Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չկար որևէ փաստաբան, որ կարող է ինչ-որ երկյուղ կամ նման զգացմունք ունենար Արա Զոհրաբյանի նկատմամբ». Երվանդ Վարոսյան

Սեպտեմբեր 18,2017 16:49

Գործադուլ հայտարարած փաստաբանները վստահեցնում են, որ բողոքի ակցիան արդյունք տվել է

Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց. «Գործադուլ հայտարարելուց հետո դատական դեպարտամենտը փոխեց իր մոտեցումները. մասնավորապես հստակ հայտարարեց, որ առնվազն քաղաքական և վարչական գործերով զբաղվող փաստաբաններին չեն խուզարկելու և զննելու: Գործադուլի արդյունք է նաև արգելված իրերի ցանկի հաստատումը: Ցանկը հաստատվեց ծիծաղելի տեսքով և ոչ այն մարմնի կողմից, որն իրավասու էր, բայց այն, որ ուշադրությունը խնդրին սևեռվեց, և խնդիրը լուծելու փորձեր են արվում, խոսում է այն մասին, որ գործադուլն իր արդյունքները տվեց»:

Մեր այն հիշեցմանը, թեև ինքն ու մի շարք այլ փաստաբաններ լուրջ դժգոհություններ ունեն ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից, սակայն կան փաստաբաններ, որոնք կարծում են, թե Արա Զոհրաբյանը ուժեղի դիրքերից է հանդես գալիս և գործում է փաստաբանության օգտին: Օրինակ` փաստաբան Մելանյա Առուստամյանը, դիմելով պայքարող փաստաբաններին, այսպիսի հայտարարություն էր տարածել. «Արա Զոհրաբյանի համերաշխության կոչի արձագանքները սպասելի էին: Հարգելիներս, այդպես էլ չհասկացաք, որ համերաշխության կոչ անողն ուժեղի դիրքերից է հանդես եկել, չհասկացաք, որ քննարկման ժամանակ պալատի նախագահի ներկայությամբ և նրա բացակայությամբ ձեր ձայնային ելևէջները փոխված էին: Հիշեք, որ դուք չեք օգտվել այս հնարավորությունից»:

Երվանդ Վարոսյանն այս առիթով ասաց` վաղուց արդեն գաղտնիք չէ, որ  Արա Զոհրաբյանի ենթակաները ներկայացնում են ոչ այլ ինչ, քան նրա կարծիքը: Ուստի ինքը կմեկնաբանի հենց նրա կարծիքը. «Այն, որ ինքը նշում էր, թե ուժի դիրքերից է խոսում կամ, որ սպասելի էր իր համար արձագանքն այսպես կոչված իր ընդդիմախոսների, դա խոսում է նրա մասին, որ իր կողմից հնչած ուժի կամ չգիտեմ ինչի դիրքերից արված կոչն ուղղակի ժամանակի անիմաստ վատնում էր: Եթե գիտեիր արձագանքը, ինչո՞ւ էիր ժամանակ վատնում: Ակնհայտ է, որ այդ կոչի հասցեատերերն այն անձինք չէին, ում ինքը փորձում է որպես հասցեատեր ներկայացնել: Թե ինչ լսարանի էր ուղղված կոչը, ում էր ինչ ուզում ապացուցել, դա իր խնդիրն է»:

Անդրադառնալով Մելանյա Առուստամյանի այն պնդումներին, թե Արա Զոհրաբյանի ներկայությամբ և բացակայությամբ փաստաբանների ձայների ելևէջները փոխված էին, պարոն Վարոսյանը հայտարարեց, թե այդ եզրույթները հասկանալու համար, պիտի գտնվես նմանատիպ հոգեվիճակում. «Այդ օրը դահլիճում չկար որևէ փաստաբան, որ կարող է ինչ-որ երկյուղ, վախ, նման զգացմունք ունենար Արա Զոհրաբյանի նկատմամբ: Մեր պայքարը, որն ուղղված է փաստաբանության փրկությանը, ինքը գնահատում է որպես իր անձի դեմ ուղղված պայքար: Դա իր ինքնագնահատականի` ոչնչով չհիմնավորված գերագնահատումն է: Իրեն թվում է` իր պաշտոնն այնպես կարևոր է, որ մարդիկ կարող է թողնեն իրենց բանն ու գործը և զբաղեցնեն պալատի նախագահի պաշտոնը: Նա չի հասկանում, որ երբ մարդիկ քննադատում են, ուզում են տեսնել ավելի լավ պալատ, ուզում են տեսնել փաստաբանության համար պայքարող փաստաբանների պալատի նախագահի: Իր և իր ենթակաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ չկա հասկացվածություն»:

Փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց, թե Արա Զոհրաբյանը կարծում է, որ ինքն իշխանություն է, և կա ընդդիմություն, որն ուզում է իշխանությունը խլել: Այնուհետև հավաստիացրեց, թե փաստաբանության փրկության համար պայքարող փաստաբանները յուրաքանչյուրն իր տեղը գտել է կյանքում և զբաղվում է իր սիրած գործով:

Մեր այն հարցին` արդյոք չկա՞ կոմպրոմիսային`փոխզիջումային մի լուծման տարբերակ, պարոն Վարոսյանը հայտարարեց, որ կա փաստաբանի արտոնագիր ունեցող 1850 անձ և նրանց հետ ոչ վեճ, ոչ խնդիր չունի:

Դառնալով հաշտությանը` Երվանդ Վարոսյանն ասաց. «Չեմ կարծում, որ առկա է պատերազմական վիճակ կամ անձնական խնդիրներ, որ նստենք ու հաշտվենք: Բազում անգամ ասել եմ, որ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում: Կա գործելաոճ, որ փոխելու կարիք ունի, կա կառույց, որը հիվանդ է և բարեփոխումների կարիք ունի`  առանց մեկ անձի միանձնյա իշխանության: Այդ հարցերն այն հարցերը չեն, որ արհեստական լարվածություն ստեղծելու միտում են ունեցել, որ մեկ օրում կարելի է նստել ու ասել, թե մենք հաշտվում ենք, ինչ լինում է, թող լինի: Նման  խնդիր չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930