Լրահոս
Օրվա լրահոսը

«1800 սփյուռքահայեր բերել-լցնելով դահլիճ` բաժակաճառեր են ասում ու երկիրը ծաղկեցնելու խոստումներ շռայլում»

Սեպտեմբեր 18,2017 17:57

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը`Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի մասին

– Ի՞նչ է խոստանում Հայաստան-սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը: Այն ըստ Ձեզ, հերթակա՞նն է, թե այս ընթացքում  գիտակցվել եւ ձեւակերպվել են առկա խնդիրները, դրանք համատեղ լուծելու ճանապարհները կամ յուրաքանչյուրի պարտավորության եւ պատասխանատվության չափը:

– Հայաստանի իշխանությունների համար այս համաժողովն, անշուշտ, հերթականը չէ` այն ունի կարևոր քաղաքական նշանակություն: Համաժողովը տեղի է ունենում այս գարնանն անցկացված խորհրդարանական «ընտրությունների» և եկող գարնանը սպասվող խորհրդարանա-վարչապետական կառավարման ձևին անցում կատարելու միջակայքում: Պարոն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն իրենց բնորոշ ոճով ապահովել են  ՀՀ ԱԺ-ում  անհրաժեշտ տեղերը, ստացել են իրենց կրտսեր քաղաքական գործընկերների հավաստումն առ այն, որ  ԱԺ վերջին «ընտրություններն»  աշխարհում ամենաթափանցիկն ու արդարն են եղել և այժմ խնդիր ունեն նաև Սփյուռքն իրենցով անելու: Մարդիկ 1800 սփյուռքահայեր բերել-լցնելով դահլիճ՝ բաժակաճառեր են ասում ու երկիրը ծաղկեցնելու խոստումներ շռայլում: Խոստումները հրապարակավ շռայլվում են վաղուց, մինչդեռ երկրի ու ժողովրդի վիճակն անշեղորեն վատանում է: Երկրի ու ժողովրդի վիճակն անշեղորեն վատանում է, իսկ մեր հայրենի  կառավարիչները զուգահեռաբար նույնքան անշեղորեն պարարտանում, իրենց ու իրենց զավակների ունեցվածքն են բազմապատկում:

Արման Մելիքյան

Ոմանք երբեմն զարմանում են, թե Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինչի՞ն էր պետք կոալիցիա կազմել ՀՅԴ-ի հետ: Ի թիվս մի շարք այլ կարևոր պատճառների, կարելի է հիշատակել նաև, թերևս, ամենակարևորը`Դաշնակցությունն է այն հիմնական խողովակը, որն ապահովում է ՀՀ գործող վարչակազմի ազդեցությունը Սփյուռքում, արդարացնում այս վարչակազմի  վարած քաղաքականությունը և պատրաստակամ է կիսել դրա պատասխանատվությունը: Ուստի պետք չէ անհիմն պատրանքների գերին դառնալ` մերօրյա Հայաստանում պատասխանատվություն ասվածը հարգի չէ` տարիների փորձը ցույց է տալիս, որ մեզանում մեծ-մեծ խոստումները սովորաբար տրվում են մանրիկ անձնական խնդիրներ լուծելու նպատակով:

– Իր ելույթում այսօր բավական ուշագրավ դիտարկումներ արեց Արամ Ա կաթողիկոսը`ասելով, որ վայ Սփյուռքին, եթե Հայաստանին վերաբերվի միայն իբրեւ բիզնեսի շուկա կամ զբոսավայր: Նա քննադատեց նաեւ Հայաստանից արտագաղթի մեծ տեմպերը, Հայաստան-սփյուռք հարաբերություններում խոսեց վստահության եւ պատասխանատվության պակասից: Ի՞նչը նրան ստիպեց այս ամենի մասին խոսել հրապարակային: Կարծում եք, Արամ Ա-ի խոսքը կսթափեցնի՞ Հայաստանը կառավարող կոալիցիոն ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ղեկավար այրերին:

-Արամ Ա կաթողիկոսն, անշուշտ փայլուն հռետոր է և առաջին անգամը չէ, որ իր խոսքում նա ՀՀ գործող իշխանության համար տհաճ ակնարկներ է անում: Բայց սովորաբար ամեն բան այդ ակնարկներով էլ ավարտվում է. մի կողմից ստացվում է, որ, այնուամենայնիվ, ինչ-որ դառը ճշմարտությունների մասին ինչ-որ բան է ակնարկվում` հոգևորականին վայել վերացական-խրատական ոճով, իսկ մյուս կողմից, ամեն բան դրանով էլ հենց սահմանափակվում է: Առարկայական ոչ մի եզրահանգում կամ գործողություն դրան չի հետևում: Դրա շարունակությունն էլ այն է լինում, որ իշխանությունն իր կողմից ձևավորված օրակարգն է հրամցնում և սովորաբար ստանում այն, ինչն իրեն անհրաժեշտ է: Սփյուռքի ներկայացուցիչներն էլ գալիս են այստեղ, ասում են, որ Սփյուռքը չպետք է Հայաստանը դիտարկի որպես զուտ տուրիզմի կամ բիզնես վարելու համար ինչ-որ հարթակ և իրենց շոյված են զգում միայն այն մտքից, որ հայաստանյան ամբիոնից խոսելու և լսելի լինելու հնարավորություն են ունեցել: Ճիշտ է, այս անգամ խոսվեց նաև երկրի կառավարման գործին սփյուռքահայ մասնագետների մասնակցության անհրաժեշության մասին: Բայց արդյունքում, միևնույն է, ստացվում է, որ Հայաստան ժամանած սփյուռքյան կարկառունները  հավան են հայաստանյան իշխանության գործողություններին, վստահում և սատարում են այս վարչակազմին: Սատարում են այս վարչակազմին և, այդպիսով, սատարում արտագաղթին, մենաշնորհներին, կոռուպցիային, անօրինության և անարդարության մյուս դրսևորումներին:

– Համաժողովում ՀՀ  եւ Արցախի նախագահների ելույթները ի՞նչ են հուշում: Արամ Ա-ի հնչեցրած մտահոգությունները կփարատվե՞ն:

– Այն տպավորությունն ունեմ, որ Հայաստանում  իշխանավորի խոսքին լուրջ են վերաբերվում գերազանցապես միայն իրենք` իշխանավորները: Այն էլ ոչ թե այն պատճառով, որ հավատում են  խոսք-խոստումներին, այլ որովհետև, օրինակ, վերադասի ասածի մեջ փորձում են որսալ  իրենց անձնական ապագային վերաբերվող իրական կամ երևակայական ակնարկները:

 

Զրույցը`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930