շատ ժամանակ նույնիսկ լրագրողական հետաքրքրությունների առարկա չեն դառնում:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա այստեղ շրջապատում շատ են զինվորականները, փոքր տարածք է, եթե նույնիսկ առաջնագծում որևէ միջադեպ է գրանցվում շատ արագ է տարածվում և բարդ է նման քարոզչական հնարաքներով մարդկանց ապակողմնորոշելը, առավել ևս՝ ազդել ընդհանուր տրամադրությունների վրա:

Կրկնում եմ՝ դա է պատճառը, որ շատ դեպքերում Արցախի պաշտպանական գերատեսչության պարզաբանումները, մեկնաբանությունները ուղղված ոչ թե Արցախում, այլ հայաստանում  ապրող մարդկանց, միջազգային հանրությանը:

Արցախում ապրող մարդու համար ադրբեջանական քարոզչական ջանքերը զրոյական էֆեկտ ունեն, եթե նա ամեն օր տեսնում և զգում է բանակաշինության մեջ ներդրվող գումարներն ու ջանքերը, առավել անվտանգ դարձող առաջնագիծ, որը հատկապես վերջին 1-1.5 տարիների ընթացքում ամբողջովին հագեցվել է ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Միջին վիճակագրության արցախցու վրա ազդում է այն տնտեսական ցուցանիշները, որոնք արձանագրվում են վերջին 10 տարիներին, նույնիսկ՝ ապրիլյան մարտական գործողություններից հետո:

Եթե հետպատերազմական 2017-ին Արցախի տնտեսությունը կիսամյակային ցուցանիշներով 15% աճ է գրանցում, ապա հասկանալի է, որ Արցախում ապրող մարդուն անհետաքրքիր է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ավանդական տարածվող տեսանյութերն ու հրապարակումներն այն մասին, թե որքան վատ է Արցախում կամ որ հայերը դիմադրելու ռեսուրսներ չունեն:

Ներկայումս Արցախում իրականացվող տեղեկատվական քաղաքականության հիմքում իրավիճակին, այդ թվում՝ ճգնաժամային, օպերատիվ, օբյեկտիվ արձագանքելու մոտեցումն է:

Անչափ կարևոր է նաև տեղում անհրաժեշտ պայմանների ստեղծումը, ինչը հնարավորություն կտա առաջնագծում իրադրության կտրուկ սրման կամ ռազմական գործողությունների ժամանակ ապահովելու ինչպես Արցախում և Հայաստանում, այնպես էլ՝ դեպի արտաքին աշխարհ, անհրաժեշտ տեղեկատվական հոսքերի ապահովումը:

Այդ նպատակով, Արցախում տեղեկատվական անվտանգության գործառույթներն իրացնելիս հիմնականում երկու ուղղությամբ է աշխատանքներն ընթանում:

Առաջին, պաշտպանական բանակում ստեղծվել է տեղեկատվական կենտրոն, որը ճգնաժամային իրավիճակում ոչ միայն անհրաժեշտ տեղեկատվություն է ապահովելու ԶԼՄ-ների, այդ թվում՝ միջազգային լրատվական գործակալությունների համար, այլ անհրաժեշտ պայմաններ է ստեղծելու լրատվամիջոցների աշխատանքների համար:

Երկրորդ ուղղությունը, դա Արցախի պետական գերատեչությունների լրատվական ծառայությունների աշխատանքն է և դրանց ներդաշնակեցումը ինչպես Արցախի ներսում, այնպես էլ՝ Հայաստանի պետական մարմինների մամուլի ծառայությունների հետ:

Այս գործառույթը կարևոր է նաև հարաբերական խաղաղ պայմաններում աշխատանքի արդյունավետության ապահովման և կանոնավոր տեղեկատվության տրամադրման առումով:

Ճիշտ է՝ ընթացիկ աշխատանքներ իրականացվում են, սակայն տեղեկատվական անվտանգության ապահովման հարցում ուժերի համախմբումը Հայաստան-Արցախ-սփյուռք ձևաչափում կենսական անհրաժեշտություն է, որի ուղղությամբ աշխատանքները պետք է առավել ակտիվ հուն մտցնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930