Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը՝ ՌԴ-ի կողմից Հայաստանը մեկուսացման մեջ պահելու մասին. Հայաստան-Սփյուռք համաժողով

Սեպտեմբեր 18,2017 16:57

Այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեցին ՌԴ-ից կողմից մեր հակառակորդներին զենքի վաճառքի մասին, որը Հայաստանը դնում է մեկուսացման մեջ. «Արդյոք միջազգային տարաբնույթ կառույցներում ռուսական օրակարգի եւ դիրքորոշման պաշտպանությունը հայաստանյան պատվիրակությունների կողմից չի՞ նպաստում Հայաստանի մասնակի մեկուսացմանը հենց Ղարաբաղի հիմնախնդրի առումով»:

Նախարարը պատասխանեց, որ ռուսական զենքի վաճառքի մասին Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հրապարակավ արտահայտվել է, հանդիպումների ժամանակ էլ ասել է. «Ասել, որ ՌԴ-ի դիրքորոշումը ՀՀ-ին դնում է մեկուսացման մեջ եւ վնաս է հասցնում մեզ, հատկապես՝ Ղարաբաղի հարցում, դուք երեւի մոտիկից չեք գտնվում այն հայտարարություններին, որ ՀՀ նախագահն է անում, արտգործնախարարն է անում հակառակ դեպքում, դուք այդպիսի հարց չէիք տա»:

Նա ասաց, որ ՌԴ-ն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին մի դիրքորոշում է որդեգրել, որը 5 հայտնի հայտարարությունների մեջ է մարմնավորվում՝ եռանախագահող երկրների նախագահների մակարդակով արված. «Չկա այդպիսի կոնֆլիկտ միջազգային բեմահարթակում, որ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն այդքան մանրամասնորեն համաձայն լինեն, թե ինչպես պետք է այդ կոնֆլիկտը լուծվի, իրենց միացել է նաեւ Ֆրանսիան՝ որոշ առումով ներկայացնելով նաեւ ԵՄ-ն: Բոլոր երկրները տվել են այդ մանդատը, արդյոք դա մեզ դնո՞ւմ է մեկուսացման մեջ, թե՞ Ադրբեջանին: Ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար են այս հայտարարությունները արել: Իրենք առաջարկություններ են անում, որ իսկապես հնարավորություն ստեղծվի խաղաղ կարգավորման: Դուք եթե գիտեք, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եռանախագահողների ամեն հայտարարությունից հետո Հայաստանը ասել է, որ այդ հայտարարություններում պարունակվող սկզբունքների, տառերի հիման վրա պատրաստ ենք շարունակել բանակցությունները, գնալ հիմնախնդրի կարգավորմանը: Իսկ Ադրբեջանն ինչ է անում, մինչեւ այսօր ձեւացնում է, թե այդպիսի հայտարարություններ գոյություն չունեն»:

Սփյուռքահայերից մեկը Էդվարդ Նալբանդյանին ասաց. «Հայաստանի մեջ ուժ մը չկա, որ Արցախը ետ տա, Արցախի ժողովրդի անկոտրում կամքը որոշված է, բայց Նախիջեւանը ինչու չենք պահանջում, մերն է, պիտի պահանջենք»: Նախարարը էմոցիոնալ որակեց սփյուռքահայի խոսքը:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց, թե ինչքան անվստահելի է Ադրբեջանը. «Երբ որ Լապշինը դեռ Բաքվում էր, ինձ հարցրեցին՝ բա Լապշինը մեղայական նամակ է գրել, Ալիեւից ներողություն է խնդրել, շնորհակալություն է հայտնել, ինչպե՞ս կմեկնաբանեք, ես ասեցի՝ այդ հարցին լավ կպատասխանեն Ադրբեջանի քաղբանտարկյալները, որոնք լավ գիտեն ինչպես է հաջողվում այդպիսի նամակներ կորզել: Լապշինը մենակ չէ»:

Նախարարը խոսեց Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի, ԵԱՏՄ մտնելու ՀՀ որոշման, հիմա ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրելու մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930