Aravot.am-ի հարցին, թե սփյուռքահայ գործարարները վաղը խնդիրներ են բարձրացնելու Հայաստանի կառավարության առաջ, լրագրողների հետ զրույցում նրանք նշում էին մաքսային ոլորտում առկա խոչընդոտների, մենաշնորհների, անհավասար մրցակցային պայմանների մասին, կառավարությունը պատրաստակա՞մ է այդ խնդիրները լուծելու, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը պատասխանեց.
«Կառավարությունը չպետք է միջամտի բիզնես ոլորտին, կառավարությունը պետք է ստեղծի դաշտ, խաղի կանոններ, ինչպես որ բոլոր երկրներում է, ամեն երկիր ունի իր խաղի կանոնները, ոչ մի երկու երկիր չունեն նույն խաղի կանոնները: Մենք էլ ունենք մեր խաղի կանոնները, կառավարության բուն գործն այն է, որ ստեղծի խաղի կանոններն՝ ի շահ Հայաստանի տնտեսության զարգացմանը: Եվ այդ խաղի կանոնները պաշտպանի: Եվ այդ մակարդակով միանշանակ կառավարությունը պատրաստ է»:
Մեր այն հարցին, թե ըստ որոշ գործարարների դժգոհությունների, այդ խաղի կանոնների գործադրումն անհավասար է, այսուհետ հավասա՞ր են լինելու, պարոն Ավակյանը պատասխանեց, որ այդ առումով ֆունկցիոնալ ուղղվածության հիմք գրեթե չկա. «Մեկ հոգի վատ բան, որ ասում է, տասը հազար հոգի խոսում են դրա մասին, որ դա է իրականությունը, բայց իրականությունը դա չէ: Հիմնականում վատը լինում է ոչ թե այն պատճառով, որ խաղի կանոններն անարդար են օգտագործվել, այլ, որ խաղի կանոնները չեն ճանաչում: Ես երբ տեղափոխվեցի այստեղ, Հայաստանի մասին, բնականաբար, ոչինչ չգիտեի, բայց եկա այստեղ՝ մայրս բիզնես բացեց, մենք այդ բիզնեսն աճեցրինք, հետո վաճառեցինք, երկրորդ բիզնեսը բացեցինք, ես իմ բիզնեսը բացեցի, այսինքն՝ խաղի կանոնները ճանաչեցինք: Եթե խաղի կանոններով խաղաս, ոչ ոք ոչ մի բան չի կարող ասել»:
Մեր այն հարցին, թե սփյուռքահայ գործարարները հիմնականում դժգոհություն էին հայտնում, որ այս համաժողովներն այդպես էլ գործնականի չեն վերածվում եւ ժամանակն է որոշումները դարձնել փաստաթղթեր եւ արդեն հաջորդ համաժողովներին արդյունքներից խոսել, այս անգամ կլինի՞ գործնական, պարոն Ավակյանը պատասխանեց. «Այո կբերի, հավատացած եմ, համաժողովն ինքը որպես այդպիսին ինքնանպատակ չպիտի լինի, ինձ թվում է դա բոլորիս համար հասկանալի է, պետք է գործնական քայլերի վերածվի: Մենք գիտենք ոնց պետք անենք, որպեսզի հետեւողական լինենք, որը կդառնա իրական արդյունք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արմեն Ավակ Ավակյանը մասնակցում էր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, որտեղ «Ընտրել Հայաստանը» թեմայով շնորհանդեսին ասաց. «Ստեղծարարությունն ու նորարարությունը հայերին դարձնում են աշխարհում եզակի։ Իսկ հիմա մեր երկիրը կամրջում է Եվրասիական միության 180 եւ Իրանի 80 միլիոնանոց շուկաները։ Ուստի, Հայաստանը զարգացման մեծ ալիքի վրա է. ձեզ հետ, թե առանց ձեզ` դա տեղի է ունենում։ Ընտրությունը ձերն է՝ մասնակցել դրան, թե ոչ»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ